19:43  ,  10 փետրվարի, 2018

«Տոտենհեմ» - «Արսենալ». Մարզիչների կարծիքը

Լոնդոնի «Տոտենհեմի» եւ «Արսենալի» գլխավոր մարզիչները Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղից հետո մեկնաբանել են դիմակայությունը: Հիշեցնենք, որ 1:0 հաշվով հաղթել է «Տոտենհեմը»:

«Առաջին խաղակեսում թիմերը լավ էներգիա դրսեւորեցին, սակայն խաղն այնքան կոմպակտ էր, որ դժվար էր գտնել ազատ տարածություն: Մենք գերիշխում էինք, սակայն շատ պահեր չստեղծեցինք: Երկրորդ խաղակեսում ամեն ինչ շատ ավելի լավ էր: Մենք գտանք տարածություն եւ արդեն 20 րոպե անց հաշիվը պետք է լիներ 3:0 մեր օգտին: Եթե դու այսպիսի խաղում չես վերացնում ինտրիգը, կարող ես սպասել վտանգավոր պահերի սեփական դարպասի մոտ:

Ես շատ երջանիկ եմ, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի» եւ «Արսենալի» դեմ խաղերում վաստակեցինք 7 միավոր, ինչը լավ արդյունք է:

Հարի Քեյնը հնաոճ չէ խաղում: Նա մեր ներկան ու ապագան է: Մենք հպարտ ենք, որ նա խաղում է մեր թիմում»,- «Տոտենհեմի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի խոսքը մեջբերում էBBC-ն:

«Առաջին խաղակեսում մենք բաց թողեցինք հակագրոհներից հետո ստացած երեք կամ չորս պահեր: Միշտ չէր ստացվում վերջին փոխանցումը: Նրանց գոլից հետո մենք չկարողացանք վերադարձնել մեր խաղը եւ կարող էինք էլի բաց թողնել: Սակայն վերջին 10 րոպենեին պետք է վերականգնեինք հավասարակշռությունը:

Այս խաղում առանցքային էր լինելու առաջին գոլը: Այն բաց թողեցինք մենք: Քեյնը կարողացավ խփել, եւ դա որակ է: Ես դիտեցի կրկնապատկերը, խախտում չկար: Պարզապես լավ խաղաց կենտրոնական հարձակվողը:

Մենք կարող ենք մեղադրել միայն ինքներս մեզ: Այժմ շատ բարդ կլինի առաջնությունն ավարտել լավագույն քառյակում, բայց մենք պետք է շարունակենք պայքարը», ասել է «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 65-րդ րոպեին:

«Տոտենհեմը» 52 միավորով բարձրացավ երրորդ տեղ: 26 հանդիպում անցկացրած «Լիվերպուլն» ունի 51, «Չելսին»՝ 50 միավոր: «Արսենալը» 45 միավորով 6-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում