20:06  AMT,  4 նոյեմբերի, 2017

«Արցախի» տնօրեն. Ադրբեջանի բասկետբոլի ֆեդերացիան Հայաստանի դեմ բողոքով դիմել է ՖԻԲԱ-ին

Բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի կանոնավոր առաջնության խաղերը նաեւ Արցախում անցկացնելու պատճառով Ադրբեջանի բասետբոլի ֆեդերացիան դիմել է Բասկետբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻԲԱ)՝ Հայաստանին պատժելու պահանջով, քանի որ ըստ նրանց, Արցախում իրավունք չունենք անցկացնել Հայաստանի առաջնության խաղեր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի «Արցախ» բասկետբոլային ակումբի սպորտային տնօրեն Արեգ Վաթյանը:

Հոկտեմբերի 21-ին Հայաստանում եւ Արցախում մեկնարկախ բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի կանոնավոր առաջնությանը մասնակցում է 7 ակումբ՝ «Ուրարտու» (Երեւան), ՖԻՄԱ (Երեւան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Ինժիներ» (Երեւան), «Գրանդ Սպորտ» (Երեւան) եւ «Արցախ» (Ստեփանակերտ):

Ստեփանակերտում կայացած Ա լիգայի երկրորդ տուրում «Արցախի» խաղին ներկա է եղել նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ինչը մեծ արձագանք է ունեցել ադրբեջանական մամուլում:

Պարոն Վաթյան, ե՞րբ եւ ինչպե՞ս է ստեղծվել «Արցախ» ակումբը:

Ակումբը ստեղծվել է 2 ամիս առաջ Հայաստանի Ա լիգայի կանոնավոր առաջնությանը մասնակցելու նպատակով: Արցախում բասկետբոլային ակումբը վաղուց էր ստեղծվել, բայց այդքան էլ լուրջ գործունեություն չուներ: 2 ամիս առաջ, երբ իմացանք, որ Հայաստանում պետք է անցկացվի Ա լիգա, որոշեցինք լիգայի մակարդակին հավասար ուժեղ թիմ ստեղծել: Նախապես իմանալով, որ խաղերը կայանալու են տուն-դուրս համակարգով, ավելի ոգեւորված նախաձեռնեցինք ակումբի գործունեությունը: Ստեփանակերտում մինչեւ հիմա մնացել է սերը բասկետբոլի հանդեպ, արցախցիները սիրում են սպորտը, մասնավորապես խաղային մարզաձեւերը եւ կարեւորն այն է, որ խաղում են անկախ նրանից կմասնակցեն որեւէ մրցաշարի, թե ոչ: Բացի այդ բասկետբոլը նաեւ մեծ ուշադրութուն է վայելում Արցախի ղեկավարության կողմից: Կա նաեւ ձեւավորված ավանդույթ Արցախում, երբ Հայաստանի հավաքականի տղաները ծառայությունն անցնում էին Արցախի սպորտային վաշտում, նրանք համալրում էին «Արցախի» թիմը եւ մասնակցում էին բարձրագույն խմբի առաջնությանը. 5 անգամ դարձել են Հայաստանի չեմպիոն: Բոլոր նախադրյալներն ունեինք լավ ակումբ ստեղծելու համար: «Արցախ» ակումբի գլխավոր մարզիչը երիասարդ Անդրեյ Սարումյանն է: Բացի այն, որ ակումբի նպատակը Ա լիգային մասնակցելն էր, մենք Արցախի բասկետբոլի ֆեդերացիայի հետ մեր առջեւ խնդիր դրեցինք Արցախում զարգացնել այս մարզաձեւը:

Այս ակումբի 5 խաղացողներ նաեւ Հայաստանի մինչեւ 18 եւ 16 տարեկանների հավաքականներում են հանդես գալիս: Իսկ այժմ ադ 5 խաղացողները խաղում են Ա լիգայում:

«Արցախ» թիմի Ա լիգայի վերջին խաղին ներկա է եղել նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Նախագահը եւս շատ է սիրում բասկետբոլ եւ մեր վերջին խաղին ներկա եղավ: Նախագահի ներկայությունը բողոքի ալիք բարձրացրեց Ադրբեջանի բասկետբոլի ֆեդերացիայում: Ադրբեջանցիները այդ խաղից հետո նամակ էին ուղարկել FIBA-ի թուրք ղեկավարին՝ բողոքարկելով, թե ինչու է Ստեփանակերտում անցկացվում  Հայաստանի առաջնության խաղեր եւ պահանջել էին պատժել Հայաստանի ֆեդերացիային: Հայաստանի ֆեդերացիան պատասխան նամակով հանդես եկավ՝ մեկնաբանելով, որ սա ոչ թե Հայաստանի առաջնութուն է, այլ Ա լիգայի կանոնավոր առաջնություն, այսինքն՝ միջազգային մրցաշար, որին կարող է մասնակցել ցանկացած երկրի թիմ:

Ադրբեջանցիներին զայրացնում է նաեւ ան փաստը, որ Հայաստանի հավաքականների խաղերում նշում ենք, որ ունենք բասկետբոլիստներ նաեւ Արցախից:

Հաղթելու ի՞նչ հնարավորություններ ունի «Արցախը» Ա լիգայում:

«Արցախն» այս առաջնության ամենաերիտասարդ թիմն է: Երբ կազմում էինք թիմը, միտումնավոր շեշտը դնում էինք երիտասարդ խաղացողների վրա, որպեսզի մեր ակումբին համապատասխան լինի: Ունենք բավական ուժեղ խաղացողներ, 3 լեգեոնական՝ Ալեքսա Սիմովիչ. նա շատ ուժեղ բասկետբոլիստ է, առաջին համար է խաղում թիմում: Ունենք եւս երկու խաղացող Ռուսաստանից՝ Գեորգի Պոդկոլզին եւ Դանիլա Դյուկա: Գեորգի Պոդնկոլզին ծագող աստղ է, նա Հայաստանի 18 տարեկանների հավաքականից է, լուրջ տղա է, շատ լավ բասկետբոլիստ է: Իսկ Դանիլա Դյուկան 16 տարեկան է, 2 մետ 4 սմ հասակ ունի եւ շատ հեռանկարային բասկետբոլիստ է: Ռուսաստանի հավաքակում փորձել են, ԲԿՄԱ-ում եւս հանդես է եկել: Նրա հետ կապված մեծ նպատակներ ունենք հետագայում:

Քանի որ «Արցախը» նորաստեղծ թիմ է, երիտասարդ, ինչպես Արցախի Հանրապետությունը, շատ սիրվել է արցախցիների կողմից: Չնայած մեր դահլիճը փոքր է, բայց մարդիկ գալիս են մեր խաղերին, երկրպագում են, ակումբի բասկետբոլիստներն արդեն շատ են սիրվել մարդկանց կողմից, փողոցում կանգնում, լուսանկարվում են մեր խաղացողների հետ: Մենք մեծ նպատակներ ունենք այս ակումբի հետ կապված, բայց ֆինանսական խնդիրներ ունենք. մեզ պետք են հովանավորներ, որպեսզի մեր նպատակներն իրականցնենք:

Իսկ ի՞նչ կապ ունեն «Արցախ» բասկետբոլային ակումբն ու նորաստեղծ «Արցախ» ֆուտբոլային ակումբը:

Իրականում ոչ մի կապ չունեն այս երկու ակումբները միմյանց հետ: Բայց այժմ բանակցությունների փուլում ենք ֆուտբոլային ակումբի հետ. ցանկանում ենք այս երկու ակումբները միավորել: Շատ լավ կլինի, որ ակումբները միավորվեն եւ հանդես գան տարբեր մարզաձեւերի թիմերով, մեր լոգոներն էլ շատ նման են իրար: Միավորումն այս տարի չի լինի, քանի որ ֆուտբոլային ակումբի բյուջեն արդեն պաշտոնապես հաստատվել է, մեր ծրագրերը կփորձեն իրականցնել հաջորդ տարի: Երկու ակումբների սեփականատերերը տարբեր մարդիկ են, բարեկամական կապ չունեն: Երկուսի նպատակն էլ նույն է՝ Արցախում զարգացնել սպորտը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...