17:29  ,  17 սեպտեմբերի, 2017

«Բուդո» փառատոն Երեւանում

Երեւանում արդեն երկրորդ անգամ կայացավ ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը, որը նվիրված էր Հայաստանի եւ Ճապոնիայի  դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին:

Փատատոնին ներկա էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էիջի Տագուչին, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Ճապոնիայից Երեւան ժամանած կարատեի վարպետ Մասարու Կուսանոն եւ ձյուդոյի մասնագետներ Յուշիհարու Մակիշին եւ Հիրոշի Իզումին:

Ճապոնական մարտարվեստների սենսեյները հայ մարզասերների եւ մարզիկների համար փառատոնի ընթացքում հանդես եկան ցուցադրական ելույթներով: Ներկայացվեցին ձյուդո, այկիդո, կենդո մարզաձեւերը, նաեւ կարատեի տարբեր ոճեր, այդ թվում եւ շոտոկան կարատեն, որն առաջին անգամ ընդգրկված է լինելու Տոկիո-2020-ի օլիմպիական ծրագրում:

Փառատոնի ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես եկան հայ եւ ճապոնացի ձյուդոիստներ: Ճապոնացի ձյուդոիստները հայ ձյուդոիստներին ցուցադրեցին ձյուդոյի գրոհների, գցումների, պաշտանվելու հնարքներ:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանի խոսքով փառատոնը հնարավորությունն է տալիս հայ մարզիկներին ծանոթանալ ճապոնական մարտարվեստներին:

«Արդեն երկրորդ տարին է, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հետ մեկտեղ անցկացնում ենք «Բուդո» փառատոնը, որի հիմնական նպատակը ճապոնական մարտարվեստների պրոպագանդումն է: Անվանի վարպետներ են մեզ հյուրընկալվել՝ Օլիմպիական խաղերի մրցանակակիր, 2004-2005 թվականների աշխարհի չեմպիոն Հիրոշի Իզումին եւ աշխարհի փոխչեմպիոն, սենսեյ Յուշիհարու Մակիշին: Մենք կարողացանք համատեղ մարզումներ անցկացնել, եւ նրանք հնարավորություն ունեցան իրենց վարպետությունը փոխանցել մեր երիտասարդ եւ պատանի ձյուդոիստներին:

Ճապոնական մարտարվեստները մի յուրահատկություն ունեն, որ այս մարտարվեստներին տիրապետողը, օրինակ կոնկրետ ձյուդոյի նրբություններին տիրապետողը իր ունակությունները կարող է օգտագործել ոչ միայն սպորտում, այլեւ կյանքում, մասնավորապես զինվորական կյանքում, բանակում:

Ափսոսում եմ, որ երկարատեւ սեմինարներ այս փառատոնի շրջանակներում չկարողացանք անցկացնել, բայց կստեղծենք հնարավորություն, որ ճապոնական մարտարվեստների վարպետները, սենսեյները իրենց փորձը փոխանցեն նաեւ մեր մարզիչներին եւ մարզիկներին:

Ճապոնայի դեսպանը հայտարարեց, որ «Բուդո» փառատոնը շարունակական կլինի Հայաստանում, մինչեւ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերը: Մենք էլ, օգտվելով այս հնարավորությունից, ամեն տարի փառատոնի շրջանակներում մեծ վարպետների կհրավիրենք Հայաստան, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Հայաստանում այս մարտարվեստներով զբաղվողների համար»,- ասաց Դավիթ Խիթարյանը:

«Բուդո» փառատոնն անցկացվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան եւ ՀԱՕԿ-ի աջակցությամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով