11:12  AMT,  9 սեպտեմբերի, 2017

Ռոբերտ Էմմիյան. Հայաստանի կառավարությունից պահանջվում է ընդամենը 10 հազար դոլար եւ վազքուղու ասֆալտապատում

Երեւանում աթլետիկայի ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու նախագիծն իրականացնելու համար Հայաստանի ղեկավարությունից այլեւս ոչինչ չի պահանջվում գումարային առումով, քանի որ միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաների աջակցությամբ «Հերկուլան» ընկերությունը համաձայնել է ամբողջ աշխատանքն իրականացնել 170 հազար եվրոյով: Հայաստանի կողմից պահանջվում է միայն «Հրազդան» ստադիոնի շուտափույթ  ասֆալտապատում եւ չնչին գումարի` 10-12 հազար դոլարի ներդրում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:  Նրա հրավերով Հայաստանում էր հեռացատկի աշխարհի կրկնակի ռեկորդակիր, Օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Իգոր Տեր-Հովհաննիսյանը:

Ռոբերտ Էմմիյանն ու Իգոր Տեր-Հովհաննիսյանը Գյումրիում ներկա եղան «Էմմիյանի գավաթի» խաղարկությանը: Իսկ Ռոբերտ Էմմիյանը հերթական անգամ վերընտրվեց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Պարոն Էմմիյան, այս օրերին Գյումրիում կայացավ  աթլետիկայի «Էմմիյանի գավաթի» խաղարկությունը: Արդյունքները գոհացնո՞ղ էին:

Այս տարվա խաղարկությունն ինձ համար շատ կարեւոր էր: Իմ հրավերով Հայաստանում էր խորհրդային տարիների լեգենդար աթլետ Իգոր Տեր-Հովհաննիսյանն իր դստեր հետ: Իմ անվան գավաթի խաղարկությանը մասնակցեց նաեւ Տեր-Հովհաննիսյանի 20-ամյա դուստրը հեռացատկում եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: Ընդհանուր արդյունքներից գոհ եմ: Մեր աթլետները լավ ներուժ ունեն: Մենք այսօր մրցունակ ենք միջազգային ասպարեզում: Ուրախ եմ, որ յուրաքանչյուր տարի մեծ պատվով կազմակերպվում եւ անցկացվում է իմ անվան գավաթի խաղարկությունը: Նաեւ կրկնակի ուրախ էի, որ առաջին անգամ այս խաղարկությանը մասնակցեց նաեւ Իգոր Տեր-Հովհաննիսյանի դուստրը:

Տեր-Հովհաննիսյանն իմ շատ լավ ընկերն է: Նա մեծ պատվի արժանաշավ Հայաստանում, Գյումրի քաղաքը նրա կյանքում մեծ նշանակություն ունեցող վայր է: 1968 թվականին Իգոր Տեր-Հովհաննիսյանը իր ռեկորդներից մեկը (8 մ 28 սմ) սահմանել է հենց Լենինականում: Գավաթի խաղարկությունից հետո Տեր-Հովհաննիսյանը ցանկություն հայտնեց իր դստերը ներգրավել Հայաստանի հավաքականում եւ ինձ ասաց, որ կնախաձեռնի դստեր հայկական անձնագիր ունենալու հարցը եւ աղջկան սիրով կընդգրկենք Հայաստանի հավաքական: Ես ինքս շատ ուրախ կլինեմ, որ լեգենդար աթլետի դուստրը հանդես գա Հայաստանի դրոշի ներքո: Մեծ պատիվ կլինի մեզ համար:

Մեծ տպավորություններով Իգոր Տեր-Հովհաննիսյանին ճանապարհեցի Հայաստանից: Այժմ նա բնակվում է Մոսկվայում: Մենք սերտ կապերի մեջ: Նա նույնպես իր աջակցությունը հայտնեց Հայաստանում աթլետիկայի զարգացման հարցում: Հանդիպումներ ունեցանք սպորտի ղեկավարների հետ, Տեր-Հովհաննիսյանը եւս կարծիք հայտնեց, որ հայ մարզիկների համար Հայաստանում բացակայում են մարզվելու պայմանները, մասնավորապես ռետինե վազքուղին:

Հիշեցնենք, որ դեռ 2015 թվականին Ռոբերտ Էմմիյանը դիմել էր Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիային եւ միջազգային ֆեդերացիային՝ Երեւանի «Հրազդան» ստադիոնում ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու նախագծին աջակցելու հարցով: Համաձայնություն կար նաեւ Հայաստանի կառավարության կողմից՝ ֆինանսական աջակցության մի մասը ապահովելու հարցում: Ըստ Ռոբերտ Էմմիյանի կանխատեսումների՝ վազքուղին պետք է պատրաստ լիներ 2016 թվականի մայիսին, եթե Հայաստանի կառավարությունը ժամանակին կատարեր ֆինանսական փոխանցումները: Սակայն 2016 թվականի դեկտեմբերին Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ «Հրազդան» ստադիոնում միջազգային ստանդարտներին համապատասխանող ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու Ռոբերտ Էմմիյանի նախագիծը հնարավոր չէ իրականացնել, քանի որ «Հրազդանը» սնանկ է ճանաչված: Լեգենդար մարզիկը չհրաժարվեց իր երազանքից եւ միջազգային ֆեդերացիային նորից խնդրեց երկարաձգել պայմանավորվածությունը եւ կառուցման ժամկետը մինչեւ 2017 թ. հուլիսի վերջ: Բայց Հայաստանի կառավարությունն ու սպորտի նախարարությունն այդպես էլ պատասխան չտվեցին:

Պարոն Էմմիյան, Դուք դեռ չե՞ք հրաժարվել Երեւանում միջազգային ստանդարտներին համապասխան ռետինե ծածկույթով վազքուղի ունենալու Ձեր երազանքից:

Ոչ… Ես ունեմ հրաշալի նորություն եւ արդեն զգում եմ իմ վաղեմի երազանքի մոտալուտ իրականացումը: Քանի որ երկրում տնտեսական վիճակը թույլ չի տալիս այդքան մեծ գումար հատկացնել վազքուղու կառուցման համար, եւ ես ինքս էլ գիտակցում եմ, որ 220 հազար դոլարը քիչ գումար չէ մեր երկրի կառավարության համար, վերջերս Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությունում միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաների ղեկավարների առջեւ կրկին բարձրացրեցի հարցը, բացատրեցի իրավիճակն ու ձգձգման պատճառները: Հենց Լոնդոնում եվրոպական «Հերկուլան» ընկերությունը, որը բալկանյան ասոցիացիայի հովանավորն է, առաջարկեց ամբողջական կառուցումն իրականացնել 170 հազար եվրոյով: Սա անհավանական գումար է, քանի որ այս նախագիծն իրականում 1 միլիոն դոլար արժողության ներդրում է պահանջում: Ես այն կարողացա Հայաստանի համար իջեցնել  380 հազար դոլարի, որից 160 հազար դոլարը մեզ խոստացավ նվեր անել միջազգային ֆեդերացիան: Այժմ նախկին 220 հազար դոլարի փոխարեն Հայաստանի կառավարությունն այս նախագիծն իրականցնելու համար պետք է ներդնի ընդամենը 10-12 հազար դոլար, քանի որ 170 հազար եվրոպայից 160 հազար դոլարը տրամադրում է միջազգային ֆեդերացիան: Ես անմիջապես կապ հաստատեցի Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ, ներկայացրեցի նրան մեզ ուղղված առաջարկ-աջակցությունը, նա շատ ուրախացավ եւ խոստացավ շատ արագ կազմակերպել կառուցման աշխատանքների մեկնարկը:

Իսկ ի՞նչ պարտականություններ ունի Հայաստանի կողմը:

Մեզ ոչինչ չի մնում անել, բացի կազմակերպչական եւ տեխնիկական հարցերից: Ես զրույց ունեցա նաեւ Երեւանի «Հրազդան» ստադիոնի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի հետ, ով նույնպես մեծ սիրով համաձայնեց ստադիոնում վազքուղի կառուցել: Մենք կնքեցինք նաեւ պայմանագիր, որ 10-15 տարի ստադիոնում աթլետիկայի Հայաստանի հավաքականը կարող է անցկացնել մարզումներ, մրցումներ, հյուրընկալենք միջազգային մրցաշարեր: Միակ խնդիրն այս պահին, որ լուծման կարիք ունի, դա «Հրազդան» ստադիոնի վազքուղիների շուտափույթ ասֆատապատումն է: Սպորտի ղեկավարության հետ այս օրերին ունեցա հանդիպումներ եւ ինձ խոստացան, որ ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի կողմը կկազմակերպի եւ կիրականացնի: Անմիջապես դրանից հետո 2 շաբաթ անց մենք կունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան ռետինե ծածկույթով վազքուղի: Ես ժամանակ չեմ կորցնի եւ կդիմեմ եվրոպական ֆեդերացիային, որպեսզի Եվրոպայի հաջորդ թիմային առաջնությունն անցկացվի Հայաստանում, մեր գեղեցիկ մայրաքաղաքում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...