19:33  ,  11 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյան - Մաքսիմ Մատլակով՝ եւս երկու պարտիա թայ- բրեյքում

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանի թայ-բրեյքում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 10+10 րոպե խաղաժամանակով պարտիաներում էլ չկարողացավ առավելության հասնել ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի նկատմամբ:

Առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ սպիտակներով, իսկ պատասխան պարտիայում պարտվեց սեւերով:

Այժմ կանցկացվի 5+3 րոպե խաղաժամանակով երկու պարտիա:

Հավասարության դեպքում կնշանակվի «արմագեդոն» պարտիա: 61-րդ քայլից ոչ ոքին կնշանակի սեւերով հանդես եկած շախմատիստի հաղթանակ:

Թայ-բրեյքում արագ խաղի երկու պարտիաներում էլ գրանցվել էր ոչ ոքի:

Առաջին երկու դասական պարտիաներում Լեւոն Արոնյանը հաղթանակից հետո երկրորդ պարտիայում պարտություն էր կրել:

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան 2018թ. մարտին Բեռլինում անցկացվելիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանում 0.5:1.5 հաշվով պարտվել է չինացի Բու Սիանձիին եւ դուրս մնացել պայքարից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում