15:06  ,  24 հունվարի, 2018

Հենրիխ Մխիթարյան. Հետաքրքիր կլինի խաղալ Մեսութ Օզիլի հետ

Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը գովեստի խոսքեր է ասել իր ակումբակից Մեսութ Օզիլի հասցեին: Գերմանացի կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

«Գիտեմ, որ «Արսենալը» հրաշալի է խաղում, եւ բոլոր ֆուտբոլիստները միշտ գտնվում են շարժման մեջ: Կփորձեմ գոլային փոխանցումներով ապահովել թիմակիցներիս:

Հետաքրքիր կլինի խաղալ Օզիլի հետ: Բոլորը գիտեն, որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է ու գոլային փոխանցումների արքա: Անհամբերությամբ եմ սպասում այդ պահին:

Ինձ տպավորում է նրա ֆուտբոլային ինտելեկտը, թե ինչպես է նա հասկանում ու կարդում խաղը, տեմպ հաղորդում դրան ու եզրափակում գրոհները»,- Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ եւ ստացել 7 համարի մարզաշապիկը: Այս մրցաշրջանում «Արսենալի» 7 համարը պատկանում էր չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, որին «Մանչեսթեր Յունայթեդը» փոխանակեց Հենրիխ Մխիթարյանի հետ:

Բրիտանական մամուլի համաձայն՝ «Արսենալում» հայ ֆուտբոլիստը կստանա շաբաթական 180 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ եւ կդառնա ակումբի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Ալեքսանդր Լյակազեթից հետո (ֆրանսիացի հարձակվողը ստանում է շաբաթական 200 հազար ֆունտ): «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանը ստանում էր շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ:

Հայ կիսապաշտպանը 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով