21:18  +04,  30 հուլիսի, 2012

Հովհաննես Վարդերեսյան. Աննկարագրելի զգացողություն ունեմ Լոնդոն մեկնելուց առաջ

«Լեւոն Ջուլֆալակյանը մեզ ամեն վայրկյան քաջալերում է։ Ասում է՝ տղերք, սա ձեր մրցումն է: Դուք ջահել եք եւ պետք է ձեզանով անեք Լոնդոնի Օլիմպիական խաղերը»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց  66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական  Հովհաննես Վարդերեսյանը: Նա շարունակում է նախաօլիմպիական մարզումները: Իսկ օլիմպիական մրցագորգ դուրս կգա օգոստոսի 7-ին:

Հովհաննես, ինչպե՞ս ես նախապատրաստվում գլխավոր մեկնարկին:

Մարտական տրամադրություն ունեմ: Ես պարտավոր եմ լավ մասնակցել: Պարտավորված եմ ինձ զգում մեդալով վերադառնալ:

Քեզ ինչ-որ բան անհանգստացնո՞ւմ է:

Ոչինչ ինձ չի անհանգստացնում:  Չեմ ցանկանում ժամանակից շուտ եւ անմիաստ ինձ անհանգստացնել: Այս հանգստությունն ինձ տվել է մեր մարզիչը՝ Լեւոն Ջուլֆալակյանը: Չեմ մտածում, որ մասնակցում եմ Օլիմպիական խաղերին: Այլ մտածում եմ, որ մասնակցում եմ սովորական մրցման:

Իսկ ուժերիդ վրա վստա՞հ ես:

Աննկարագրելի զգացողություն ունեմ Լոնդոն մեկնելուց առաջ: Ճիշտ է, հանգիստ եմ ներքուստ, բայց չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ է ինձ հետ կատարվում: Երբ փոքր էի, հեռուստացույցով կլանված հետեւում էի օլիմպիականների ելույթներին, ու թաքուն երազում էի, որ մի օր էլ ես լինեմ իրենց տեղը: Թվում է, թե երջանկությունից պետք է փայլեմ, բայց պատասխանատվության զգացումը թույլ չի տալիս:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ ես:

Մարզումներում եւ մրցագորգի վրա նա մեր մարզիչն է, մեր խիստ եւ պահանջկոտ մարզիչը: Գորգից դուրս նա մեր ընկերն է, խորհրդատուն, բարի եւ նվիրված ընկերը, մեզանով ապրող եւ անհանգստացող ընկերը: Կարծում եմ՝ այսպես էլ պետք է լինի մարզիկ-մարզիչ հարաբերությունները:

Ի՞նչ խորհուրդներ է նա ձեզ տալիս:

Ամեն անգամ երեկոյան զրույցների ժամանակ ասում է՝ տղերք, սա ձեր մրցումն է: Դուք ջահել եք եւ պետք է ձեզանով անեք այս մրցումը: Ամեն կերպ մեզ բացատրում է եւ հավատ ներշնչում մեր ուժերի հանդեպ:

Իսկ նրանից բացի էլ ո՞վ է քեզ ուժ տալիս:

Ընտրյալս: Ունեմ հրաշալի ընկերուհի: Ու օր օրի համոզվում եմ, որ նա է իմ կյանքի ուղեկիցը: Այս օրերին նա ինձ շատ է օգնում: Նա յուրահատուկ վերաբերմունք ունի իմ ընտրած մարզաձեւի հանդեպ: Չգիտեմ ինչից է, գուցե իմ հանդեպ սիրուց է, կամ էլ նրանից, որ իր եղբայրն էլ ըմբիշ է, Եվրոպայի չեմպիոն: Նա հասկանում է, որ ես պարբերաբար պետք է բացակայեմ, իմ ամբողջ ուշադրությունը նվիրեմ ըմբշամարտին եւ մրցումներին:

Օլիմպիական մրցելույթիցդ հետո ո՞ւմ կզանգես առաջինը եւ կպատմես ապրումներիդ մասին:

Առաջին տպավորություններով կկիսվեմ ընկերներիս եւ շրջապատիս հետ, ապա՝ ծնողներիս հետ:

Իսկ ընկերուհո՞ւդ հետ:

Նրա հետ կզրուցեմ վերջում:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ