03:05  +04,  22 օգոստոսի, 2017

Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Փարիզից. Շատ կուզենայի, որ կարողանայինք կրկնել այս արդյունքները մինչեւ օլիմպիական շրջափուլի վերջը

Չգիտեմ զգացողություններս բառերով ինչպես փոխանցեմ՝ շատ լավ եմ զգում ինձ։ Շատ կուզենայի, որ կարողանայինք մինչեւ այս օլիմպիական շրջափուլի վերջը այսպես պահել, կրկնել արդյունքները։

Այս մասին Փարիզից NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց երրորդ անգամ աշխարհի չեմպիոն հռչակված, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը՝ նրա անձնական մարզիչ, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն առաջին անգամ աշխարհի չեմպիոն է դարձել 2014 թվականին Տաշքենդում, ապա՝ 2015 թվականին Լաս Վեգասում:

Պարոն Ալեքսանյան, NEWS.am Sport-ը շնորհավորում է Ձեզ Արթուր Ալեքսանյանի երրորդ չեմպիոնական տիտղոսի կապակցությամբ։ Ի՞նչ զգացողություններ ունի աշխարհի եռակի չեմպիոնի հայրն այս պահին։

Արդեն ամեն կերպ Արթուր Ալեքսանյանը թույլ է տալիս, որ մտածեմ՝ ես աշխարհի ամենա-ամենա երջանիկ ծնողն եմ եւ անձնական մարզիչը։ Այս պահին իմ կողքին է նաեւ իմ եղբայրը եւ ինձ հուշում է, որ ինքն էլ ամենաերջանիկ հորեղբայրն է։

Պարոն Ալեքսանյան, ինչո՞վ են փոխվում եւ առանձնահատուկ դառնում Ձեր որդու հաղթանակների պարգեւած զգաղոցությունները յուրաքանչյուր տիտղոսը նվաճելիս։

Չեն փոխվում այդ զգացողությունները։ Առաջին անգամ՝ 2014 թվականին, երբ Արթուրը դարձավ աշխարհի չեմպիոն, պարզ է, որ այլ էր՝ շատ սպասված, չմոռացվող։ Սակայն ոչ մի հաղթանակի ուրախություն չի մոռացվում։ Բայց երկրորդ եւ երրորդ անգամ էլ էր այլ։ Ասում են՝ աշխարհի չեմպիոն դառնալը դժվար է, բայց չեմպիոնի տիտղոսը պահպանելը՝ ավելի դժվար։ Իրոք այդպես է, եւ ամեն անգամ նոր զգացումներով եմ պատվում, երբ Արթուրին հաջողվում է դառնալ չեմպիոն։ Հասկանալի է, որ ամեն տարի ավելի է բարդանում, քանի որ բոլորը պատրաստվում են քո դեմ եւ դու պետք է նրանցից ավելի լավ պատրաստվես։ Այնպես չէ, որ հաղթանակներն արդեն սովորական են դառնում, ամեն անգամ այլ զգացողություններով ես ուրախանում, ապրում այդ երջանիկ պահը։

Ասացիք, որ բոլորը պատրաստվում են Արթուր Ալեքսանյանի դեմ։ Այսօրվա 5 գոտեմարտերից ո՞րը կառանձնացնեիք, ո՞ր մրցակցին, ո՞ր գոտեմարտն էր ամենաբարդը։

Արթուրի համար, երիտասարդ տարիներից սկսած, մրցաշարերից առաջ վիճակագրոթյունը միշտ բարդ է եղել, դժվար մրցակիցներ են նրան մշտապես ընկել։ Այս քաշային կարգում Արթուրին միշտ հանդիպում եմ ամենաուժեղները։ Եվ նա բոլորից անցնում է։ Հեշտ մրցակիցներ եւ գոտեմարտեր չկան։ Տարիներն ապացուցում է աշխարհի առաջնությունում մասնակցող ըմբիշները բոլորն իրենց երկրների ամենաուժեղներն են գալիս են այստեղ հաղթելու։ Չկա մի մարզիկ, որ մասնակցի աշխարհի առաջնությանն ու չցանկանա հաղթել։

Այսօրվա գոտեմարտերի բոլոր 5 մարզիկներն էլ ուզում էին հաղթել Արթուրին։ Նշեմ, որ հենց մեկնարկային գոտեմարտից շատ ծանր էր։ Շատ ծանր գոտեմատեր անցկացրեց այսօր Արթուր Ալեքսանյանը՝ սկսած հենց իրանցի ըմբիշի հետ գոտեմարտից, մինչեւ եզրափակիչ։ Մասնավորապես, այս կանոնադրությամբ շատ դժվար տրված հաղթանակներ էին՝ վայրկյաններից կախված։ Գործող կանոնադրությամբ ըմբիշը պետք է անպայման գործողություն կատարի, հնարք, որպեսզի միավոր վաստակի, այլապես քո հաղթանակը կթողնես մրցավարների ձեռքում։

Վրացու հետ գոտեմարտը, թեւերս, ամենաբարդն էր։ Ինքը՝ վրացի ըմբիշը, եւս չհամակերպվեց իր պարտության հետ։

Չէի ասի, թե մյուսները թույլ էին, վրացին ամենից ուժեղը։ Բայց պարտվող մրցակիցներից ամենաշատն աչքի ընկավ Ռեւազ Նադարեիշվիլին: Գոտեմարտից հետո ինքն իրեն պատժում էր։ Վրացի ըմբիշն այս կանոնադրությամբ արդեն աշխարհի մեդալ ունեցավ։ Վրացի ըմբիշը նախկինում էլ միշտ մասնակել էր աշխարհի առաջնությանը, երբ գործում էր չորեքթաթ դրությունը, բայց մեդալներ չէր նվաճել։ Վրացի ըմբիշն ամբողջ գոտեմարտի ընթացքում, ոչ մի հարձակում չկատարեց։ Արթուրը հնարք նախաձեռնեց, բայց մի պահ թուլացավ, վրացի ըմբիշը ստիպված փորձեց պաշտպանվել, քանի որ արդեն դուրս էր գալիս աշխատանքային գոտուց եւ պատահականության սկզբունքով նրա մոտ ստացվեց հնարք ու միավորը տրվեց նրան։

Արթուր Ալեքսանյանի հաջողության գրավականը ո՞րն է։

Որպես մարզիչ կասեմ, որ այս հաջողությունների գրավականը Արթուր Ալեքսանյանի աշխատասիրությունն է, նպատակասլացությունը։ Արթուրը միշտ ուզում է անպայման իր ծրագրածը հաջողությամբ ավարտել, անպայման հաղթել, լինել առաջինը։ Երբ ինչ-որ նպատակ է դնում իր առջեւ, ներքուստ չի կասկածում, որ հասնելու է մինչեւ վերջ եւ հաղթելու է։ Եվ ամեն ինչ անում է այդ հաղթանակին հասնելու համար։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ