Հուլիսի 27-ի գիշերն ամբողջ աշխարհի ուշադրությունն ու հայացքն ուղղված կլինի դեպի Լոնդոն, որտեղ պատմության մեջ արդեն երրորդ անգամ կմեկնարկեն ամառային Օլիմպիական խաղերը:
205 երկրների մոտ 15,000 մարզիկներ եւ միլիոնավոր մարդիկ հավաքվել են Լոնդոնում՝ մասնակցելու 30-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը եւ դրան հաջորդող մարզական միջոցառումներին:
Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կնշի այս գեղեցիկ իրադարձությունը Սիրահարների այգում այսօր ժամը 23:00-ին: Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար: Մասնակիցները կլսեն դիջեյ Հակոբի կողմից հատուկ պատրաստված բրիտանական երաժշտության լավագույն ընտրանին, իսկ ուղիղ ժամը 24:00-ին այգում տեղադրված մեծ էկրանի միջոցով կմիանան Լոնդոն ու կդիտեն Օլիմպիական խաղերի մեկնարկը:
Սրանով սկսվում է Օլիմպիական եւ Պարաօլիմպիկ խաղերի կապակցությամբ Բրիտանական դեսպանատան կողմից նախատեսված միջոցառումների երկրորդ շրջանը:
Շաբաթ օրը՝ հուլիսի 28-ին, Միացյալ թագավորության դեսպան Ջոնաթան Էյսը կայցելի Երեւանի ծննդատներից մեկը եւ հատուկ Օլիմպիական նվերներ կմատուցի Խաղերի բացման ժամին ծնված երեխաներին: Հուլիս 30-ին արդեն Կապանում դեսպան Էյվսը նվերներ կհանձնի Օլիմպիական խաղերի բացման օրը լույս աշխարհ եկած նորածիններին:
Օգոստոսին եւս Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանատունն իր գործընկերների հետ նախատեսում է անցկացնել մի շարք միջոցառումներ՝ Օլիմպիական եւ Պարաօլիմպիկ խաղերի կապակցությամբ:
Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեկնարկին հաշված ժամեր են մնացել, իսկ Երեւանում Բրիտանական դեսպանատունը շարունակելու է իր հետաքրքիր նախաձեռնությունների շարքը:
Հայաստանում Բրիտանական դեսպանության մամուլի քարտուղարություն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում