11:15  ,  24 նոյեմբերի, 2017

Ռոբինյոն հերքել է խմբակային բռնաբարության մեղադրանքը եւ կբողոքարկի

Խմբակային բռնաբարության մասնակցելու մեջ մեղավոր ճանաչված եւ 9 տարով ազատազրկված Ռոբինյոն չի ընդունել իր մեղքը: Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» ու իտալական «Միլանի» նախկին հարձակվողը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը:

The Irish Times-ի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստի փաստաբաններն արդեն պատրաստել են բողոքարկման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

«Կասեմ առաջին ու վերջին անգամ: Ես սիրում ու հարգում եմ ընտանիքս, եւ երբեք չեմ մասնակցել նման բաների: Ինձ ճանաչողները գիտեն, թե ինչպիսի մարդ եմ: Ես ունեմ անկրկնելի կին ու երեխաներ, որոնք հավատում են ինձ»,- ասել է Ռոբինյոն:

Ավելի վաղ նշվում էր, որ հանցագործությունը տեղի է ունեցել 2013թ. հունվարի 22-ին Միլանում: Ռոբինյոն ու եւս հինգ տղամարդ միլանյան դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել 22-ամյա ալբանացի կնոջ բռնաբարության մեջ: Ռոբինյոն անցած տարի չինական «Գունաչժոու Էվերգրանդից» տեղափոխվել բրազիլական «Աթլետիկո Մինեյրո»:

Բրազիլացի հարձակվողը «Միլանում» հանդես եկել է 2010-2015 թվականներին:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում