19:41  AMT,  16 նոյեմբերի, 2017

Արամ Ավագյան. Հնարավոր է՝ Տոկիո-2020-ի համար վերադառնամ սիրողական ռինգ, բայց հիմա մտածում եմ միայն պրոֆեսիոնալի մասին

Շատ հնարավոր է՝ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի համար վերադառնամ եւ փորձեմ այնտեղ իրագործել օլիմպիական երազանքս, որը Ռիո-2016-ում չստացվեց: Բայց այս պահին դեռեւս մտածում եմ միայն պրոֆեսիոնալ ռինգի մասին:          

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի 2012թ.Եվրոպայի փոխչեմպիոն, 2015թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2015թ. Հայաստանի լավագույն 10 մարզիկներից 56 կգ քաշային, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Արամ Ավագյանը, որը Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո արդեն 5 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում (5 հաղթանակ): Հանդես է գալիս մոսկովյան PUNCH boxing promotion ակումբում: Իսկ այս օրերին պատրաստվում է իր հերթական մենամարտին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 24-ին Իսպանիայում:

Արամ, ինչո՞ւ որոշեցիր անավարտ թողնել օլիմպիական երազանքդ եւ տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ:

Երբ արդեն սկսեցի հասկանալ՝ ինչ է բռնցքամարտն ինձ համար, այդ շրջանից որոշել էի, որ 25 տարեկանը լինելու է սիրողական բռնցքամարտում լինելուս վերջնաժամկետը: Սովորաբար բռնցքամարտիկները պրոֆեսիոնալ տեղափոխվում են Օլիմպիական խաղերից հետո՝ օլիմպիական մեդալ նվաճելուց հետո: Ես էլ այդպիսի նպատակ ունեի եւ Ռիոյում իմ գերնպատակը օլիմպիական մեդալակիր դառնալն էր, որից հետո արդեն կտեղափոխվեի պրոֆեսիոնալ ռինգ: Ինձ չհաջողվեց օլիմպիական մեդալ նվաճել, բայց որ Ռիոյից հետո պետք է հեռանայի սիրողականից, շատ վաղ տարիքից էի որոշել: Ես չեմ ուզում լինել «գործիք» այս մարզաձեւում, չարչարվեմ-մաշվեմ, անարդյունք մաշվեմ-գնամ, իսկ ինձ փոխարինեն մեկ այլ «գործիքով»:  Արդեն ժամանակն է, որ ես իմ ընտրած մասնագիտությամբ զբաղվեմ, տիտղոսներ նվաճեմ եւ գումար վաստակեմ:

Մեկնաբանիր Մոսկվայում կայացած նախորդ մենամարտդ:  

Մենամարտս շատ լավ ստացվեց: Ժամանակից շուտ հաղթեցի տեխնիկական նոկաուտով: Մրցակցիս հասցրել էի ուսումնասիրել: Հենց առաջին ռաունդից իմ առջեւ նպատակ էի դրել, որ հակառակորդիս որովայնի վրա աշխատեմ: Առաջին ռաունդից մեկ րոպե էր անցել եւ հարվածս հասավ նպատակին, ինչի արդյունքում մրցակիցս նոկդաունի ենթարկվեց: Մենամարտն ավարտեցի երրորդ ռաունդում: Կարող էի ավելի շուտ ավարտել՝ հենց առաջին ռաունդում, բայց մարզիչիս խորհուրդները լսելով՝ աստիճանաբար ճնշումը մեծացրեցի եւ երրորդ ռաունդում 2 անգամ նոկդաունի ենթարկելով հաղթանակ տարա:

Մրցակի՞ցդ էր թույլ, թե՞ դու էիր ուժեղ:

Չեմ կարծում, թե մրցակիցս թույլ էր, ուղղակի ես նրան լավ էի ուսումնասիրել եւ այն, ինչ մտածել էի եւ ինքս իմ մեջ մշակել էի, օգնեց, որ մրցակիցս խառնվի իրար եւ շուտ հանձնվի: Ես նրա ամենաթույլ տեղին հարվածեցի՝ որովայնին: Իսկ հարվածը որովայնին արդեն մարզիկի մոտ ամեն ինչ խառնում է իրար, շնչառությունը, մնացած օրգանների աշխատանքը: Որովայնին հարված ստանալուց հետո մարզիկի մոտ սկսվում է ժամանակից շուտ շնչահեղձ վիճակ: Այսինքն՝  իմ առջեւ դրված խնդիրը մարզիչիս հետ լուծեցինք:

Մարզիչ Դավիթ Թորոսյանն ինչպե՞ս է գնահատում հաղթանակներդ: Գո՞հ է քո մրցելույթներից:

Դավիթ Թորոսյանն ասում է, արդեն ինձ մոտ «set up» է եղել ակցենտով հարվածները: Նրա խոսքով, ամեն մենամարտին նկատելի է դառնում տեխնիկական ու տակտիկական աճը, հարվածներս ավելի դիպուկ են դառնում: Մարզիչիս այս կարծիքն ինձ իրականում շատ է ոգեւորում: Ես արդեն ունեմ 5 մենակարտ, 5-ում էլ հաղթանակ եմ տոնել: Այս հաղթանակներն ինձ ավելի մեծ մոտիվացիա են տալիս: Ճիշտ է, անհամեմատելի է պրոֆեսիոնալ ռինգում տարածս առաջին հաղթանակի հետ, բայց ես դուրս եմ գալիս ռինգ մեկ նպատակով՝ հաղթելու, բայց ոչ թե հաղթելու հենց այս մի մենամարտը, այլ հաղթահարելու աշխարհի չեմպիոնի գոտին նվաճելու բարդ ճանապարհն ու պրոֆեսիոնալ ռինգում որեւէ վարկածով, շատ կուզեի WBO  աշխարհի չեմպիոն հռչակվելով:

Իսկ դու ինքդ մենամարտից մենամարտ աճ զգո՞ւմ ես:

Միանշանակ: Զգում եմ, որ հարվածներս ավելի ծանր են դառնում մենամարտից մենամարտ: Նույնսիկ սիրողական բռնցքամարտում ես երբեք այսպիսի հարվածներ չեմ տվել: Տեղափոխվելով պրոֆեսիոնալ բռնցքամարտ, ես ասես նորովի եմ բացահայտում բռնցքամարտն առհասարակ: Դավիթ Թորոսյանի մարզումների արդյունքնում ես այնքան նրբությունների եմ սովորել այս ընթացքում ու հասկացել, որ շատ տեխնիկա-տակտիկական տարրեր, սիրողական բռնցքամարտում լինելով, չեմ իմացել:

Սիրողականում տարած հաղթանակներն ու պրոֆեսիոնալում ունեցած նոր հաղթանակներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից:

Յուրաքանչյուր հաղթանակ եւս մեկ քայլ է դեպի իմ նպատակ: Իմ բոլոր քայլերը բռնցքամարտում տանում են դեպի տիտղոսը, գոտին: Ամեն հաղթանակից հետո մեծ ոգեւորություն եմ ապրում, ինչն էլ ինձ ուժ է տալիս առաջ շարժվել: Հաղթանակների մեջ երբեք տարբերություն չեմ դնում: Յուրաքանչյուր հաղթանակի հետեւում կա թիմային աշխատանք, քո աշխատանքը, երկար մարզումներ: Ինձ համար հաղթանակը նույն հաղթանակն է, քանի որ երկու դեպքում էլ ես ներկայացրել եմ Հայաստանը եւ ինձ համար մեծ պատիվ է եղել Հայաստանի համար հաղթանակ կերտելը: Չեմ կարող ասել, թե զգացողություններս ինչպիսին կլինեն, երբ հասնեմ իմ նպատակին մեծ սպորտում՝ աշխարհի չեմպիոն դառնամ, գուցե այդ ժամանակ հենց այդ հաղթանակն ամենատարբերվողը լինի իմ կյանքում:

Քո կյանքում շատ են եղել նաեւ պարտություններ: Հաղթանակն է ավելի մեծ ուժ տալի՞ս, թե՞ պարտությունը:

Ես կասեի պարտությունը, եթե դու իսկապես մարզիկ ես, մարտիկ ես, բռնցքամարտիկ ես: Պարտությունը մեծ հարված է մարզիկի համար, շատ է ընկճում, բայց մարզիկը պետք է ուժ գնտի, այդ պարտության միջով անցնի եւ նորից դուրս գա պայքարի: Ես այդպիսի պարտություն ունեցել եմ, որն ինձ իսկապես մեծ ուժ տվեց. 2014 թվականի Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարն էր Հայաստանում: Ես մի քաշ վերեւ էի բռնցքամարտում եւ դա բացարձակ իմ քաշը չէր, բայց ես ինչ-ինչ պատճառներով պարտվեցի: Այդ պարտությունից հետո շատ հետեւություններ եմ արել եւ ամիսներ անց կարողացա իմ մեջ ուժ գտնել ու Եվրոպայի առաջնությունից վերադարձա մեդալով:  

Ե՞րբ քեզ կտեսնենք գոտու համար պայքարում:

Կարծում եմ երկար չենք սպասի եւ շուտով գոտու համար կմենամարտեմ: Ես չեմ շտապում, բայց չեմ էլ ուզում շատ ուշ լինի, քանի որ ես չգիտեմ, թե դեռ քանի տարի կմենամարտեմ, քանի տարի կարող եմ իմ մարզավիճակի գագաթնակետին լինել, իսկ բռնցքամարտիկի կյանքը ռինգում շատ կարճ է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...