10:18  ,  21 սեպտեմբերի, 2017

Հակոբ Սերոբյան. Մենք կենտրոնացած ենք աշխարհի առաջնության վրա

Ֆրանսիայի հավաքականի հետ համատեղ հավաքն անցնում ենք այնպիսի պայմաններում, որ մեզ համար դեռ հեռու երազանք է այդպիսի դահլիճ ունենալը։ Տղաների համար անսովոր է նման պայմաններում մարզվելը, այնքան անսովոր է, որ տրված օրական 2 մարզումային հնարավորությունից օգտագործում ենք միայն մեկը։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, ում գլխավորությամբ Հայաստանի առաջատար մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Ֆրանսիայի մայրաքաղաքում, աշխարհի առաջնությանն (հոկտեմբերի 2-8-ը Կանադա) ընդառաջ, ուսումնամարզական հավաք են անցկացնում։

Պարոն Սերոբյան, մշտապես հայ մարմնամարզիկները աշխարհի գավաթի խաղարկության փուլերից վերադարձել են մեդալներով։ Փարիզում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում մեդալներ չնվաճելու պատճառները որո՞նք էին։

Աշխարհի գավաթի խաղարկություններից առաջին անգամ առանց մեդալների մնացինք։ Շատ մեծ մրցակցություն կար։ Պատճառն այն էր, որ անմիջապես նախորդում էր աշխարհի առաջնությանը եւ բոլոր ուժեղագույններն այստեղ էին։ Մենք մեդալի հնարավորություն ունեինք, բայց չստացվեց։ Եղան թերություններ, սխալներ։ Չեմ ասի, թե շատ վատ հանդես եկանք։

Հարություն Մերդինյանն ընկավ, ինչը բնական է, որ մեծ թերություն էր։ Վահագն Դավթյանը մեդալի հավակնորդ էր, կարող էր մեդալ նվաճել, բայց նրա մոտ էլ չստացվեց։ Արթուր Դավթյանը հենացատկում լավ հանդես եկավ, բայց երկրորդ ցատկով զիջում էր։ Մասնակցությունը բոլոր մեր մասնակիցների միջին էր։ Օրինակ՝ Արթուր Դավթյանը 4 վարժություններում մասնակցեց եւ հենացատկում եւ օղակների վարժությունում եզրափակիչ դուրս եկավ։

Մեր տղաները իրենց ամենալավ մարզավիճակում չէին, եւ մեզ աշխարհի առաջնությունից առաջ պետք էլ չէր լինել մարզավիճակի գագաթնակետում։ Մենք կենտրոնացած ենք աշխարհի առաջնության վրա, մեզ համար կարեւորը՝ լավ մարզավիճակում լինել աշխարհի առաջնության ժամանակ:

Ի՞նչ ակնկալիքներ կան աշխարհի առաջնությունից։

Այնպես չէ, որ աշխարհի առաջնությունից մեծ սպասելիքներ ունենք։ Շատ դժվար է լինելու այս աշխարհի առաջնությունը։ Թե ինչ արդյունքներ կունենանք, պարզ կլինի մրցումներին։ Նախապես չեմ կարող վստահ ասել, թե Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը կամ Արթուր Դավթյանը մեդալ կնվաճեն։ Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո ինչպես նախատեսել էինք, մնացինք Ֆրանսիայում։ Այստեղ սկսել ենք աշխարհի առաջնության նախապատրաստական հիմնական փուլը:

Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնությունում հանդես կգա նոր բարդ վարժությունով։ Աշխարհի գավաթի խաղարկությունում հենց այդ վարժությունը փորձարկեցինք, վայր ընկավ։ Հիմա մարզումների ընթացքում լավ կատարում է, բայց մրցումների ընթացքում չենք կարող ասել՝ ինչ կլինի։

Արթուր Դավթյանի հենացատկի երկրորդ բարդ ցատկ պետք է փորձարկվեր...

Այո, բայց չենք հասցնում։ Նոր ցատկի համար ժամանակը չի բավարարում, մինչեւ աշխարհի առաջնություն չենք հասցնի կատարյալ սովորել։ Այնպես է խնդիրը դրված մեր մարզիկների առջեւ, որ եթե պետք է անենք, ուրեմն հնարավորինս լավ անենք։ Չենք շտապում, ոչինչ՝ թող այս անգամ չլինի, հաջորդ մրցաշարի համար Արթուրի նոր ցատկը կնախապատրաստենք։  Նրա առաջին ցատկը շատ լավ է։ Օրինակ՝ աշխարհի գավաթի խաղարկությունում շատ լավ կատարեց։ Բաց երկրորդ ցատկը, որն ավելի բարդ պետք է լինի, չունենք, իսկ այպես արդեն 8/10-րդական միավորով զիջում ենք առաջատարներին։

Աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանից ակնկալիքներ ունեմ բազմամարտում։ Եթե լավագույն 24-ի մեջ մտնի եւ դուրս գա եզրափակիչ, ինձ համար արդեն լավ արդյունք կլինի, քանի որ դեռեւս աշխարհի առաջնությունում բազմամարտում եզրափակիչի մասնակից չենք ունցել հայկական սպորտային մարմնամարզության պատմության մեջ։

Վահագն Դավթյանն ի՞նչ հնարավորություններ ունի օղակների վարժությունում։

Օղակների վարժությունում էլ ենք փոփոխություն մտցնում։ Նոր վարժություն ենք փորձարկում։ Դեռ հստակ չենք որոշել նոր վարժությունով հանդես կգա, թե հնով, ուղղակի նոր տարրերով։ Փորձում ենք այնպիսի տարրեր օգտագործել, որ շատ միավորներ չկորցնենք, մաքուր կատարենք։

Ի՞նչ ծրագրով եք նախապատրաստվում աշխարհի առաջնությանը։

Փարիզում Ֆրանսիայի հավաքականի հետ համատեղ հավաք ենք անցկացնում։

Մարզչական կազմով եւ մարզիկներով որոշեցինք Փարիզում ավարտված աշխարհի գավաթի խաղարկությունից հետո Հայաստան չվերադառնալ։ Իրականում սա ճիշտ որոշում էր, քանի որ կրկնակի բարդ կլիներ մարզիկների համար գալ Հայաստան հետո մեկնել Կանադա։

Ի՞նչ պայմաններ ունեն ֆրանսիացի մարմնամարզիկները։

Հրաշալի պայմաններ ունեն։ Դահլիճի առումով, մերոնք դեռ պետք է երազեն այդպիսի պայմաններ ունենալու համար։ Մարզվում ենք շատ լավ պայմաններում։ Ամեն հնարավոր պայմանները կան, մեզ տրամադրված է օրը երկու մարզում։ Բայց երկու մարզումը մեր տղաների համար անսովոր է, քանի որ Հայաստանում դահլիճային նորմալ պայմաններ չունենալու պատճառով մենք սովորաբար օրը մեկ անգամ ենք մարզվում։ Այս ռեժիմին սովոր չեն։ Մրցումից առաջ այդքան մեծ ծանրաբեռնվածություն չարժի տալ։ Անմտություն կլինի, մերոնք սովոր չեն այսպիսի պայմաններում մարզվելուն։ Օրվա ընթացքում մեկ մարզում ենք անում, երկրորդ մարզման հնարավորությունն էլ բաց չենք թողնում, գալիս ենք դահլիճ եւ հետեւում ֆրանսիացիների մարզմանը։

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով