16:58  ,  28 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայաստանի միակ օլիմպիական մարմնամարզիկը վնասվածք է ստացել

30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող միակ մարմնամարզիկն Արթուր Դավթյանն է, որը հուլիսի 28-ին մեկնարկեց որակավորման փուլում։

Ազատ վարժություններում Արթուր Դավթյանը գրավեց 18-րդ տեղը, նժույգի վարժություններում՝ 10-րդ տեղը, օղակների վրա՝ 19-րդ տեղը, հենացատկի առաջին փուլում՝ 4-րդ տեղը, զուգափայտերի վարժություններում՝ 14-րդ տեղը, պտտաձողի վարժություններում՝ 19-րդ տեղը։

Արթուր Դավթյանը բոլոր վարժությունների հանրագումարում գրավեց 8-րդ տեղը։

Ելույթից հետո Արթուր Դավթյանի հետ զրուցել է NEWS.am Sport-ի թղթակիցը։

Արթուր, ինչպե՞ս ես գնահատում ելույթդ:

Ելույթս գնահատում եմ նորմալ: Արեցի այն, ինչ կարողացա, միայն թե վերջում ոտքի վնասվածք ստացա եւ դա ինձ կաշկանդեց: Ընթացքում ոտքս դիպավ գործիքին եւ ուժեղ ցավ զգացի: Այնուհետեւ ցավը գնալով ուժեղացավ եւ սկսեց արդեն զգացնել: Ավարտեցի ելույթս: Այդ պահին միայն մտածում էի, որ ցավը չխանգարի ինձ` ավարտեմ ելույթս: Այնքան ուժեղ էր ցավը, որ վերջում արդեն չէի կարողանում քայլել:

Իսկ ի՞նչն էր վնասվածքիդ պատճառը:

Պատճառը մարզագործիքների չորությունն էր: Հայաստանում, մեր մարզագործիքներն ավելի փափուկ են, որովհետեւ հին են եւ մաշված: Իսկ մաշվածության հաշվին դրանք փափկում են: Այս մարզագույքը չոր էր, քանի որ նոր էր: Երբ ոտքս դիպավ, այդ չորությունն ուժեղ ցավեցրեց:

Արթուր, ելույթ ունեցա՞ր քո հնարավորությունների սահմանում, թե՞ ավելի ցածր:

Վնասվածքի պատճառով՝ ավելի ցածր: Շատ խանգարեց ինձ այդ ցավը: Եթե ոտքս չցավեցնեի, ավելի վստահ կլինեի, որ անցել եմ եզրափակիչ: Հիմա մի փոքր կասկածում եմ: Պատասխանը ավելի ուշ կլինի: Ավագ մարզիչս` Սոսի Սարգսյանը եւս գոհ է իմ ելույթից: Ամեն ինչ պարզ կլինի քիչ ավելի ուշ: Եթե անցնեմ եզրափակիչ, արդեն ավելի ուշադիր կլինեմ:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով