15:19  ,  7 սեպտեմբերի, 2017

Փաշիկ Ալավերդյան. Հայաստանը պաշտոնական գրություն չի ստացել, որ կզրկվի ԱԱ-ին մասնակցելու իրավունքից

Հայաստանը որեւէ պաշտոնական ինֆորմացիա, նամակ, գրություն չի ստացել, որ կզրկվի 2017 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից։ Այս ինֆորմացիան տարածողները ուզում են ծանրամարտը դարձնել շաշկու խաղ։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը։

Այս օրերին շրջանառվում են լուրեր, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հատուկ հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին Բուխարեստում հանդես կգա 9 երկրների ազգային հավաքականներին 2017 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկելու առաջարկով եւ 9 երկրների թվում է հայտնվել նաեւ Հայաստանը: Լուրը տարածել է insidethegames.biz-ը:

«Ես ոչինչ չգիտեմ, ես պաշտոնական ոչ մի տեղություն չեմ ստացել։ Հենց ստանամ, կհայտարարեմ։ Անհասկանալի է, թե ինչ հիմքերով կարող են այդ երկրներին զրկել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից։ Այս որոշումը չի տարածել Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, միջազգային ֆեդերացիայի կայքը։ Հայաստանին երբեք չի սպառնացել նման որոշում։ Այդ որոշումները կայացնողները Հիտլերի թոռներն են, ովքեր նպատակ ունեն այս մարզաձեւը վերջնական ջնջեն, ծանրորդներին դարձնեն շաշկի-մաշկի խաղացող երեխեք։ Եթե այս ամենն իրականությանը համապատասխաներ, ես պետք է նամակ ստանայի միջազգային ֆեդերացիայից։ Եթե ստացած լինեի, կասեի, պահելու բան չէ»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս պատժամիջոցը կարող է կիրառվել ծանրամարտի այն հավաքականների նկատմամբ, որոնք 2008 եւ 2012 թվականների Օլիմպիական խաղերի դոպինգ-ստուգումներում դրական արդյունք գրանցած նվազագույնը 3 մասնակից ունեն:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 22-ին ՄՕԿ-ի պաշտոնական կայքը հայտարարություն տարածեց այն մասին, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակիցների դոպինգ նմուշների վերահետազոտման հիման վրա, Հայաստանի ներկայացուցիչ, 29-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է օլիմպիական բրոնզե մեդալից։ Հայտարարության մեջ ասվում էր, որ ծանրամարտի կանանց +75 կգ քաշային կարգի օլիմպիական մրցմանը մասնակցած Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ նմուշի մեջ հայտնաբերվել է տուրինաբոլ եւ ստանոզոլ արգելված դեղամիջցներ:

Նույն իրավիճակում 2016 թվականի ամռանը հայտնվեց նաեւ Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի 69 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը: Գյումրեցի ծանրորդի դոպինգ թեստի վերստուգման արդյունքում էլ հայտնաբերվել էր ստանոզոլոլ ու եւս մեկ արգելված խթանիչ: 

 2017 թվականի հունվարին Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակեց Պեկին-2008-ի եւ Լոնդոն-2012ի Օլիմպիական խաղերում դոպինգի համար որակազրկված մարզիկների վերջնական ցուցակը։ Նրանց թվում հայտնվեց նաեւ 2008թ. ԱՄՆ-ի չեմպիոն, ծանրորդ Նորայր Վարդանյանը, որը Լոնդոնի Օլիմպիական խաղերում ներկայացրել էր Հայաստանը։

Ի դեպ, օլիմպիական մեդալակիրներ Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տիգրան Մարտիրոսյանի որակազրման ժամկետները մինչ օրս վերջնական որոշված չեն։

«Որոշումը լինելու է այն, թե որքան կորակազրկվեն եւ ինչ պետք է արվի նրանց հետ: Այդ որոշումը կայացնելու է ոչ թե ՄՕԿ-ը, այլ միջազգային ֆեդերացիան: ՄՕԿ-ը միայն մեդալի տերն է, իսկ թե մարզիկին քանի տարով կորակազրկեն, միջազգային ֆեդերացիան կորոշի եւ կհայտարարի։ Մենք դեռ սպասում ենք այս որոշմանը։ Հուսանք՝ մինչեւ սեպտեմբերի վերջ պատասխանը կլինի, թե ինչ ճակատագիր կունենան մեր երկու հզոր ծանրորդները։ Ես լիահույս եմ, որ մեր մարզիկների որակազրկումը կարճաժամկետ կլինի կամ արդեն լրացած կլինի՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերին չմասնակցելով։

Բացի Հայաստանի հավաքականից, նոյեմբերին Անահայմում մեկնարկող աշխարհի առաջնությանը կարող են չմասնակցել Ռուսաստանը (դոպինգի 10 դրական արդյունք), Չինաստանը (3), Ադրբեջանը (5), Թուրքիան (3), Ղազախստանը (10), Բելառուսը (7), Ուկրաինան(3) եւ Մոլդովան (3):

Հայաստանի հավաքականները պատրաստվում են ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը։ Արդեն մեկնարկել են ծանրորդների ուսումնամարզական հավաքները։

«Դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Տղամարդկանց կազմը մոտավոր որոշված է՝ Անդրանիկ Կարապետյան՝ 85 կգ, Սիմոն Մարտիրոսյան՝ 105 կգ, Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան գերծանր քաշ։ Նրանցից երեքը շատ լավ հանդես եկան Ունիվերսիադա-2017-ում։ Սիմոնն ու Գոռը դարձան չեմպիոններ, բայց ինձ ամենաշատն ուրախացրեց Անդրանիկ Կարապետյանի արծաթե մեդալը։ Անկեղծ մեդալի սպասելիք չունեինք, բայց Անդրանիկ Կարապետյանը հաստստեց իր հաղթական վերադարձը։ Եվ ես վստահ եմ, որ նա թե հոգեպես, թե ֆիզիկապես պատրաստ է դուրս գալ աշխարհի առաջնության մրցահարթակ։ Մեծ դժվարությամբ եւ ուժեղ կամքի ուժով Անդրանիկը հաղթահարեց Օլիմպիական խաղերից հետո մնացած հոգեբանական ընկճվածությունը, արմունկի շատ լավ վիրահատություն անցավ եւ այժմ ոչ մի մրցման նրա ձեռքը այլեւս չի խանգարի մեծ կիլոգրամները գլխավերեւում պահել։

Ունիվերսիադայի կիլոգրամները բավարար չեն աշխարհի առաջնությունում մեդալների համար պայքարի մեջ մտնելուն։ Պետք է կիլոգրամները ավելացնենք»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը ։

Սեպտեմբերի 6-ից ծանրամարտի տղամարդկանց Հասյաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորի մարզաբազայում։ Մինչեւ աշխարհի առաջնությունը հավաքներ կլինեն նաեւ Աբովյանի մարզաբազայում, Երեւանի Օլիմպավանում եւ վերջինը՝ արտագնա, որի վայրը դեռ որոշված չէ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով