00:18  ,  26 նոյեմբերի, 2017

ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյանը բաց թողեց չեմպիոնությունը

Լեւոն Արոնյանը բաց թողեց իսպանական Մալյորկայում ավարտված ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարի հաղթողի կոչումը:

Մինչեւ վերջին տուրը հայկական շախմատի առաջատարը միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն 9-րդ տուրում ռուս Դմիտրի Յակովենկոն սեւերով հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ հայ գրոսմայստերի պես մրցաշարն ավարտեց 5.5 միավորով: 1-2-րդ տեղերը բաժանած Լեւոն Արոնյանի եւ Դմիտրի Յակովենկոյի միջեւ անցկացվեց թայ-բրեյք, որում ավելի ուժեղ գտնվեց ռուս գրոսմայստերը:

Հիշեցնենք, որ 3-9-րդ տեղերը բաժանած շախմատիստները վաստակել էին 5-ական միավոր:

9 պարտիաներում Լեւոն Արոնյանը հաղթեց հոլանդացի Անիշ Գիրիին ու ռուսաստանցի Էրնեստո Ինարկիեւին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, չինացի Դին Լիրենի, հունգարացի Ռիչարդ Ռապորտի ու ռուսաստանցիներ Դմիտրի Յակովենկոյի, Պյոտր Սվիդլերի եւ Եվգենի Տոմաշեւսկու ու ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարին Լեւոն Արոնյանից բացի մասնակցում էին նաեւ՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էրնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա): 

ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Մինչեւ այս մրցաշարն ուղեգիր նվաճել էին Լեւոն Արոնյանը, չինացի Դին Լիրենը եւ ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինն ու Վլադիմիր Կրամնիկը: Հայ գրոսմայստերն ուղեգիրը նվաճել էր աշխարհի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում