11:07  AMT,  27 օգոստոսի, 2017

Հաբեթնակ Կուրղինյանը՝ Փարիզից. Գոհ եմ այնքանով, որ մեդալներ նվաճեցինք

Այս թիմը ունի ավելի մեծ հաջողությունների հասնելու եւ ավելի բարձր տեղեր գրավելու մեծ ներուժ ։ Աշխարհի առաջնության երկու բրոնզե մեդալներն այն արդյունքն էին, որին թիմն այս պահին պատրաստ էր։ Գոհ եմ թիմի մասնակցությունից, բայց դեռ աճելու տեղ ունենք։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտեց երկու բրոնզե մեդալով: Հայաստանի համար մեդալներ նվաճեցին 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն եւ 97 կգ քաշային Գեւորգի Կետոեւը։ Մյուս քաշային կարգերում Հայաստանի 3 ներկայացուցիչներ Գարիկ Բարսեղյանը, Վալոդյա Ֆրանգուլյանն ու Գրիգոր Գրիգորյանը մնացին առանց մեդալների։

2017 թվականի հունիսի 19-ից թիմի գլխավոր մարզիչի պարտականությունները ժամանակավոր ստանձնած Հաբեթնակ Կուրղինյանի համար աշխարհի առաջնությունն առաջին լուրջ փորձությունն էր։ Հաբեթնակ Կուրղինյանին աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում եւ Փարիզում օգնում էր թիմի երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանը։

Պարոն Կուրղինյան, շնորհավորում եմ 2 բրոնզե մեդալների կապակցությամբ։ Ամփոփեք աշխարհի առաջնությունը։ 

Ուրախ եմ, որ մեր թիմն աշխարհի առաջնությունից վերադառնում է 2 մեդալով։ Լեւան Բերիանիձեն եւ Գեորգի Կետոեւը լավ հանդես եկան։ Կարեւորը արդյունքն է, իսկ արդյունքը երկու բրոնզե մեդալներն են։ Թիմի մյուս անդամներն էլ լավ հանդես եկան, վատ չէր։ Այս թիմի հետ կարելի է աշխատանք տանել եւ ավելի մեծացնել հաջողությունները։

Լեւան Բերիանիձեի եւ Գեորգի Կետոեւի հնարավորությունները բավարարում էին միայն բրոնզե՞ մեդալների, թե՞ ավելին կարող էին։

Երեւի թե այսքանի էինք պատրաստ դեռեւս։ Երկու ըմբիշներն էլ ինչ կարող էին, արեցին։ Այս պահին այս մարզավիճակով եւ այս իրավիճակում այսքան էին կարող։

Մինչեւ Փարիզ մեկնելը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էիք, որ ակնկալիքներ ունեք նաեւ Վալոդյա Ֆրանգուլյանից եւ Գրիգոր Գրիգորյանից։ Ի՞նչը նրանց խանգարեց։

Այս պահին դեռեւս չեմ կարող ամփոփել Ֆրանգուլյանի եւ Գրիգորյանի պարտությունները։ Եղավ այն, ինչ եղավ։ Աշխատանք կա անելու, իրենք ունեն այն ներուժը, որը կբերի հաղթանակների։ Երկուսն էլ կարող էին մեդալներ նվաճել այս առաջնությունում։ Ունեն բոլոր հնարավորությունները հասնել այն արդյունքներին, որոնք ունեցան Բերիանիձեն եւ Կետոեւը, եւ դեռ ավելին։ Այս աշխարհի առաջնությունում չստացվեց։ Պետք է աշխատենք։

Գո՞հ եք թիմի ընդհանուր մասնակցությունից։

Գոհ եմ այնքանով, որ մեդալներ նվաճեցինք։ Երկար ժամանակ աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը մեդալներ չէր նվաճել։ Անշուշտ, այս մեդալներն ուրախացնում են։ Կշարունակենք եւ կաշխատենք ավելի բարձր արդյունքների հասնել։ Այս թիմում բոլոր ըմբիշներն էլ լավն են, ուժեղ են եւ բոլորն էլ կարող են մեծ արդյունքների հասնել։ Անպարտելի մարզիկ չկա։ Բոլոր մրցակիցներին էլ կարելի է հաղթել։

Թե հաղթանակները, թե պարտությունները Դուք շատ հանգիստ եք ընդունում։ Սա առավելությու՞ն է, թե՞ թերություն։

Այո, իրականում այդպես է։ Չեմ կարող ասել՝ առավելությունն է իմ, թե թերությունը։ Ես այդպես եմ՝ կարծում եմ, թերություն է։ Բայց չի նշանակում, որ չեմ ուրախանում մեր տղաների հաղթանակով, կամ պարտության դեպքում չեմ քննադատում, նկատողություններ չեմ անում։ Մի անգամ ասել եմ, որ թե հաղթանակը եւ թե պարտությունը մարզիկինն են։ Ըմբիշը գորգ դուրս գալիս պետք է գիտակցի, որ ինքն է, մրցակիցը եւ գորգը։ Ես մարզիկին պատրաստում եմ մարզումային փուլում եւ, եթե թույլ եմ տալիս դուրս գալ գորգ տվյալ առաջնությունում, ուրեմն հավատում եմ իմ ըմբիշին։ Մնացածն արդեն մարզիկի աշխատանքն է։

Մեր թիմի տղաները բոլորն էլ գիտեն, որ ես շատ հանգիստ եմ վերաբերվում հաղթանակներին, պարտությունների էլ։ Եթե հաղթում ենք, ուրեմն չենք բավարարվում եւ ավելի բարձր մեդալի համար ենք շարունակում պայքարել։ Եթե պարտություն է, ուրեմն շարունակում ենք սխալների, բացթողումների վրա աշխատել այնքան, մինչեւ հասնենք հաղթանակի։ Չգիտեմ, իմ այս տեսակետը որքանով է դրական կամ բացասական ազդում թիմի, մարզիկների եւ արդյունքների վրա, բայց ունենք այն, ինչ ունենք։

Ի՞նչ  կասեք մրցավարության մասին։

Ես սովոր եմ մրցավարության վրա չկենտրոնանալ։ Իհարկե, լինում են անարդարություններ, բայց չեմ սիրում դժգոհել մրցավարությունից, պարտությունների մեղքը դնել մրցավարների վրա, ընկնել նմանատիպ դժգոհությունների հետեւից։ Ամեն ինչի պատճառները պետք է մեր մեջ փնտրենք։ Ըմբշամարտն անհատական մարզաձեւ է եւ հնարավոր չէ մեր մարզաձեւում խուսափել սուբյեկտիվությունից։ Ըմբշամարտում մրցավարներն ամեն ինչում էլ սուբյետիվ են։ Բայց նաեւ ընդունում եմ այդ սուբյեկտիվությունը, քանի որ մարդ չի կարող 100 տոկոսան օբյեկտիվ լինել։

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
Ո՞ր ակումբի երկրպագուն եք
«Բարսելոնա»
«Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Չելսի»
«Բորուսիա Դորտմունդ»
«Բավարիա»
«Յուվենտուս»
Այլ ակումբ
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...