23:12  ,  19 նոյեմբերի, 2017

Ժոզե Մոուրինյոն՝ Պոգբայի ու Իբրահիմովիչի վերադարձի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել «Նյուքասլի» նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակն անգլիական Պրեմյեր լիգայի 12-րդ տուրի խաղում՝ խոսելով նաեւ վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած Պոլ Պոգբայի եւ Զլատան Իբրահիմովիչի մասին:

«Գոհ եմ մեր խաղից ու վնասվածք ստացած խաղացողների վերադարձից: Ուրախ եմ հատկապես Զլատան Իբրահիմովիչի համար, քանի որ նա հաղթահարեց ծանր վնասվածքը: Նրան խաղադաշտում տեսնելն անչափ հաճելի է:

Պոլ Պոգբան այլ կարգի ֆուտբոլիստ է: Նա ու Նեյմանյա Մատիչը դարձան թիմի շարժիչը: Մինչեւ հոգնելը Պոգբան իր հետեւից տանում էր խաղն ու ամեն բան վերահսկում»,- BT Sport-ի եթերում ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Մոուրինյոն նշել էր, որ նման որոշում է կայացրել մարտավարական պատճառներով:

Մանչեսթերում կայացած խաղում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 12 խաղերը բաց թողնելուց հետո հանդես եկավ մեկնարկային կազմում:

77-րդ րոպեին փոխարինման էր դուրս եկել նաեւ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը ծնկի ծանր վնասվածքից հետո առաջին անգամ էր ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում: 36-ամյա Իբրահիմովիչը խաղադաշտից բացակայում էր ապրիլից, երբ ստացել էր ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում