21:40  +04,  19 սեպտեմբերի, 2017

Հրաչյա Ռոստոմյան. Արթուր Ալեքսանյանի անվան դպորցի հարեւանությամբ կկառուցվի ըմբշամարտի կենտրոն

Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգման  փոխարեն դպրոցի տարածքում կկառուցվի ամբողջությամբ նոր ըմբշամարտի կենտրոն, եւ կանվանակոչվի օլիմպիական չեմպիոնի պատվին։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի եւ երիտասադության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

Օլիմպիական չեմպիոնի անվան մարզադպրոցի անմխիթար վիճակի մասին սկսվեց խոսվել Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերից հետո։ Կառավարության որոշմամբ, մարզադպրոցի վերանորոգման աշխատանքների համար հատկացվեցին ներդրումներ։ Բայց մարզադպրոցը դեռ հիմնանորոգված չէ։  

«Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի  շենքի հետ կապված խնդիր ունենք. մուտքի մի հատվածում 1988 թվականի երկրաշարժից հետո մի մարդ իր համար տուն է սարքել։ Մուտքը շուրջ 7-8 քմ է, որտեղ ընդունարանն է։ Աջ հատվածում կա 2 սենյակ՝ մարզիչների եւ մարզադպրոցի տնօրենի համար։ Սրանց դիմաց երկու դահլիճ կա՝ 12х24 մետր ստանդարտ չափերով։ Այս ամենը վերանորոգել ու դարձնել նոր ժամանակներին համապատասխանող ըմբշամարտի մարզադպրոց, չեմ պատկերացնում։ Կամ պետք է՝ դահլիճների բաժանարար պատը քանդենք, կամ չգիտեմ ինչպես այս դահլիճը վերանորոգենք։

Բոլորս ուզում ենք Գյումրիում շատ լավ, ժամանակակից դահլիճ կառուցենք։ Այն, ինչ մենք ունենք, դրանից մեր ուզած ժամանակակից ու շատ լավ դահլիճը չենք կարող ստանալ։ Դա է պատճառը, որ մինչ օրս Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վերանորոգման հարցը ձգձգվում է։

Կա եւս մեկ կարեւոր պատճառ, ինչի համար ինքս եւ բոլորս դեմ ենք այդ տեղում մեր ուզած միջազգային ստանդարտներին համապատասխան, օլիմպիական չեմպիոնին հարիր ըմբշամարտի մարզադապրոց կառուցել, վերանորոգել. 1988 թվականի երկրաշարժից հետո ջրահեռացման հարցերը երբեք չի լուծվել եւ անձրեւաջրերը,  ձյան հալած ջրերը շենքի տակ է լցվել։ Գնացինք, փորեցինք, ուսումնասիրեցինք եւ հասկացանք, որ այն նույն շինության մեջ մեր ուզածը ստանալ հնարավոր չէ եւ իմաստ էլ չունի որպես այդպիսին։

Եթե ուզենք վերանորոգել այդ դպորցը, այն շատ արագ ու հեշտ կստացվի, այդքան էլ մեծ գումար չի պահանջվի՝ ընդհանուր 200-250 հազար դոլար։ Շատ սիրուն դպրոց կարող ենք դարձնել,  կոսմետիկ ռեմոնտ անել, որի արդյունքում կդառնա շարքային մի դպրոց։ Բայց ես ինքս չլինելով մասնագետ, վստահ եմ, որ եթե առաջին տարում չէ, ապա երկրորդ տարում հատակը հաստատ ամենաքիչը 30 սմ խոնավանալու է։

Իսկ ես չեմ ուզում մենք արագ, էժան եւ անորակ աշխատանք իրականացնենք, այլ իդեալական եւ երկար տարիներ սերունդներին ծառայող մարդադպրոց, ըմբշամարտի կենտրոն ունենանք»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։

Սպորտի նախարարը հայտնեց, որ մարզադպրոցի հին շենքի կողքին նախատեսվում է կառուցել ըմբշամարտի մեծ կենտրոն։  

«Ինքս առաջարկով եմ հանդես եկել ՀՀ նախագահին եւ ՀԱՕԿ նախագահին, որ Գյումրիում Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի տարածքում հիմքից կառուցենք ըմբշամարտի կենտրոն իր բոլոր ատրիբուտներով՝ վերականգնողական, հանգստի կենտրոններով։

Այդ նույն դպրոցի կողքին կա մեծ, դատարկ տարածք, առանց շինության։ Առաջարկում եմ այդ տարածքի վրա կառուցել ժամանակակից ըմբշամարտի կենտրոն՝ իր վերականգնողական կենտրոնով, բժշկական կենտրոնով եւ շոգեբաղնիքներով։ Այսօր սպորտում առանց շոգեբաղնիքի հնարավոր չէ։ Հայաստանում երբ ասում ես շոգեբաղնիք՝ սաունա, այլ կերպ է հասկացվում, բայց սպորտում սաունան ամենապահանջված բանն է, քանի որ գերծանրաբեռնվածություն ստանալուց հետո պետք է վերականգնվես, իսկ դրա լավագույն միջոցը սաունան է։

Արդեն սկսել ենք այս նոր շենքի նախագիծը գծել։ Հին շենքին ձեռք չենք տա։ Կվերանորոգենք որքան հնարավոր է լավ եւ կենտրոնն էլ կկցենք այս շենքի հետ, ամբողջը միասին կկոչվի Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի կենտրոն-մարզադպրոց։ Կբաժանենք մարզումային պրոցեսները՝ սկսնակները կմարզվեն հին դահլիճում, իսկ նրանք, ովքեր արդեն արդյունքներ կունենան, կմրզվեն կենտրոնում։ Գուցե հին շենքին առհասարակ ձեռք չտանք։ Դեռեւս վերջնական որոշված չէ»,- մանրամասնեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն ու ավելացրեց.

«12x24 չափերով մարզադահլիճում գորգ հնարավոր չի դնել՝ գալիս է պատից-պատ։ Հնարք անելիս երեխաները հարվածում են պատերին։ Այդ ամենից զատ, այնպիսի գարշահոտություն է տարածված այդ շենքում, ես չգիտեմ՝ ինչպես ենք կարողանալու այդ գարշահոտությունը հանել շենքից։ Անիմաստ ծախս է լինելու, եթե եղածի վրա կառուցենք, 2 տարի հետո միեւնույն է՝ նորից փտելու է, ավելորդ խոսակցությունների տեղիք տա, ասեն՝ այդքան պետական գումարներ ներդրեցին, որ նորից փտի՞: Այս ամենի փոխարեն առաջարկում ենք ավելի լավ, ավելի ժամանակակից միջոց։

Առաջարկս ընդունվել է ՀՀ նախագահի եւ ՀԱՕԿ նախագահի կողմից. շուրջ 1,5 ամսից կլինի արդեն նախագիծը եւ գծագիրը։ Ամենաուշը մինչեւ դեկտեմբեր այն կընդունվի,  կհաստատվի եւ շատ արագ կսկսենք աշխատանքները, ժամանակակից կոնստրուկտորներով կկառուցնեք։

Եթե Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը մեզ համար լիներ ուղղակի շարքային մարզադպրոց, այն արդեն վաղուց վերանորոգված եւ շահագործման հանձնված կլիներ։ Բայց այդ մարզադպրոցը մեզ համար մեծ նշանակություն ունի, եւ մենք բոլորս ուզում ենք Գյումրիում ունենալ ըմբշամարտի կենտրոն՝ ի վերջո սա օլիմպիական, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի անունով է»։

 Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ