13:44  ,  21 սեպտեմբերի, 2017

Արթուր Աբրահամ. Ուրախ եմ եւ հպարտ, որ անկախ Հայաստանի զավակն ու քաղաքացին եմ

26 տարի առաջ հայ ժողովուրդը կայացրել է պատմական լրջագույն որոշում` ընտրելով անկախությունը: Սա մեր պապերի երազած անկախ Հայաստանն է, եւ ես ուրախ եմ, որ այդ անկախ Հայաստանի զավակն եմ։

Այս մասին NEWS. am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը։

Հայաստանի Հանրապետությունը այսօր նշում է անկախության 26-ամյակը։ Հայաստանի չեմպիոններն անկախության մասին տարբեր կարծիքներ ունեն։ Մեկի համար սա այն Հայաստանն է, որի մասին կերազեր յուրաքանչյուր հայ, մյուսի համար սա Հայաստանն է, որի մասին իրենց երազանքներն ու պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը։

Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը թեեւ ապրում է Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ նրա կապը շատ սերտ է։ Երբ Արթուր Աբրահամին հարցնում են, թե որտեղ է նա ապրում, նա մշտապես նշում է՝ եւ Հայաստանում, եւ Գերմանիայում։ Ամեն մենամարտից հետո պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը միշտ այցելում է Հայաստան։

«Հայաստանը հրաշալի երկիր է, ազատ եւ անկախ: Մեր պապերը երազել են ունենալ այս ազատությունը, եւ մենք այսօր վայելում ենք այն: Հպարտ եմ, որ հայ եմ, անկախ Հայաստանի քաղաքացի: 26 տարի առաջ հայ ժողովուրդը կայացրել է պատմական լրջագույն որոշում` ընտրել է անկախությունը: Իհարկե, դեռ շատ նպատակներ եւ անելիքներ ունենք: Վստահ եմ, որ իմ եւ աշխարհով մեկ սփռված հայության մեծ նպատակները իրականություն կդառնան, եթե դրանց իրականացման ճանապարհին լինենք միասնական: Ոչ մի երկիր միանգամից չի դարձել զարգացած պետություն: Մենք էլ հիմա ճանապարհ ենք անցնում եւ դա բոլորիս լավ տեղ է տանում: Մենք ուժեղ ենք եւ կարող ենք հասնել այն ամենին, ինչին ձգտում ենք ազգովի: Միշտ լինենք անկախ, ազատ եւ ուժեղ... Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը»,- ասել է Արթուր Աբրահամը։ 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով