Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Պորտուգալիայում ընթացող Trofeu Internacional de Anadia միջազգային մրցաշարում նվաճել է արծաթե մեդալ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Պորտուգալիայից հայտնեց Էդգար Ստեփանյանը:
Պորտուգալիայի Անադիա քաղաքում դեկտեմբերի 15-ին կայացած միջազգային մրցաշարում Էդգար Ստեփանյանը արծաթե մեդալը նվաճել է մինչեւ 23 տարեկանների մեջ` 60 շրջան սկրեչ մրցաձեւում:
«Շատ բարդ պայքար ընթացավ այսօր: Ոսկե մեդալը նվաճեց Պորտուգալիայի ներկայացուցիչը: Այստեղ ամեն երկրից շուրջ 4 հեծանվորդ կար, որոնք օգնում էին իրար: Իսկ ես միայնակ պայքարում էի նրանց դեմ եւ կարողացա արծաթե մեդալ նվաճել, այդ թվում եւ շատ կարեւոր միավորներ վաստակել: Վարկանիշով նախնական տվյալներով սկրեչ մրցաձեւում կլինեմ 14-րդը աշխարհում:
Այս մրցաշարին ինձ հետ մեկնարկի էր դուրս եկել նաեւ աշխարհի գավաթակիրը, ով ինձ հաղթեց Լեհաստանում: Իսկ այսօր այստեղ նա գրավեց 4-րդ տեղը:
Պորտուգալիայում եւս մեկ մեկնարկ ունեմ`դեկտեմբերի 16-ին: Կմասնակցեմ 4 կմ խմբակային վազքին: Այս պահին չեմ կարող հստակ ասել, թե քանի միավոր վաստակեցի, բայց կարեւորն այն է, որ միավորներ վաստակեցի»,- ասաց Էդգար Ստեփանյանը:
Հայաստանի առաջատար հեծանվորդը մինչ այս մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկության միայն առաջին փուլին, որտեղ կրկին նվաճել էր արծաթե մեդալ: Մյուս փուլերը Ստեփանյանը բաց էր թողել Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի ֆինանսական խնդիրներ պատճառով: Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներով, որոշվելու են 2018 թվականի փետրվարին կայանալիք աշխարհի առաջնության մասնակցության իրավունք նվաճած լավագույն 24 հեծանվորդները:
Նշենք նաեւ, որ Էդգար Ստեփանյանն իր մարզական կարիերայում առաջին անգամ լավագույն մարզիկների տասնյակի թեկնածուների շարքում է` 22-րդ համարը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում