19:51  AMT,  13 նոյեմբերի, 2017

Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ազգային թիմի հետ եւ հաղթեց 3:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը բելառուսների դեմ նախորդ խաղի համեմատ մեկնարկային կազմում կատարել էր 5 փոփոխություն, իսկ թիմը հանդես էր գալիս 4-4-1-1 տակտիկական սխեմայով: Հենրիխ Մխիթարյանը դարձյալ հանդես էր գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում:

Դաշտի տերերն ակտիվ սկսեցին կիսադատարկ ստադիոնում անցնող խաղը եւ կարող էին խփել արագ գոլ, սակայն Գեղամ Կադիմյանի ու Մարկոս Պիզելիի՝ դարպասը գրավելու փորձերը հաջողությամբ չավարտվեցին: 7-րդ րոպեին հայկական թիմը տուգանային հարվածի իրավունք ստացավ հարմար դիրքում, բայց Ռուսլան Կորյանի հարվածը բարձր ստացվեց:

Սկզբնամասում խաղն անցում էր հավասար պայքարում՝ փոխնիփոխ գրոհներով: 17-րդ րոպեին Հայաստանի հավաքականը բացեց հաշիվը:

Հենրիխ Մխիթարյանի իրացրած տուգանային հրավածից հետո հյուրերի դարպասապահը շատ անհաջող գործեց, ինչից հետո գնդակը Հայկ Իշխանյանից հայտնվեց դարպասում՝ 1:0: Դա «Գանձասար-Կապանի» պաշտպանի առաջին գոլն էր ազգային թիմի կազմում:

Խաղակեսի միջնամասում հայկական թիմն ավելի լավ տեսք ուներ, բայց հիմնականում փորձում էր գրոհել կենտրոնով: Հյուրերի գրոհները շատ պարզունակ էին, եւ Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասի մոտ գոլային պահեր չկային: 28-րդ րոպեին վտանգավոր ստացվեց օրվա հոբելյար Ռումյան Հովսեփյանի հարվածը, իսկ գնդակն ընթացավ փոքր շեղությամբ:

38-րդ րոպեին գնդակը երկրորդ անգամ հայտնվեց Կիպրոսի հավաքականի դարպասում: Դաշտի տերերը շատ հաջող խաղարկեցին անկյունային հարվածը, իսկ անպաշտպան դարպասը գրավեց ռուսական «Ուրալի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը՝ 2:0:

Խաղակեսի վերջնամասում կիպրոսցիները խաղարկեցին վտանգավոր տուգանային հարված, թեեւ հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց, եւ թիմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի ժամանակ:

Ընդմիջումից անմիջապես հետո տանտերերը կարող էին խփել երրորդ գոլը: 46-րդ րոպեին գոլային պահ ունեցավ Մարկոս Պիզելիի փոխարեն դաշտ դուրս եկած Տիգրան Բարսեղյանը, որի հարվածը բարձր ստացվեց: Քիչ անց հյուրերը կրճատեցին հաշիվը: Այս խաղում իրենց առաջին իրական գոլային պահը կորցնելուց անմիջապես հետո Կիպրոսի հավաքականը խփեց գոլ, որն իր անվան դիմաց գրանցեց բելգիական «Ստանդարտի» պաշտպան Կոնստանտինոս Լաիտիսը՝ 2:1:

54-րդ րոպեին Հայաստանի թիմի գեղեցիկ գրոհը եզրափակելու բախտ վիճակվեց Ռուսլան Կորյանին, որի հարվածից հետո պաշտպանը դարպասային գծից հեռացրեց գնդակը: Երկրորդ խաղակեսն ընթանում էր հետաքրքիր պայքարում, եւ գնդակը գրեթե չէր մնում դաշտի կենտրոնում: 61-րդ րոպեին հանդիպման վրացի գլխավոր մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց Կիպրոսի հավաքականի դարպասին, ինչից հետո դաշտում թեթեւ քաշքշուկ տեղի ունեցավ խաղացողների միջեւ: Կրքերը շատ արագ հանդարտվեցին, իսկ 11 մետրանոցը հստակ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը, որը բելառուսների դեմ նախորդ խաղում չէր կարողացել 11 մետրանոցից գրավել դարպասը: 63-րդ րոպեին Արթուր Պետրոսյանը կատարեց կրկնակի փոխարինում, իսկ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց ենթահարձակվողի դիրք: Խաղակեսի միջնամասում կիպրոսցիներն ավելի շատ էին լինում գնդակով, թեեւ իրական գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում: Մի շարք փոխարինումներից հետո Կիպրոսի հավաքականի խաղը զգալիորեն փոխվեց, իսկ հայկական թիմն աչքի էր ընկնում վստահ պաշտպանությամբ: Հյուրերն աստիճանաբար մեծացնում էին տարածքային առավելությունը, իսկ Հայաստանի հավաքականը անցել էր երկրորդ համարով խաղին եւ հազվադեպ էր գրոհում: Զգալով մրցակցի կողմից ճնշումը՝ Արթուր Պետրոսյանը 79-րդ րոպեին փոխարինեց նաեւ Հենրիխ Մխիթարյանին եւ անցավ 5 պաշտպաններով սխեմային, ինչպես բելառուսների դեմ նախորդ խաղի երկրորդ խաղակեսում:

Վերջնամասում կիպրոսցիները կարողացան խաղային առավելությունը վերածել գոլի՝ հաշիվը կրճատելով 89-րդ րոպեին: Աչքի ընկավ դանիական «Կոպենհագենի» հարձակվող Պիերոս Սոտիրիուն, սակայն ավելին անել հյուրերին չհաջողվեց: Կիպրոսի հավաքականը կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական խաղ էր անցկացրել նաեւ Բելառուսի թիմի հետ եւ առավելության հասել 4:1 հաշվով: Դրանից առաջ Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը չէր հաղթել 5 հանդիպում անընդմեջ՝ կրելով 4 պարտություն:

Կիպրոսի հավաքականն էլ օրեր առաջ Գորիում ընկերական խաղում մրցել էր վրացիների հետ եւ պարտություն կրել նվազագույն հաշվով:

Ընկերական հանդիպում

Հայաստան - Կիպրոս՝ 3:2

Հայկ Իշխանյան, 17, Վարազդատ Հարոյան, 38, Հենրիխ Մխիթարյան, 63 (11մ) – Կոնստանտինոս Լաիտիս, 50, Պիերոս Սոտիրիու, 89

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Կամո Հովհաննիսյան (Արտյոմ Սիմոնյան, 75), Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Գագիկ Դաղբաշյան, Ռումյան Հովսեփյան, Հենրիխ Մխիթարյան (Գաել Անդոնյան, 79), Էդգար Մալաքյան (Արտակ Եդիգարյան, 63), Գեղամ Կադիմյան (Արաս Օզբիլիս, 71), Մարկոս Պիզելի (Տիգրան Բարսեղյան, 46), Ռուսլան Կորյան (Արտակ Գրիգորյան, 64):

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...