00:35  ,  26 նոյեմբերի, 2017

Լեւոն Արոնյանն ու հավակնորդների մրցաշարի բոլոր մասնակիցները

Իսպանական Մալյորկայում անցկացված ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի վերջին՝ չորրորդ փուլից հետո հայտնի դարձան 2018-ին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բոլոր՝ 8 մասնակիցները:

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի մրցակիցը համաշխարհային թագի համար հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանից բացի կպայքարեն՝ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան):

ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին մրցաշարում Լեւոն Արոնյանը 9 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ ռուս Դմիտրի Յակովենկոյի հետ բաժանել էր 1-2-րդ տեղերը: Արոնյանի եւ Յակովենկոյի միջեւ անցկացվեց թայ-բրեյք, որում ավելի ուժեղ գտնվեց ռուս գրոսմայստերը: 3-9-րդ տեղերը բաժանած շախմատիստները վաստակել էին 5-ական միավոր:

9 պարտիաներում Լեւոն Արոնյանը հաղթեց հոլանդացի Անիշ Գիրիին ու ռուսաստանցի Էրնեստո Ինարկիեւին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, չինացի Դին Լիրենի, հունգարացի Ռիչարդ Ռապորտի ու ռուսաստանցիներ Դմիտրի Յակովենկոյի, Պյոտր Սվիդլերի եւ Եվգենի Տոմաշեւսկու ու ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավուն պետք է ստանային ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած շախմատիստները: Լեւոն Արոնյանն ուղեգիրը նվաճել էր աշխարհի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում