19:30  ,  26 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Հաջիմուրադ Նուրմագոմեդով

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին։

Հաջիմուրադ Նուրմագոմեդով. ազատ ոճի ըմբշամարտ, 84 կգ քաշային կարգ

Ծնվել է 1987թ. մայիսի 1-ին։

Հաջիմուրադ Նուրմագոմեդովը մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր է: Փորձառու ըմբիշին հաճախ ընդամենը մեկ քայլ չի բավականացրել պատվո հարթակ բարձրանալու համար: Հայաստանի հավաքականի կազմում անցնելով ուսումնամարզական բոլոր հավաքները՝ Հաջիմուրադը կարողացավ վարկանիշային առաջին իսկ մրցաշարում՝ Սոֆիայում դուրս գալ եզրափակիչ եւ նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիրը:

Անհատական մարզիչն է հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը։

Հաջիմուրադ Նուրմագոմեդով

«Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ արդյունքի կհասնի օլիմպիական մրցաշարում: Բոլոր մարզիկներն էլ հասկանում են, որ դժվար մրցաշար է լինելու եւ բոլորն էլ ցանկանում են, ինչքան հնարավոր է լավ ելույթ ունենալ: Ես բացառություն չեմ, կաշխատեմ իմ հնարավորությունների գերլարումով հանդես գալ եւ հասնել հաջողության: Թե ինչպես կստացվի՝ ցույց կտա ժամանակը:

Արայիկ Բաղդադյան

«Հաջիմուրադ Նուրմագոմեդովը իրոք բոլոր հնարավորություններն ունի Օլիմպիական խաղերում հաջողության հասնելու համար: Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է բոլոր հավաքներին, իսկ մինչեւ Լոնդոն մեկնելն այժմ մարզվում է Ռուսաստանի հավաքականի հետ։

Ցավոք, ըմբիշը վնասվածք ուներ եւ վերջին հավաքի ժամանակ՝ Վլադիկավկազում մեր հիմնական նպատակն այդ վնասվածքը հաղթահարելն էր: Հիմա արդեն կարծես թե ամեն ինչ նորմալ է: Բանն այն է, որ 84 կգ քաշային կարգում մենք նրան փոխարինող չունենք, եւ շատ լավ է, որ վնասվածքը կարծես թե արդեն չի անհանգստացնում ըմբիշին»:

Հաջիմուրադ Նուրմագոմեդովն օլիմպիական մրցագորգ դուրս կգա օգոստոսի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով