Հայաստանում գոլֆ մարզաձեւի զարգացման համար անհրաժեշտ են մարզաբազաներ եւ գովազդ: Մարզաձեւի զարգացմանն ու մասսայականացմանը խանգարում է նաեւ թանկությունը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը:
Հոկտեմբերի 7-22-ը Երեւանի «Արարատ» գոլֆի ակումբում անցկացվեց ընտանեկան գոլֆի փառատոնի ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշար: Տղամարդկանց պայքարում հաղթեց Համբարձում Համբարձումյանը, կանանց պայքարում Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ երեխաների տարիքային խմբում՝ Մարիա Բոյաջյանը:
Մրցաշարը կազմակերպվել էր Հայաստանի գոլֆի ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, Հայաստանում Եվրոպական միության ու Հայաստանի սպորտի նախարարության աջակցությամբ: Մրցաշարի պարգեւտրման արարողությունը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ինչպես նաեւ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը:
«Գոլֆ մարզաձեւը զարգացնելու համար մեզ անհրաժեշտ է բազա, իսկ այս պահին Հայաստանում ունենք միայն այս բազան: Գոլֆի ասոցիացիայի հետ ունենք մարզաձեւի մասսայականացման ծրագիր: Դեռ պետք է աշխատենք այս մարզաձեւը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ, ինչի համար մեզ շատ անհրաժեշտ է բազա»,- ասաց Գաբրիել Ղազարյան:
Թե ինչով է պայմանավորված գոլֆ մարզաձեւով զբաղվողների քիչ քանակը, ըստ սպորտի փոխնախարարի, մարզաձեւի գովազդի խնդիր կա:
«Բացի այն, որ սա թանկ մարզաձեւ է, նաեւ գովազդի խնդիր կա: Անհրաժեշտ է գեղեցիկ ներկայացնել մարզաձեւը, գովազդել, որպեսզի մարդիկ գան եւ մարզվեն: Թանկությունն էլ իր հերթին նպաստում է, որ քիչ լինի մարդկանց հոսքը դեպի գոլֆի դաշտ, բայց դրա համար ցանկություն է նախ պետք»,- նշեց Գաբրիել Ղազարյանը:
Հայաստանի գոլֆի ազգային ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանի խոսքով, ընտանեկան մինի գոլֆի փառատոնի նպատակը միջոցառման միջոցով մարդկանց մարզաձեւի մասին իրազեկելն է եւ գոլֆի դաշտ բելերը:
«Փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 7-ին: Գաղափար կար Հայաստանում անցկացնել մինի գոլֆի ընտանեկան փառատոնը եւ այդ ծրագիրն ընդգրկվեց «Եվրոպական սպորտ» փառատոնի ծրագրում: Փառատոնն ուներ 60 մասնակից:
Գոլֆը սկսել է արդեն հետաքրքրություն առաջացնել Հայաստանում: Գոլֆ խաղում են բացօթյա տարածությունում, անվնաս է, հնարավորություն է տալիս բոլոր տարիքային խմբերում, ընտանիքներով այս մարզաձեւով զբաղվել: Այս մարզաձեւը նաեւ հետաքրքիր ժամանց է:
Մեր առաջնահերթ խնդիրը գոլֆ մարզաձեւի մասսայականացումն է: Խնդիր ունենք այս մարզաձեւի մասսայականացման համար, քանի որ դեռեւս միայն մեկ ակումբ կա Հայաստանում: Պրոֆեսիոնալ գոլֆով զբաղվողների թիվը Հայաստանում հասնում է 50-ի: Մեր մարզիկները մասնակցում են նաեւ տարբեր միջազգային մրցաշարերի:
Գոլֆ խաղալն այդքան էլ թանկ հաճույք չէ: Միայն մարզագույքը վարձակալելու գումար է անհարժեշտ՝ մեկ ժամվա համար 3000 դրամ: Սա մարզվելու արժեքն է, միայն մարզվելու համար նախատեսված տարածքում, իսկ եթե գոլֆ խաղում են եւ զբաղեցվում են բոլոր 9 դաշտերը, արժեքը 6000 դրամ է: Այս գումարը, համեմատած եվրոպական գների, շատ մատչելի է: Այնպես որ, Հայաստանում գոլֆ խաղալը մատչելի է եւ թանկ լինելը չէ պատճառը, որ դեռեւս մարզաձեւի մասսայականացման խնդիր ունենք»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:35 , 10 հոկտեմբերի
00:16 , 10 հոկտեմբերի
22:07 , 9 հոկտեմբերի 
19:29 , 9 հոկտեմբերի
18:34 , 9 հոկտեմբերի
17:54 , 9 հոկտեմբերի
17:21 , 9 հոկտեմբերի
16:54 , 9 հոկտեմբերի
16:07 , 9 հոկտեմբերի
15:55 , 9 հոկտեմբերի