09:49  +04,  15 օգոստոսի, 2017

Դավիթ Թորոսյան. Ուզում եմ, որ Եվրոպայի չեմպիոն Բաչկովը հաղթի նաեւ աշխարհի առաջնությունում

Ուզում եմ, որ Եվրոպայի չեմպիոնը հաղթի նաեւ աշխարհի առաջնությունում։ Միայն մտահոգվում եմ Եվրոպայի առաջնությունից հետո հանգստանալու եւ վերականգնվելու հնարավորություն չունենալու համար, քանի որ մինչեւ աշխարհի առաջնությունը քիչ ժամանակ կար։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը։

Այս օրերին Հայաստանի հավաքականը մարզումային հավաք է անցկացնում Երեւանի «Օլիմպավանում»։ Հավաքին մասնակցում է ամբողջական թիմը, սակայն հավաքի գլխավոր նպատակը աշխարհի առաջնությունն է, որին մասնակցելու իրավունք են նվաճել միայն Եվրոպայի չեմպիոն, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը։

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում։

«Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք կարողացան նվաճել միայն երկու բռնցքամարտիկներ՝ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելով եւ Կարեն Տոնականյանը՝ Եվրոպայի առաջնությում ¼-րդ եզրափակիչ մտնելով։

Երեւանի «Օլիմպավանում» հավաքականի բոլոր անդամներով մեծ հավաք ենք անում, որն ուղղված է Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Հավաքը մեկնարկել է օգոստոսի 5-ին եւ կավարտվի օգոստոսի 17-ին։ Աշխարհի առաջնության մրցավայր կմեկնենք օգոստոսի 21-ին։ «Օլիմպավանից»  առաջ հավաք անցկացրեցինք «Դինամո» մարզահամալիրում, իսկ դրանից առաջ Ծաղկաձորում ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա էինք աշխատել»,- ասաց Դավիթ Թորոսյանը։ 

Աշխարհի առաջնության մասնակիցների մարզավիճակը հավաքականի գլխավոր մարզիչը գնահատում է նորմալ։

«Հավաքն անցնում է ըստ ծրագրի։ Բռնցքամարտիկներն արդեն ունեն լավ մարզավիճակ։ Դեռ ունենք մարզումային օրեր եւ ամեն ինչ կանենք, որ աշխարհի առաջնությունում Հովհաննես Բաչկովն ու Կարեն Տոնականյանը խնդիրներ չունենան։

Բաչկովն ու Տոնականյանը ջանասիրաբար աշխատում են, ընդունում եւ կատարում բոլոր այն առաջադրանքներն ու խնդիրները, որոնք ես նրանց առջեւ դնում եմ։

Չնայած մարզումները կենտրոնացված են աշխարհի առաջնության երկու մասնակիցների վրա, բայց հավաքի մասնակից մյուս բոլոր բռնցքամարտիկները մեծ ոգեւորությւամբ եւ նվիրվածությամբ աջակցում եւ օգնում են մեզ։

Ի դեպ, աշխարհի առաջնության օրերին միջազգային մրցաշար ունենք Մախաչկալայում, որին մասնակցելու ենք 5 բռնցքամարտիկով։ Մախաչկալայի մրցաշարին Հայաստանի թիմին կուղեկցի հավաքականի մարզիչներից Ռուդիկ Մկրտչյանը, իսկ ես Հովհաննես Բաչկովի եւ Կարեն Տոնականյանի հետ կմեկնեմ Համբուրգ»,- նշեց Դավիթ Թորոսյանը։

Ակնկալիքների մասին գլխավոր մարզիչը խուսափում է խոսել, բայց ինչպես ինքն է նշում՝ սպասելիքներով են մեկնում Համբուրգ։

«Ակնկալիքներ ունենք։ Ուզում եմ, որ Եվրոպայի չեմպիոնը հաղթի նաեւ աշխարհի առաջնությունում էլ։ Չնայած շատ ծանր է լինելու եւ դժվար, բայց կփորձենք նաեւ աշխարհի առաջնությունում հաղթանակ տոնել։ Աշխարհի առաջնությունում թույլ երկիր չկա, թույլ մրցակից չի լինելու, հայ բռնցքամարտիկները գիտեն ուր են գնում։

Եվրոպայի առաջնությունից աշխարհի առաջնություն ժամանակը շատ կարճ էր, բռնցքամարտիկները գրեթե հանգստանալու եւ Եվրոպայից հետո վերականգնվելու հնարավորություն չունեցան։ Այս հարցն ինձ շատ է մտահոգում, որովհետեւ հայ մարզիկներին հանգստանալ շատ է պետք։ Մասնավորապես, Հովհաննես Բաչկովը հանգստի եւ վերականգնվելու կարիք շատ ուներ, քանի որ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո նա չհանգստացավ, ԱԻԲԱ-ն մեզ այդ հնարավորությունը չտվեց։ Մարզումների ընթացքում հոգնածություն չեմ տեսնում, բայց մտահոգվում եմ՝ հասկանալով, որ Եվրոպայի առաջնությունից հետո աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու ժամանակը շատ քիչ է, եւ նաեւ այն, որ հայ մարզիկները սիրում են մի քիչ շատ հանգստանալ։ Այս խնդիրը հաշվի առնելով մարզումների ընթացքում աշխատում եւ անում ենք ամեն հնարավորը, որ եւ լիարժեք չվերականգնվելը չխանգարի մարզիկներին, եւ լիարժեք պատրաստ դուրս գանք աշխարհի առաջնության ռինգ»,- նկատեց Դավիթ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը հունիսի 15-25-ն էր Ուկրաինայի Խարկով քաղաքում, որտեղ հունիսի 24-ին Հովհաննես Բաչկովը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով