21:09  ,  20 սեպտեմբերի, 2017

Կարեն Ասմարյան. Արթուր Բաղդասարյանը ՀՎՖ նախագահի պաշտոնից հրաժարական չի տվել

Արթուր Բաղդասարյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարական չի տվել, ուղղակի լրացել է նրա նախագահության 4 տարին եւ առաջիկայում կայանալիք նիստում նա կահյատարարի՝ ցանկանում է վերընտրվել պաշտոնում, թե չի ցանկանում։ Բայց հրաժարական նա չի տվել։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

NEWS.am Sport-ի տվյալներով, Հայաաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տվել։ Առաջիկայում կայանալու է ֆեդերացիայի հերթական նիստը, որի ընթացքում տեղի կունենա նոր նախագահի եւ նախագահության անդամների ընտրությունը։

Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան նախագահում է 2013 թվականից։

«Արթուր Բաղդասարյանը հրաժարական չի տվել։ Չեմ էլ հասկանում, թե որտեղից է գալիս այդ սխալ ինֆորմացիան։ Մինչեւ հոկտեմբերի սկիզբ լինելու է մեր ֆեդերացիայի հերթական նիստը, որի ընթացքում կայանալու է նախագահի ընտրություններ:։ Հրաժարականի խնդիր չկա՝ եթե այդ մարդն ուզենա շարունակի պաշտոնավարել, շատ ուրախ կլինենք, եթե չուզենա, դա արդեն իր խնդիրն է, ֆեդերացիայի անդամներով կքննարկենք թեկնածուներին։ Համենայն դեպս նա հրաժարական չի տվել։ Արթուր Բաղդասարյանը երկրում չէ, Մոսկվայում է։ Կժամանի, կքննարկենք կհասկանանք՝ ուզում է շարունակել, թե ոչ»,- ասաց Կարեն Ասմարյանը։

Հարցին, թե ֆեդերացիայում կան Արթուր Բաղդասարյանից դժգոհողներ, անդամներ, ովքեր չեն ցանկանա հետագայում տեսնել ՀՎՖ նախագահի պաշտոնում, Կարեն Ասմարյանը հստակ պատասխան չտվեց։

«Այս 4 տարիների ընթացքում աշխատելով Արթուր Բաղդասարյանի հետ՝ փորձել ենք այնպես կազմակերպել ֆեդերացիայի աշխատանքները, որ վոլեյբոլի զարգացմանը խոչընդոտող որեւէ խնդիր չլինի, ֆեդերացիայում հակասական կարծիքներ, խոսակցություններ չլինեն, ինչպիսին եղել են նախորդ տարիներին, ձգտել ենք այնպես անել, որ ամեն ինչ հարթ լինի։ Թե ինչ կլինի, ինչպես կլինի, պարզ կլինի նիստի ժամանակ: Ժողովների ժամանակ բոլորն իրենց իրական դեմքը ցույց են տալիս։ Կհասկանանք, ով ինչ է ուզում, ում է տեսնում նախագահի պաշտոնում, ով է գոհ, ով դժգոհ։ Շատ հնարավոր է, որ մեկը դժգոհ լինի Արթուր Բաղդասարյանի, մյուսը՝ գոհ։ Հնարավոր չէ, որ բոլորը գոհ լինեն»,- նշեց Կարեն Ասմարյանը։

ՀՎՖ գլխավոր քարտուղարն Արթուր Բաղդասարյանի 4 տարիների կառավարումը դրական է գնահատում։

«Այն առաջընթացը որ ունենք, նկատելի է. մեր զույգն աշխարհում այսօր  188-րդն է լողափնյա վոլեյբոլում։ Ճիշտ է, մեծ հաղթանակներ չունենք, բայց ակտիվ մասնակցում ենք միջազգային մրցաշարերին, մեր երկրում ենք հյուրընկալում կարեւոր միջազգային մրցաշարեր, այժմ մարդիկ մեզ վստահում են, շուտով Եվրոպայի ֆեդերացիայի նախագահն է ժամանելու Հայաստան։ Հիմա տեսնենք՝ Արթուր Բաղդասարյանը ինչ ցանկություն կհայտնի։ Կցանկանա շարունակել աշխատել մեզ հետ։ Դա իր ցանկությունն է լինելու, նրա որոշման հետ ոչ մեկս ոչինչ անել չենք կարող»,- նշեց Կարեն Ասմարյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով