16:52  ,  9 փետրվարի, 2018

Հարավային Կորեայի նախագահը ձմեռային Օլիմպիական խաղերը հայտարարեց բացված

Հարավային Կորեայի նախագահ Մուն Դժե Ինը Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը պաշտոնապես հայտարարեց բացված:

Փհենչհան-2018-ի բացման հանդիսավոր արարողությունից ու օլիմպիական շքերթից հետո տեղի ունեցավ պաշտոնական անձանց մասնակցությամբ արարողությունը: Նախ ելույթ ունեցավ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը, իսկ հետո Մուն Դժե Ինը Խաղերը հայտարարեց բացված:

Դրանից հետո նաեւ վառվեց օլիմպիական ջահը: Խաղերի գլխավոր ջահը բոցավառեց գեղասահքի կանանց օլիմպիական չեմպիոն Կիմ Յոն Անը: Օլիմպիական կրակի՝ 100 օր տեւած փոխանցումավազքին մասնակցեց 7500 մարդ, իսկ ջահն անցավ 2018 կմ:

Հայաստանը Փհենչհան-2018-ում ունի 3 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Կատյա Գալստյանը մասնակցել էր նաեւ Սոչի-2014 Օլիմպիական խաղերին: Հայ մարզիկները պայքարի մեջ կմտնեն փետրվարի 13-ին: Առաջինը հանդես կգան Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը:

Փհենչհան-2018-ում 15 մարզաձեւերում կվիճարկվի մեդալների 102 հավաքածու: 

Ֆոտո՝ twitter.com/ap

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում