15:02  ,  26 հունվարի, 2018

Արսեն Վենգերը դեռ չի որոշել, թե երբ է Հենրիխ Մխիթարյանը նորամուտը նշելու «Արսենալում»

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ դեռ չի որոշել, թե երբ է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը նորամուտը նշելու լոնդոնյան ակումբի կազմում:

«Ես դեռ չեմ որոշել: Մենք այդ հարցով որոշում կկայացնենք երկուշաբթի օրը: Մխիթարյանը պատրաստ է խաղալ եւ երեւում է, որ նա հրաշալի ֆուտբոլիստ է: Ես նրան ավելի լավ ճանաչեցի 2-3 օրվա ընթացքում, քանի դեռ մենք պատրաստվում էինք եւ փորձում գտնել նրա օպտիմալ խաղային դիրքը: Մխիթարյանը կիսապաշտպանությունում կարող է խաղալ ցանկացած դիրքում, բայց ոչ որպես պաշտպանողական խաղացող»,- Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է Metro-ն:

Հիշեցնենք, որ «Արսենալը» հաջորդ խաղն անցկացնելու է հունվարի 30-ին՝ Պրեմյեր լիգայի 25-րդ տուրում մրցելով «Սուոնսիի» հետ:

Հունվարի 22-ին Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ եւ ստացել է 7 համարի մարզաշապիկը

Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում