10:41  +04,  30 օգոստոսի, 2017

Հայ մարմնամարզիկներն ունեն Բաքվում մրցաշարի մասնակցության խնդիր

2018 թվականի պատանեկան ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության միակ վարկանիշային մրցաշարը կայանալու է Բաքվում։ Եթե մեզ չտան երաշխիքներ կամ հայկական սպորտի ղեկավարությունը որոշի, որ չենք մասնակցելու, նշանակում է մեր մարզիկները զրկվում են Խաղերից։ Ես դեկտեմբերին Խորվաթիայում կայանալիք եվրոպական ֆեդերացիայի նախագահի ընտրությունների կոնգրեսում բարձրացնելու եմ այս հարցը, որ կամ մեզ մեկ տեղ տան առանց մրցաշարին մասնակցելու կամ երաշխիքներ, որ մեր թիմն անվտանգ կլինի Բաքվում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Եվրոպական ֆեդերացիայի նախագահի թեկնածուներից մեկը ադրբեջանցի է եւ նրա ընտրվելու դեպքում, հնարավոր է՝ հայ մարմնամարզիկների առջեւ շատ դռներ փակվեն։

«Սպորտային մարմնամազրության Եվրոպայի առաջնությունները սովորաբար անցկացվում են գարնան ամիսներին։ 2018 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է ամռանը՝ օգոստոսին։ 2018 պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր մարմնամարզիկները հնարավորություն ունեին նվաճել Եվրոպայի առաջնությունում, բայց առաջին անգամ որոշում է կայացվել Եվրոպայի առաջնությունից բացի մեկ վարկանիշային մրցաշար անցկացնել գարնանը, քանի որ արդեն 2018թ. օգոստոսին կայանալու է պատանեկան Օլիմպիական խաղերը։ Իսկ Խաղերի ժամանակաշրջանն ու Եվրոպայի առաջնության անցկացմանը օրերը համընկնում են։ Այդ պատճառով մեկ որակավորման մրցաշար կլինի եւ միայն այդ մրցումներին մարմնամարզիկները հնարավորություն ունեն վաստակել պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Մրցաշարն անցկացվելու է Բաքվում»,- ասաց Հակոբ Սերոբյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչը դեկտեմբերին Խորվաթիայում մասնակցելու է եվրոպական ֆեդերացիայի նախագահական ընտրություններին, որտեղ բարձրացնելու է պատանեկան Օլիմպիական խաղերում հայ մարմնամարզիկների մասնակցության հարցը։

«Այդ կոնգրեսին ես կներկայացնեմ, որ եթե մենք ի վիճակի չենք մասնակցել, քանի որ անվտանգությունը չի ապահովվում, թշնամական երկիր է մեզ համար Ադրբեջանը, իսկ մենք ունենք մարմնամարզիկներ, ի՞նչ է լինելու։ Ես առաջարկով հանդես կգամ, որ եթե խնդիր է եւ չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը, ինչը նշանակում է լուրջ խնդիրների առաջ կանգնել, մեզ ուղղակի մեկ տեղ տրամադրեն պատանեկան Օլիմպիական խաղերում։ Մենք օբյեկտիվ պատճառներ ունենք՝ չմասնակցելու։ Նախադեպը կա, որ նման իրավիճակում երկրներից մեկին մեկ տեղ տվեցին․ 2010 թվականի Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերից առաջ Եվրոպայի առաջնությունն ու Խաղերի որակավորման փուլը Գլազգոյում էր։ Իսլանդիայում հրաբուխ եղավ։ Այդտեղ չմասնակցեցին Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները։ Իրենց թույլ տվեցին պատանեկան Օլիմպիական խաղերին մասնակցել, այդ երկու երկրներին՝ 1-ական տեղ տրամադրելով։

Ժորա Սմբատյանը, Նարբե Հակոբյանը եւ Գագիկ Խաչիկյանը պատանեկան Օլիմպիական խաղերում բարձր արդյունքներ գրանցելու իրական շանսեր ունեն։ Նրանցից մեկը պետք է մասնակցի։

Ես չեմ կարող վտանգի ենթարկել իմ սաների կյանքը։  Այնտեղ մթնոլորտը սովորաբար լարված է լինում, երբ հայերն են մասնակցում։ Ամեն ինչ կհանդուրժեմ, այդ լարված ճնշված մթնոլորտը կարող ենք հաղթահարել, բայց եթե հանկարծ հայհոյեցին, իսկ նրանք հայերեն են հայհոյում, ես չեմ կարող ինձ զսպել»,- մանրամասնեց Հակոբ Սերոբյանը։

Թե ինչ ազդեցություն կունենա Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ադրբեջանցու նշանակումը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի խոսքով, բազմաթիվ խոչընդոտներ կծագեն հայ մարմնամարզիկների առջեւ։

«Այժմ այդ ադրբեջանցին ֆեդերացիայի փոխնախագահն է։ Մենք մասնակցում ենք Եվրոպայի առաջնություններին, մենք Եվրոպայի չեմպիոն ունենք, փոխչեմպիոններ, կարողանում ենք մեդալներ նվաճել։ Բայց ադրբեջանցու նշանակվելուն պես գուցե բազմաթիվ խնդիրներ առաջանան հայ մարմնամարզիկների մասնակցության հարցերում։ Չնայած մտավախություն այդքան էլ չունեմ, քանի որ մեր տղաներն ուժեղ են, մրցունակ։ Ամեն դեպքում որոշակի առումով իր ազդեցությունը կունենա ադրբեջանցի նախագահը։ Ես միայնակ չեմ լինելու նրան դեմ քվեարկողներից. խոսել եմ բազմաթիվ երկրների ներկայացուցիչների հետ, ովքեր ցանկանում են Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում տեսնել սլովակին»,- շեշտեց Հակոբ Սերոբյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով