16:25  ,  17 օգոստոսի, 2017

Լեւոն Ջուլֆալակյան. Արսեն Ջուլֆալակյանը ԱԱ-ին չի մասնակցի, դեռ վերականգնվում է Ռիո-2016-ից հետո

Արսեն Ջուլֆալակյանը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը չի մասնակցի։ Դեռ վերականգնվում է Ռիո-2016-ից հետո եւ կնախապատրաստվի Տոկիո-2020-ին, ուրիշ որեւէ խնդիր չունի։

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե ինչու հավաքaկանի կազմից կրկին բացակայում է Արսեն Ջուլֆալակյանը, այսպես պատասխանեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը։  

Հավաքականն այս օրերին վերջին մարզումներն է անցկացնում աշխարհի առաջնությանն ընդառաջ, որը կայանալու է Փարիզում օգոստոսի 21-26-ը։

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունում կունենա 7 ներկայացուցիչ՝ Վազգեն Խաչատրյան (59 կգ), Կարեն Ասլանյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Մաքսիմ Մանուկյան (80 կգ), Արթուր Շահինյան (85 կգեւ Արթուր Ալեքսանյան (98 կգ):

«Բոլոր ուսումնամարզական հավաքներն անցել ենք, բոլորը մարտական են տրամադրված, մնացածը գորգը ցույց կտա։ Ես միշտ ասել եմ, որ չի կարելի մրցումներից առաջ ինչ-որ ենթադրություններ անել, քանի որ սա անհատական մարզաձեւ է, եւ ամեն մեկն ինքը պետք է գորգի վրա ցույց տա, թե ինչի է ընդունակ։ Ստացվում, է որ բոլորն էլ լավ անցել են ուսումնամարզական հավաքները, նախապատրաստական փուլը, մնում է, որ հոգեբանորեն վստահ դուրս գան գորգ եւ անեն այն, ինչ կարող են։ Միայն թե հունահռոմեական ըմբշամարտում առկա կանոններն են խոչընդոտ»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը։

Օլիմպիական չեմպիոնին դեռեւս շարունակում են անհանգստացնել հունահռոմեական ըմբշամարտում առկա կանոնները, մասնավորապես՝ չորեքթաթ դրության բացակայությունը։

«Ես վերջին մեկ տարին անդադար խոսում եմ այս նոր կանոնների մասին: Այս կանոններն ընդհանրապես լավ ըմբիշի համար չեն։ Գործող կանոններից ամբողջ ըմբշամարտի աշխարհը դժգոհ է։ Այս կանոններից գոհ են միայն նրանք, ովքեր ըմբշամարտից շատ դժգոհ են։ Սա սումո է։ Շատ տհաճ է։ Ես որպես մասնագետ այս 8 ամիսների ընթացքում ոչ մի գոտեմարտ հաճույքով չեմ դիտել։

Աշխարհի առաջնությունից առաջ՝ օգոստոսի 20-ին որոշում է կայացվելու եւ կանոնների փոփոխություն է կրկին լինելու։ Հուսանք, որ դրական կանոններ կլինեն, սեպտեմբերից կփոխվի եւ կրկին հունահռոմեական ըմբշամարտի գոտեմարտերին հաճույքով կհետեւենք։

Ես միջազգային ֆեդերացիային դիմել են նամակով, առաջարկություններով, թե ինչ փոփոխություններ են պետք հունահռոմեական ըմբշամարտում, որպեսզի այս մարզաձեւը կրկին դիտարժան դառնա։ Նախնական տեղեկություն ունեմ, որ իմ արած առաջարկությունների մեծ մասն անցել է»,- մեկնաբանեց օլիմպիական չեմպիոնը։

Թե ինչու Արսեն Ջուլֆալակյանը չի ցանկանում մասնակցել Եվրոպայի, աշխարհի առաջնություններին՝ կանոնների պատճառո՞վ, թե՞ այլ խնդիրների, Լեւոն Ջուլֆալակյանին NEWS.am Sport-ի թղթակցի հարցը դուր չեկավ։  Մարզիկի հայրը նշեց, որ Արսեն Ջուլֆալակյանը Ռիո-2016-ի ձախողումից հետո դեռ վերականգնվում է։

«Արսեն Ջուլֆալակյանը ոչ մի խնդիր չունի։ Արսեն Ջուլֆալակյանը տասնյակ տարիներ լիքը մեդալներ է բերել պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների կազմում։ Կազմում չկա, որովհետեւ Օլիմպիական խաղերից հետո նրան պետք է լիարժեք վերականգնվել։ Հենց այդ պատճառով նա չի պատրաստվում աշխարհի առաջնությանը։ Իրեն պետք էր, որ մի հատ թարմանա, վերականգնվի, անցնի նոր փուլի՝ պատրաստվի Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերին»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը։

Աշխարհի առաջնության մասնակից ըմբիշները Լեւոն Ջուլֆալակյանի եւ հավաքականի մյուս մարզիչների ղեկավարությամբ ոչ ծանրաբեռնված մարզումներ են անցկացնում, որպեսզի խուսափեն հնարավոր վնասվածքներից։

Ի դեպ, Արթուր Ալեքսանյանը ծնկի վնասվածքից հետո դեռ լիարժեք չի վերականգնվել, երեւանյան մարզումների ընթացքում ծնկի վնասվածքը եւս զգացվել է։

«Արթուր Ալեքսանյանը թիմի առաջատարն է, մասնակցել է բոլոր հավաքներին, շատ լավ մարզվել է, թե ինչ կլինի, ինչպես կլինի, Փարիզի գորգը ցույց կտա»,- ամփոփեց Լեւոն Ջուլֆալակյանը։  

Հունահռոմեական ըմբիշները Փարիզ կմեկնեն օգոստոսի 19-ին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով