21:41  ,  30 հունվարի, 2018

Ռոդչենկով. Պուտինը տեղյակ էր Ռուսաստանի դոպինգային ծրագրի մասին

Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար, Համաշխարհային հակադոպինգային գործակալության իրազեկիչ (WADA) Գրիգորի Ռոդչենկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ունեցել է դոպինգային ծրագիր, որի հետ կապված բոլոր գործողությունները կատարվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իմացությամբ:

«Բոլոր հրամանները գալիս էին երկրի ղեկավարից: Միայն նա կարող էր Անվտանգության դաշնային ծառայության առջեւ դնել այդպիսի խնդիրներ: Պուտինը տեղյակ էր Ռուսաստանի դոպինգային ծրագրի մասին, իսկ Մուտկոն զեկուցում էր նախագահին»,- Ռոդչենկովի խոսքը մեջբերում է gazeta.ru-ն:

Վլադիմիր Պուտինն արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով, որ Ռոդչենկովին «պետք է բանտարկել», փոխանցում է tvc.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռոդչենկովը 2016 թվականին New York Times-ի հետ զրույցում հայտնել էր Ռուսաստանում դոպինգի պետական համակարգի գոյության մասին:

Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ, Ռուսաստանը հակադոպինգային կանոնադրության բազմաթիվ խախտումների համար զրկվել է առանձին պատվիրակությամբ 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին (փետրվարի 9-25-ը, Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում) մասնակցելու իրավունքից:

Ֆոտո. tvc.ru

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում