22:17  ,  31 հուլիսի, 2012

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ. Մեր մարզիկները պատրաստ չէին տակտիկապես

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներից  առաջինը պայքարի մեջ մտան ձյուդոիստներ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանն ու 66 կգ քաշային Արմեն Նազարյանը: Դավթյանը, հաղթանակ տանելով առաջին երեք գոտեմարտերում,  հետագայում երկու պարտություն կրեց եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից, իսկ Արմեն Նազարյանը պարտվեց իր երկրորդ գոտեմարտում եւ նույնպես  դուրս մնաց հետագա պայքարից:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննես Դավթյանի եւ Արմեն Նազարյանի ելույթները մեկնաբանեց ձյուդոյի Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը:

Պարոն Խիթարյան, ի՞նչ գնահատական կտաք մեր ձյուդոիստների ելույթներին:

Անկեղծ ասած՝ մենք մեդալներ ակնկալում էինք, ընդ որում մեր երկու մարզիկներից էլ:  Ճիշտ է, նախաօլիմպիական վերջին տարին մեր տղաների համար հաջող չընթացավ, քանի որ Մեծ սաղավարտի, Գրան պրի մրցումների ընթացքում մերոնք մեդալ չնվաճեցին: Բայց Եվրոպայի առաջնությունը հուսադրեց, քանի որ Հովհաննես Դավթյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Արմեն Նազարյանն էլ պարտվեց նկատողությունների պատճառով: Մենք ենթադրում էինք, որ վրիպումները կշտկվեն, քանի որ դրա համար ժամանակ կար: Ցավոք, Օլիմպիական խաղերում երկու ձյոդոիստներն էլ պարտվեցին եւ երկուսն էլ նկատողությունների պատճառով: Իմ կարծիքով, դա մեր մարզիկների տակտիկական ոչ ճիշտ պատրաստվածության արդյունք էր:

Հովհաննես Դավթյանը իր քաշային կարգում ֆավորիտ էր համարվում ու երեք անընդմեջ հաղթանակ տարավ: Ի՞նչը խանգարեց մեր մարզիկին շարունակություն տալ հաղթանակներին:

Կարելի է մի քանի հանգամանքներ նշել: Առաջինն այն է, որ Հովհաննես Դավթյանը առաջին երեք գոտեմարտերում շատ ուժեղ ձյուդոիստների հետ էր մրցել, քան իտալացի մարզիկը, ում պարտվեց քառորդ եզրափակիչում: Մասնավորապես, երկրորդ գոտեմարտում Դավթյանը հաղթանակի հասավ մրցումների հաղթողի հիմնական հավակնորդներից մեկի՝ ադրբեջանցի Մուշկիեւի նկատմամբ ու հետո հաղթեց ղազախ Կոսաեւին: Իտալացու հետ գոտեմարտի առաջին մասում առավելությունը մեր մարզիկի կողմն էր, իսկ հետո Դավթյանը մի փոքր պասիվացավ ու եկու նկատողություն ստանալով պարտվեց: Ցավոք, մրցավարությունն էլ կարելի է ասել կողմնակալություն դրսեւորեց: Սփոփիչ գոտեմարտի ժամանակ Դավթյանի գցումը նախ գնահատվեց, ապա մեր մարզիկից միավորը հանվեց: Ճիշտն ասած մրցումների ընթացքում ես շատ տեսա, որ նման հնարքները չեն գնահատվում, բայց տեսա նաեւ հակառակը: Ինձ թվում է, մեր մարզիկի «յուկոն»  կար: Բացի այդ էլ մեր մարզիկի ակտիվությունը կար, իսկ մրցակիցը նկատողություն չստացավ: Բացի այդ էլ Դավթյանը պարանոցին հարված ստացավ ու չհասցրեց կարգավորել շնչառությունը: Դրա համար էլ մեր ձյուդոիստին տվեցին երկրորդ նկատողությունը:

Արմեն Նազարյանի համար ի՞նչ կասեք:

Դե պարզ էր, որ Արմենը պետք է հաղթեր առաջին գոտեմարտում: Ինչ վերաբերում է երկրորդ գոտեմարտին, ապա ես իսկական Արմենին տեսա միայն այն բանից հետո, երբ լեհ մարզիկը «վազարի» ստացավ, Արմենը անմիջապես ակտիվացավ ու կարողացավ ինքն էլ նույն կարգի գցում կատարել: Սակայն հետո նորից պասիվացավ ու երկու «շիդո» ստանալով՝ պարտվեց: Նկատողություններով պարտվելը պատահականություն չէ: Ես կարծում եմ, որ մարզչական կազմը չէր կարողացել ինչպես հարկն է պատրաստել տղաներին տակտիկապես: Իսկ ահա ֆունկցիոնալ, ֆիզիկական ու տեխնիկական պատրաստականությամբ մերոնք ոչ մեկի էլ չէին զիջում:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով