13:31  AMT,  9 սեպտեմբերի, 2017

Հովհաննես Բաչկով. Բրոնզե մեդալով չեմ բավարարվում, բայց այս տարվա հաջողություններով բավարարված եմ

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալի ու Եվրոպայի ոսկե մեդալների շնորհիվ տարիներ անց կարողացա ինքս ինձ համոզել եւ ապացուցել, որ կարող էի ավելի շուտ այդ մեդալները նվաճել։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2017թ. Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Հովհաննես, շնորհավորում եմ երկար տարիների դադարից հետո Հայաստանի համար աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելու կապակցությամբ։ Բրոնզե մեդալը բա՞րդ տրվեց։ Ի՞նչ պակասեց ոսկե մեդալ նվաճելու համար։

Հաղթանակները հեշտ չեն տրվում։ Ամեն մի հաղթանակի հետեւում կա շատ տարիների քրտնաջան աշխատանք։ Ուրախ եմ, որ Հայաստանի թիմը երկար տարիների դադարից հետո աշխարհի առաջնությունից վերադարձավ մեդալով։ Ամենակարեւորն այն է, որ տարիներ անց կարողացա ինքս ինձ համոզել, որ կարող էի ավելի շուտ մեդալ նվաճել։

Բրոնզե մեդալի համար իսկապես ուրախ եմ, բայց կուզենայի ոսկե մեդալով տուն վերադառնալ, քանի որ այդ հնարավորությունները լիարժեք ունեի։ Ուղղակի դեռ չեմ վերլուծել ինքս ինձ համար, նաեւ մարզիչներիս հետ, թե ինչու չկարողացա մինչեւ վերջ պայքարս տանել Համբուրգում։ Դեռեւս այդ մասին չէի ուզի բարձրաձայնել, քանի որ իրականումշատ պատճառներ կան։

Ես չեմ ցանկանում պատճառներ գտնել կուբացու հետ կիսազերափակիչում պարտությանս համար։ Մենք այսօր գործ ունենք օրգանիզմի հետ։ Ինչքան ուզում ես ուժեղ եղիր, լավ զգա... Ինչքան ուզում է՝ զենքդ հզոր լինի , եթե փամփուշտ չունես, ինչո՞վ պետք է կրակես։

Դու ինքդ քեզնից գո՞հ ես։

Իհարկե, գոհ եմ։ Այս տարի աննախադեպ արդյունքներ գրանցեցի՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։ Մի պահ տխրեցի, որ կարող էի ոսկե մեդալ նվաճել Հայաստանի համար, բայց չստացվեց։ Բրոնզե մեդալով չեմ բավարարվում, բայց բավարարված եմ այս տարվա հաջողություններով։

Մշտապես աչքի ես ընկել ազգային հավաքականում քո քաշային կարգում, միջազգային մրցաշարերում, Հայաստանի առաջնություններում։ Մինչ 2017 թվականը քեզ ի՞նչն է պակասել նախկինում Եվրոպայի, աշխարհի առաջնություններից մեդալներով վերադառնալու համար։

Այնպես չէ, որ մենք, բռնցքամարտի Հայաստանի հավաքականը թույլ է եղել եւ այս մեկ տարվա ընթացքում դարձանք ուժեղ, բնավ... Միշտ էլ ուժեղ ենք եղել, պատրաստ ենք եղել կռվելու, ռինգում մինչեւ վերջ պայքարելու։ Այդ ամենը նաեւ բաց է եղել հանրության համար, նույն ձեւով կռվել ենք, բռնցքամարտել եւ մեր տեխնիկայում, տակտիկայում ոչինչ չի փոխվել։ Տարբերությունն այն է, որ այժմ մենք ունենք հնարավորություն լավ մարզավիճակ ձեռք բերել ճիշտ ժամանակին, լավ նախապատրաստվել մրցաշարերին։ Տարբեր տարիներին տարաբնույթ պատճառներ են եղել, որ Հայաստանը բռնցքամարտում մեդալներ չի նվաճել. առաջին եւ ամենամեծ խոչընդոտը եղել է մրցավարական կողմը, դրանից բացի էլի շատ պատճառներ։ Միշտ ինչ-որ բան մեզ խանգարել է միջազգային ռինգում, բայց ուժով չենք զիջել եւ այս մեկ տարվա ընթացքում ավելի շատ չենք ուժեղացել։

Բազմիցս ասել եմ, որ գուցե բռնցքամարտն անհատական մարզաձեւ է, ռինգում դու ես եւ մրցակիցդ, բայց հաղթանակները կոլեկտիվ աշխատանքի արդյունքն են։ Թե Եվրոպայի ոսկե մեդալս, թե աշխարհի առաջնության բրոնզե մեդալս մեր թիմի, մեր մարզչական խմբի եւ մեր աշխատանքի արդյունքն է։ Ռինգից դուրս մարզիկի եւ մարզիչների աշխատանքը ղեկավարվում է հսկայական կոլետիվ աշխատանքով։ Եթե մարզիկն ու մարզիչն իրար ճիշտ չհասկանան, մի նպատակի համար միասնական չաշխատեն, հաջողություն չի կարող լինել։

Համբուրգի մարզապալատում կային մեծ թվով երկրպագուներ, ովքեր քո մենամարտերի ժամանակ անունդ էին վանկարկում, քեզ աջակցում։ Քեզ օգնո՞ւմ է, երբ Հայաստանից դուրս աջակցություն ես ստանում տրիբունաներից։ Երկրպագուների ձայները լսո՞ւմ ես ռինգում։

Իսկապես Համբուրգում ես եւ Կարեն Տոնականյանը մեջ աջակցություն ունեինք նաեւ տրիբունաներից, բացի այն, որ գիտակցում էինք, թե ինչպես են մեզ երկրպագում հայրենիքում։ Մեզ այնտեղ շատ օգնեց հավաքականի արդեն նախկին անդամ, պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես եկող Արամ Ավագյանը։ Անձամբ նրանից շատ շնորհակալ եմ, քանի որ նա մեզ շատ օգնեց թե նախապատրաստական փուլում, թե մրցումների օրերին։ Մենք մի քանի օր շուտ էինք մեկնել Համբուրգ եւ մարզումնային օրերին, քանի որ սփարինգ մրցակիցներ չունեինք, Արամ Ավագյանը մեզ օգնում էր, միասին մարզումներ էինք անցկացնում, որպեսզի հետ չընկնենք մարզավիճակից։

Երկրպագուների ներկայությունը մարզապալատում շատ է օգնում յուրաքանչյուր մարզիկի: Կարծում եմ, բոլոև մարզաձեւում էլ այդպես է։ Հատկապես ոգեւորությունդ կրկնակի է, երբ դու քո հայրենիքից շատ հեռու ես եւ այնտեղ էլ երկրպագում են քեզ, հայրենակիցներ են հավաքվում, աջակցում են տրիբունաներից, օգնում եւ ներշնչում են, որ հաղթանակի հասնես։ Բռնցքամարտում մեր հաղթանակներում երկրպագուների գործոնը շատ մեծ է, իսկապես մեկ ուրիշ լիցք ես ստանում, երբ ուժերդ հատում են եւ հանկարծ ականջիդ հասնում է տրիբունաներից «Հայաստան» կամ քո անունով վանկարկումները։ Այդ ամենը բռնցքամարտիկին մի քանի վայրկյան ավելի ուժ է տալիս։ Իսկ այդ մի քանի վայրկյանում հնարավոր է շատ բան փոխել ռինգում՝ կրկնակի շատ հարվածներ հասցնել մրցակցիդ։

Լսում էի մեր երկրպագուներին, ունեմ այդ հնարավորությունը՝ թե մարզիչիս լսելու, թե մենամարտը վարելու, թե երկրպագուներին լսելու։ Հանգիստ եմ լինում ռինգում, եւ դա ինձ թույլ է տալիս լսել բոլոր ձայները։

Աշխարհի բրոնզե մեդալն ի՞նչ է փոխել Եվրոպայի գործող չեմպիոնի կյանքում։

Ես դեռ չգիտեմ՝ ինչ է փոխել։ Մի քանի օր է ինչ եկել ենք։ Դեռ փոփոխություն չեմ զգում։ Դեռ չեմ որոշել իմ հետագա անելիքները։ Դեռեւս միայն որոշում եմ կայացրել այս շրջանում հանգստանալ, քանի որ Եվրոպայի առաջնությունից մինչեւ աշխարհի առաջնություն կարճ ժամանակ էր տրված, եւ ես չհասցրեցի Եվրպայից հետո հանսգատանալ, վերականգնվել։ Այժմ մտածում եմ միայն հանգստանալու մասին։ Երբ ուղեղս սկսի սթափ մտածել, արդեն որոշում կկայացնեմ՝ մնալու եմ սիրողական բռնցքամարտում, թե կշարունակեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես գալ։

Չե՞ս ափսոսում կորցրած ժամանակի համար։

Ասում են՝ ամեն ինչ լինում է իր ժամանակին։ Մի գուցե իմ ժամանակն էլ 2017 թվականն էր։ Եթե հաջողությամբ է ավարտվում, ուրեմն վերջն է, իսկ եթե հաջողությամբ չի ավարտվում, ուրեմն ամեն ինչ դեռ առջեւում է։ Ես շատ կուզեմ նվաճել աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ Մինչ այդ որոշմանը գալը, դեռ տեւական ժամանակ կհանգստանամ եւ չեմ ծանրաբեռնի ինձ այդ մտածմունքներով։

Կուզե՞ս 2,5  տարեկան որդիդ նույնպես բռնցքամարտով զբաղվի։

Չգիտեմ՝ կգնա իմ հետքերով, թե ոչ, բայց անպայման կլինի սպորտում։ Յուրաքանչյուր մարզումային օր նա ինձ հետ գալիս է բռնցքամարտի դալիճ։ Ամեն առավոտ ասում է՝ ինձ տարեք բռնցքամարտի դահլիճ։ Մենամարտերիս շատ մեծ ուշադրությամբ է հետեւում եւ անդադար բղավում է՝ «պապա ջան, չեմպիոն եղիր»։ Հենց վերադարձա Համբուրգից, բռնցքամարտի կաշվե ձեռնոցները հագած, բռունցքներն իրար հարվածելով ասաց՝ «ես էլ պետք է չեմպիոն դառնամ»։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...