22:21  ,  19 հոկտեմբերի, 2017

Դավիթ Խիթարյան. Ձյուդոյի խնդիրները Հայաստանում խորքային են, լուծումը ֆեդերացիայի ուժերից վեր է

Հոկտեմբերի 18-ին Սպորտի եւ երիտասարդության նախարարությունում կայացած Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ընդլայնված նիստում Դավիթ Խիթարյանը սեփական դիմումի համաձայն հրաժարվել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պարտականություններից, որը ղեկավարում էր 2013 թվականից:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, օլիմպիական կարգի մրցավար, վաստակավոր մարզիչ Դավիթ Խիթարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսեց հրաժարականի դրդապատճառների, ֆեդերացիայում առաջացած տարաձայնությունների եւ հայկական ձյուդոյի խնդիրների մասին:  

Պարոն Խիթարյան, ինչո՞ւ հրաժարվեցիք ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնից: Ի՞նչն էր պատճառը:

Հրաժարականը եղել է սեպտեմբերի 22-ին, քանի որ ֆեդերացիայի նախագահն այդ ժամանակ երկրում չէր, նախագահի հրամանով գլխավոր քարտուղարի պարտականությունները դրվեց Թաթուլ Հովհաննիսյանի վրա: Հոկտեմբերի 18-ի նիստում պաշտոնապես հատատվեց իմ հրաժարականի դիմումը:

 Ֆեդերացիայից հրաժարվելու միտք չունեմ: Ես նաեւ ֆեդերացիայի փոխնախագահն եմ, եւ այս երկու պաշտոններն էլ հասարակական գործունեություն են, երկուսն էլ չեն վարձատրվում: Ազատման դիմումս ներկայացնելու պատճառները խորքային են: Երբեք չեմ խուսափել իմ զբաղեցրած պաշտոնի պարտականություններից: Ամեն ինչ արել եմ, որ Հայաստանում ձյուդոն զարգանա, իմ կատարած աշխատանքները միշտ հրապարակային են եղել մարզադպրոցներից մինչեւ հավաքականների անդամներ ու մարզիչներ:

Հրաժարականիս բուն պատճառը ֆեդերացիայի նոր կազմի հետ աշխատանքային տարաձայնություններն էին.  զարգացման այն տեսլականը, հեռանկարները, որ ես եմ տեսնում, ֆեդերացիայի նոր կազմի եւ մարզչական շտաբի հետ չի համընկնում: Իրենց մոտ երեւի զարգացման մասին պատկերացնումներն այլ կերպ են: Գուցե, նրանք ավելի լավ են պատկերացնում զարգացումը: Նոր մարդկանց հնարավորություն է տրվում այսպես: Արդյունքները ցույց կտան: Եթե ամեն ինչ լավ լինի, ես միայն ուրախ կլինեմ, եթե վատ լինի եւ չի չի գոհացնի, բնականաբար փոփոխություններ կլինեն:

Ո՞վ է Թաթուլ Հովհաննիսյանը եւ ինչպե՞ս նա փոխարինեց Ձեզ:

Թաթուլ Հովհաննիսյանը Հայաստանի սպորտի նախարարությունում ձյուդոյի ֆեդերացիայի աշխատանքների պատասխանատուն է, միեւնույն ժամանակ ֆեդերացիայի փոխնախագահն է:

Թաթուլ Հովհաննիսյանի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկել է ֆեդերացիայի նախագահը, եւ ես ենթադրում էի, որ ինձ նա է փոխարինելու: Դա գործընթաց է, որը մեկ օրում չի առաջանում, այլ ժամանակի ընթացքում հասունանում է: Սա շուրջ մեկ տարվա պատմություն ունեցող գործընթաց էր, եւ ես կանխազգում էի: Ձեւավորվեց նոր մարզչական թիմ՝ համալրված նոր մարզիչներով, որոնք երեւի գերադասեցին աշխատել Թաթուլ Հովհաննիսյանի հետ:

Հայաստանում ձյուդոն ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած, ներկայիս մարզչական շտաբը որքանո՞վ է բավարարում համաշխարհային սպորտի պահանջներին:

Ըստ սպորտի նախարարության հայտարարագրերի, Հայաստանում պետք է լինի ձյուդոյի 100-120 մարզիչ: Մարզիչների շուրջ 25 տոկոսն է միայն համապատասխանում միջազգային միջին մակարդակին: Ձյուդոյի խնդիրները Հայաստանում խորքային են եւ այդ խնդիրների լուծումը ֆեդերացիայի ուժերից վեր է: Մարզադպրոցների հիմնական մասը պետական համակարգի մեջ են, եւ ֆեդերացիան, որպես հասարակական կազմակերպություն ոչ մի լծակի չունի նրանց վրա ազդելու: Ըստ իս, Հայաստանում խնդիրները խորքային է ոչ միայն ձյուդոյում, այլ բոլոր մարզաձեւերում: Մեր երկրում մարզաձեւերի զարգացման առաջին պայմաններից մեկը ակումբային սպորտն է: Սպորտը պետք է ազատականացվի: Դպրոցները պետք է լինեն ակումբներ:

Հայաստանի հավաքականը քանի՞ առաջատար մարզիկ ունի, որոնք մրցունակ են միջազգային մրցասպարեզում:

Ես իմ կարծիքը կհայտնեմ, այլ ոչ ֆեդերացիայի. հիմա 4 մարզիկ ունենք մեծահասակներում, երիտասարդների թիմում խնդիրն ավելի մեծ է, քանի որ փոքր կազմ ունենք. բանակի տարիք է: Այստեղ 7-8 ձյուդոիստ ունենք, ովքեր լավ ներուժ ունեն, բայց հարց է, թե նրանցից քանիսը կցանկակա շարունակել մեծահասակների կազմում: 20-21 տարեկան տղաների համար, կարծում եմ, դժվար է՝ ծնողներին ասել՝ փող տուր գնամ մարզման, գամ:

Իսկ փոխարինող սերունդ ունե՞նք:

Քիչ է եւ ավելի քչանալու է: Նոր կազմի հետ իմ տարաձայնություններից մեկն էլ այն եղավ, որ պատանեկան հավաքականի վրա այս տարի ներդրումներ շատ եղան եւ դա մեծ դժգոհություն առաջացրեց ֆեդերացիայում: Բայց ես կարծում եմ, որ այն, ինչ արվել է, դրանից շատ պետք է արվեր՝ եւ քանակական եւ որակական առումով ամենամեծը պատանեկան հավաքականն է: Իսկ մարզաձեւի զարգացման համար պետք է սկսել լավ հիմք ստեղծել մանկապատանեկան սպորտից: Հիմնական տարաձայնությունը ֆեդերացիայի նոր կազմի հետ սա է եղել:

Հովհաննես Դավթյանը նշանակվեց երիտասարդների եւ պատանիների հավաքականների ավագ մարզիչ: Որքանո՞վ կարող է պրոֆեսիոնալ մարզիկը նաեւ լինել լավ մարզիչ:

Իմ տեսակետն այս մոտեցմանը լրիվ հակառակ է: Նիստի ժամանակ քննարկվեց, որ մարզիկներն ատեստավորում անցնեն, բայց ինքս կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է, որ նախ ատեստավորում անցնեին մարզիչները: Բայց մեր ֆեդերացիայում ռեֆորմը շատ կտրուկ եղավ, ես ճիշտն ասած, դրա կողմնակիցը չէի: Մարզչական աշխատանքը այլ է: Արմեն Նազարյանն ու Հովհաննես Դավթյանն ամենահարուստ փորձն ունեն ձյուդոյում, իրենք տիրապետում են միջազգային ձյուդոյի շատ նրբություններին: Բայց ճիշտ կլիներ, որ նրանց հնարավորություն տրվեր որպես նախ անձնական մարզիչ դրսեւորեին, ապացուցեին, որ կարող են ստեղծել, արժանի մարզիկներ աճեցնել: Իսկ այսօր փոքր-ինչ «դիսբալանս» առաջացավ ֆեդերացիայում, որովհետեւ այն փորձառու մարզիչները, որոնք տարիներ շարունակ պատրաստել էին մարզիկներ, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ, այսօր հայտնվեցին «անպիտանի» կարգավիճակում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով