01:50  +04,  22 օգոստոսի, 2017

Սամվել Գեւորգյանը՝ Փարիզից. Արթուր Ալեքսանյանը դեռ շատ մեդալներ է նվաճելու Հայաստանի համար (ֆոտո)

Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ ապացուցեց, որ աշխարհում ինքն ամենաուժեղն է 98 կգ քաշային կարգում՝ օլիմպիական չեմպիոն դառնալով եւ 3 անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելով։ Մեր ամենաուժեղ «սպիտակ արջն» է։ Մեզ բոլորիս այսօր միայն հպարտության զգացումն էր պատել, բոլորը մոտենում եւ շնորհավորում էին։

Այս մասին Փարիզից NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը՝ մեկնաբանելով Արթուր Ալեքսանյանի հաղթական գոտեմարտերը աշխարհի առաջնությունում։

98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 5 տպավորիչ գոտեմարտ անցկացրեց Փարիզի մրցագորգում՝ հնարավորություն չտալով մրցակիցներից ոչ մեկին։

«Այսօրը պատմական օր է բոլորիս համար, քանի որ Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Բայց առավել կարեւոր է այն փաստը, որ արդեն չորրորդ անգամ անընդմեջ Արթուր Ալեքսանյանն ապացուցում է, որ իրենից ուժեղը չկա աշխարհում՝ դա Ռիո-2016-ում էր եւ երեք աշխարհի առաջնություններում։ Նման բան աշխարհում չկա։ Իսկ այսօրվա հաղթանակով հայկական սպորտի պատմության էջերը կրկին լցվեցին:

Արթուր Ալեքսանյանի հաղթանակները հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած մարզչական թիմի հմուտ աշխատանքի արդյունքն է»,- ասաց Սամվել Գեւորգյանը։

Արթուր Ալեքսանյանի մրցակիցների մասին Սամվել Գեւորգյանը նշում է, որ թույլ մրցակից աշխարհի առաջնության գորգ այսօր չբարձրացավ։

«Արթուր Ալեքսանյանի մրցակիցները բոլորն էլ ուժեղ էին։ Բոլորն էլ փորձում էին ամեն գնով հաղթահարել օլիմպիական չեմպիոնի արգելքը, բայց մենք գիտեինք, որ Արթուրը ոչ ոքին այսօր չէր զիջելու։ Նա տրամադրված եկել էր Փարիզ՝ աշխարհի առաջնության, նա հրաշալի մարզվել էր, եւ այսօր նա ամեն գոտեմարտի ժամանակ մտնում էր գորգ միայն հաղթելու։

Բոլորն էլ բարդ մրցակիցներ էին, բայց Արթուրը, գրագետ գոտեմարտեր անցկացնելով, հաղթեց բոլորին։ Հատկապես, հետաքրքիր ստացվեց վրացի Ռեւազի Նադարեիշվիլիի հետ գոտեմարտը։ Արթուր Ալեքսանյանը հնարք փորձեց իրականացնել, բայց վրացի ըմբիշը ճիշտ օգտագործեց պահը եւ ինքը կատարեց։ Մենք բողոքարկեցինք, քանի որ նա ոտքի սխալ դիրքով իրականացրեց հնարքը։ Բայց պարզվեց, որ այժմ օրենքը թույլ է տալիս ոտքը այդպիսի դրվածքով հնարք իրականացնել, եթե դու ես հնարքն անում, եւ չընդունվեց մեր բողոքարկումը։ Սակայն դա որեւէ էական ազդեցություն չունեցավ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի հետագա ընթացքի վրա, եւ մեր ըմբիշը կրկին ապացուցեց, որ միեւնույն է՝ գորգի վրա ինքն է ամենաուժեղը»,- մեկնաբանեց Սամվել Գեւորգյանը։

Հայաստանի հավաքականի մարզիչը դժգոհեց հունահռոմեական ըմբշամարտում գործող կանոններից։

«Այս կանոնները շատ վատն են։ Շատ դժվար է նման կանոններով հաղթել, առանց պարտեր դրության հնարավորության եւ միայն կանգնած դրությունում։ Եթե հնարքով միավոր չվերցնես, ինչ իմանաս դատավորը ում միավոր կտա։ Հավասարի դեպքում կարող ես պարտվել, եթե միավոր չաշխատես ավելի։ Իսկապես այս կանոններով հաղթելը շատ բարդ է եւ հնարքների հնարավորությունն է քիչ։ Իսկ մրցավարի ձեռքում մեծ հնարավորություն են տվել կողմնակալություն անելու։ Բայց այսօր ամբողջ օրվա ընթացքում մրցավարական անարդարություններ չնկատեցինք։ Մինչ օրվա ավարտը որեւէ կոպիտ սխալ մրցավարներրի կողմից չենք նկատել»,-ասաց Սամվել Գեւորգյանն ու ավելացրեց․

«Արթուրն այսօր վնասվածքներով դուրս եկավ աշխարհի առաջնության մրցագորգ, բայց նրա կամային հատկություններն այնքան բարձր են, որ չի էլ զգացել այդ վնասվածքները, մասնավորապես ծնկի վնասվածքը։ Եռակի աշխարհի չեմպիոն լինելը շատ բարդ է։ Մենք ունեցել ենք Արայիկ Գեւորգյան, ով րոպեներ առաջ մեզ զանգեց եւ շնորհավորեց, Արմեն Նազարյան։ Հպարտ ենք, որ Արթուր Ալեքսանյանը լրացնում է մեր գերհզոր մարզիկների շարքերը եւ ավելացնում եռակի աշխարհի չեմպիոնների թիվը։ Ես կարծում եմ, որ Արթուր Ալեքսանյանը դեռ շատ մեդալներ է նվաճելու Հայաստանի համար, որքան նա մարզվի, այդքան կարող է Եվրոպայի, աշխարհի եւ օլիմպիական ոսկե մեդալները նվաճել»։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով