18:49  ,  20 նոյեմբերի, 2017

Հռիփսիմե Խուրշուդյանը կվերադառնա մեծ սպորտ

Հռիփսիմե Խուրշուդյանը 2018 թվականի մայիսին կվերադառնա մեծ սպորտ:  Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, որտ նոյեմբերի 16-ին մասնակցել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) հերթական նիստին:

Հայաստանի հավաքականի ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանը, Տիգրան Մարտիրոսյանը եւ Նորայր Վարդանյանը որակազրկվել էին դոպինգ նմուշների վերահետազոտման արդյունքների հիման վրա: Մարզիկները Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերից առաջ որակազրկվեցին եւ զրկվեցին Օլիմպիական խաղերին, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունքից: Մինչեւ հիմա պարզ չէր հայ մարզիկների որակազրկման ժամկետները: Նոյեմբերի 16-ին կայացած IWF-ի հերթական նիստում սահմանվել է մարզիկների որակազրկումների վերջնաժամկետը:

«Այս պահին կա հստակ որոշում, որ Տիգրան Մարիտրոսյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը 2018 թվականի մայիսից ազատ են: Նրանց միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքի ժամանակավոր կասեցման վերջնաժամկետը մայիսն է: Սա Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համատեղ որոշումն է: Փաստորեն, Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տիգրան Մարտիրոսյանը որակազրկվեցին 2 տարով:

Մենք զրուցեցինք Տիգրան Մարտիրոսյանի հետ, նա հայտարարեց, որ չի ցանկանում շարունակել մարզվել, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը պատրաստակամություն հայտնեց շարունակել մարզումները»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Երեքից շատ որակազրկված մարզիկ ունեցող հավաքականները սեպտեմբերի 30-ին Բուխարեստում կայացած IWF նիստի որոշմամբ, որակազրկվել էին մեկ տարով եւ զրկվել 2017 թվականի աշխարհի առաջնության մասնակցության իրավունքից: Այդ երկրների թվում էր նաեւ Հայաստանը:

Անդրադառնալով Հայաստանի հավաքականի որակազրկման ժամկետներին, ՀԾՖ գլխավոր քարտուղարը նշեց, որ թիմերը կորակազրկվեն 8-10 ամսով:

«Նախ նշեմ, որ սա որակազրկում չէ, սա ժամանակավոր կասեցում է: Այսինքն՝ Հայաստանի ծանրամարտի հավաքականների մասնակցությունը միջազգային մրցաշարերում ժամանակավոր կասեցված է: Ժամկետները 10 եւ 8 ամիս են: Մեծահասկների հավաքականների կասեցումը 10 ամիս է, իսկ երիտասարդներինը՝ 8 ամիս: Այս ժամկետները դեռեւս քննարկման փուլում են: Նոյեմբերի 25-ին կայանալու է IWF-ի եւս մեկ նիստ, որից հետո պաշտոնապես կհայտարարեմ ժամկետները»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

ՄՕԿ-ի պահանջով ՀԱՕԿ-ը պետք է վերադարձնի Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերում Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Պեկին-2008-ում Տիգրան Մարիտրոսյանի նվաճած բրոնզե մեդալները: Հռիփսիմե Խուրշուդյանն արդեն վերադարձրել է իր օլիմպիական բրոնզե մեդալը ՀԱՕԿ-ին, իսկ Տիգրան Մարտիրոսյանը հրաժարվում է վերադարձնել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս