14:26  ,  21 սեպտեմբերի, 2017

Հրաչյա Ռոստոմյան. Հենրիխ Մխիթարյանը, Լեւոն Արոնյանը, Արթուր Ալեքսանյանը անկախ Հայաստանի կայացման հենասյուներից են

Հենրիխ Մխիթարյան, Լեւոն Արոնյան, Արթուր Ալեքսանյան՝ նրանք անկախ Հայաստանի կայացման հենասյուներից են։ Վստահ կարող ենք ասել, որ մենք հզոր ենք ոչ միայն մեր բանակով, այլ նաեւ հայկական սպորտով։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

Հայաստանի Հանրապետությունը այսօր նշում է անկախության 26-ամյակը: Յուրաքանչյուր հայ մարզիկի երազանքը Եվրոպայի, աշխահի առաջնություններում եւ ամենագլխավորը՝ Օլիմպիական խաղերում հայոց եռագույնը բարձրացնելն է։

«Անկախ Հայաստանում հաղթանակած բանակից հետո, սպորտն ամենակայացած ոլորտներից մեկն է, եթե ոչ միակը։ Հայկական սպորտն է մշակույթի, գիտություն հետ երկրին բերում ամենամեծ ճանաչելիությունը։ Հենրիխ Մխիթարյանը, Լեւոն Արոնյանը, Արթուր Ալեքսանյանը մեր երկիրը ճանաչելի եւ հզոր են դարձնում։ Նրանք մեր անկախության հենասյուներից են։

Այս 26 տարիների ընթացքում սպորտը մեր երկրին ուրախության եւ երջակնության պահեր է նվիրել եւ նվիրում է։ Վերջերս նախագահ Սերժ Սարգսյանը աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին եւ Մաքսիմ Մանուկյանին ասաց, որ իրենց հաղթանակներով ժողովրդին ուրախության եւ երջանկության պահեր նվիրեցին։ Սա մեր բազմաթիվ հանղթանակներից մեկն էր։ Բանակը մեզ թույլ է տալիս ապրել հզոր եւ ապահով երկրում, սպորտն էլ թույլ է տալիս բազմաթիվ անգամներ մեր հզորությունը ցուցադրել եւ ապացուցել միջազգային մրցահարթակներում։

Անկախ Հայաստանի սպորտում մեծ անկումներ չենք ունեցել։ Բնական է, որ այդպիսի շրջան էլ ենք ապրել՝ 2000-2004 թվականներին։ Այս անկումային փուլն իր բացատրությունն էլ ուներ. խորհրդային ժամանակաշրջանի մարզիկներն ու մարզական բարքերը դժվարությամբ էին իրենց տեղը զիջում նորանկախ հայկական սպորտին եւ անկախության սերնդին։ Բայց մյուս բոլոր տարիներին հպարտությամբ կարող ենք ասել, որ Հայաստանին ճանաչելիություն է բերել նաեւ հայկական սպորտը։ Ես կարող եմ բազմաթիվ անուններ թվարկել, որոնք եղել են անկախության կրողները՝ օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանից մինչեւ մեր օրերի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Վստահ կարող ենք ասել, որ մենք հզոր ենք ոչ միայն մեր բանակով, այլ նաեւ հայկական սպորտով։

Հայաստանն աշխարհին հայտնի է նաեւ Հենրիխ Մխիթարյանով։ Սա անկեղծ հպարտանալու առիթ է։ Ոչ մի այլ ոլորտ եւ ոչ մի այլ փաստ Հայաստանին այսքան ճանաչելիություն չի բերել եւ չի բերում, ինչպես Հենրիխ Մխիթարյանը։

Շատերը Օլիմպիական խաղերի հիմնական արժեքը չենք հասկանում, բայց այն սովորական խոշոր սպորտային միջոցառում չէ։ Սա մշակույթ է, ազգային արժեք է։ 200-ից ավելի երկրներ կռիվ են տալիս այդ մի ոսկե մեդալի համար՝ ներկայացնելով եւ բարձրացնելով իր երկրի արժեքը։

Վերջերս կայացած բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության ընտրական փուլի տնային խաղերում առաջին օրը մարզադահլիճում կար մոտ 200 երկրպագու։ Երկրորդ խաղում ոչ լիարժեք էր լցվել մարզադահլիճը։ Իսկ երրորդ խաղում դահլիճը պայթում էր, նույնիսկ ես նստելու տեղ չունեի։ Մենք հաղթանակներ սիրող ազգ ենք։ Մեր թիմի հաղթանակները ժողովրդին բերեցին մարզադահլիճ։ Դա աննկարագրելի զգացողություն էր, մենք միասնական էինք, մի բռնուցք։ Դա անկախ Հայաստանն էր։

Ես ուզում եմ, որ անկախ Հայաստանն ապրի խաղաղության մեջ, լինի հզոր եւ անկախ Հայաստանի քաղաքացին երբեք չմոռանա, որ ինքը հայ է եւ արժանապատիվ կրի հայի անունը»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով