10:36  ,  19 հոկտեմբերի, 2017

Մոուրինյո. Խաղի ընթացքում մտավախություն չունեցա, որ կարող ենք գոլ բաց թողնել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Լիսաբոնի «Բենֆիկայի» նկատմամբ արտագնա հաղթանակը Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում:

«Մեր թիմը դրական խաղ ցույց տվեց եւ վերահսկում էր հանդիպումը: Խաղի ընթացքում մտավախություն չունեցա, որ կարող ենք գոլ բաց թողնել, քանի որ պաշտպանությունը հուսալի էր գործում: Երբեմն ինձ թվում է, որ պաշտպանությունում լավ խաղը հանցագործություն է, սակայն, իրականում դրանում ապօրինի ոչինչ չկա: Լավ պաշտպանությունը դա եւս մեկ քայլ է դեպի դրական արդյունքը: Մենք գիտեինք, որ «Բենֆիկայի» ճնշումը չի կարող շարունակվել 90 րոպե:

«Բենֆիկան» չէր կարող պաշտպանությունում գործել այնպես, ինչպես «Լիվերպուլը» նախորդ խաղի ընթացքում: Չհանդիպելով որեւէ ճնշման՝ մենք գիտեինք, որ գոլը գալու է»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ Լիսաբոնում կայացած խաղում անգլիական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես էր եկել մեկնարկային կազմում եւ փոխարինվել ավելացված ժամանակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում