21:39  ,  31 օգոստոսի, 2017

ԱԱ. Հովհաննես Բաչկովը բավարարվեց բրոնզե մեդալով

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը չկարողացավ դուրս գալ Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում եզրափակիչ եւ բավարարվեց բրոնզե մեդալով:

64 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Եվրոպայի չեմպիոն Բաչկովը պարտվեց կուբացի Էնդի Գոմես Կրուզին: Բոլոր մրցավարներն առավելությունը տվեցին Կրուզին՝ 5:0:

Առաջին ռաունդում կուբացի բռնցքամարտիկն ավելի ակտիվ էր, իսկ Հովհաննես Բաչկովը պաշտպանվում էր եւ հնարավորության դեպքում նաեւ գրոհում: Երկրորդ ռաունդն ավելի ակտիվ սկսեց հայ բռնցքամարտիկը: Այս ռաունդը ստացվեց շատ դիտարժան: 2 բռնցքամարտիկներն էլ կատարեցին մի շարք հարվածներ, բայց կուբացին ավելի դիպուկ էր: Երրորդ ռաունդում Բաչկովը շատ ակտիվ էր, իսկ մրցակիցը հրաշալի էր պաշտպանվում եւ հասավ հաղթանակի:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր ղազախ Բեկդաուլետ Իբրագիմովին: Քառորդ եզրափակիչում նա պայքարից դուրս էր թողել Մոնղոլիայի ներկայացուցիչ Չինզորիգ Բասթարուխին (4:1) եւ, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր նաեւ Կարեն Տոնականյանը (60 կգ), որը 1/8 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել էր ուզբեկ Էլնուր Աբդուրահիմովին եւ լքել պայքարը:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս