01:53  ,  14 օգոստոսի, 2017

«Ռեալը» «Նոու Կամպում» հաղթեց «Բարսելոնային». Ռոնալդուի հաղթական գոլն ու հեռացումը (ֆոտոշարք)

Նոր մրցաշրջանի առաջին «Էլ կլասիկոն» հիասքանչ էր, թեեւ երկրպագուները տեսան 2 շատ տարբեր խաղակեսեր: Ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց երկրի գավաթակիր «Բարսելոնային»:

Բարսելոնայի «Նոու Կամպ» ստադիոնում կայացած խաղի առաջին խաղակեսն աչքի չընկավ դիտարժանությամբ եւ անցավ հավասար պայքարում՝ առանց իրական գոլային պահերի: Առաջին կեսում խաղի գլխավոր մրցավարը ցույց տվեց 5 դեղին քարտ, երկուսը՝ «Բարսելոնային», երեքը՝ «Ռեալին»:  

Երկրորդ խաղակեսում խաղի պատկերը փոխվեց, իսկ 50-րդ րոպեին հաշիվը բացվեց: Ինքնագոլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն՝ առաջ մղելով հյուրերին: Գոլից հետո խաղն ակտիվացավ եւ քիչ անց թիմերը փոխանակվեցին մեկական իրական գոլային պահերով, սակայն հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ:

Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն փոխարինման դուրս եկավ 58-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» ստացել էր տարածքային առավելություն, բայց չէր կարողանում այն վերածել գոլի: «Ռեալը» խաղում էր երկրորդ համարով եւ անցկացնում հակագրոհներ: Կատալոնական ակումբն աստիճանաբար մեծացնում էր ճնշումը, իսկ 75-րդ րոպեին ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք: Այն վաստակեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, իսկ խաղի գլխավոր մրցավարը նշանակեց կասկածելի 11 մետրանոց: Նշակետին մոտեցավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ վստահորեն իրացրեց հարվածը՝ 1:1:

«Բարսելոնան» շարունակում էր գրոհել, բայց քիչ անց «Ռեալը» մրցակցին «բռնեց» հակագրոհի վրա: 80-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն տպավորիչ հարվածով դարձյալ առաջ մղեց մադրիդցիներին: Գոլը տոնելիս պորտուգալացի հարձակվողը հանեց մարզաշապիկը, ինչի համար ստացավ դեղին քարտ: 2 րոպե անց Ռոնալդուն նաեւ հեռացվեց խաղադաշտից: Մրցակցի տուգանային հրապարակում նա «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիի հետ պայքարում կորցրեց հավասարակշռությունը եւ ընկավ, իսկ խաղի 31-ամյա գլխավոր մրցավար Ռիկարդո Բենգոետխեան նրա գործողությունը որակեց սիմուլյացիա եւ, ցույց տալով երկրորդ դեղին քարտը, հեռացրեց դաշտից: Իր գլխավերեւում տեսնելով կարմիր քարտ՝ Ռոնալդուն հրեց մրցավարին եւ լքեց դաշտը:

Քիչ անց Արքայական ակումբը վերջնականապես նոկաուտի ենթարկեց մրցակցին՝ խփելով նաեւ երրորդ գոլը: 90-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը տպավորիչ գոլով ձեւակերպեց փոխարինման դուրս եկած Մարկո Ասենսիոն:

Պատասխան հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 16-ին Մադրիդում: 

Իսպանիայի Սուպերգավաթ, առաջին հանդիպում

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1:3

Լիոնել Մեսի, 77 (11մ) – Ժերար Պիկե, 50 (ինքնագոլ), Կրիշտիանու Ռոնալդու, 80, Մարկո Ասենսիո, 90

Հեռացում՝ Կրիշտիանու Ռոնալդու, 82 («Ռեալ»)

«Բարսելոնա». Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Ալեյշ Վիդալ, Ժերար Պիկե, Սամուել Ումտիտի, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Իվան Ռակիտիչ (Պակո Ալկասեր, 83), Անդրես Ինյեստա (Սերխի Ռոբերտո, 68), Ժերար Դեուլոֆեու (Դենիս Սուարես, 59), Լիոնել Մեսի, Լուիս Սուարես:

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիել Կարվախալ, Ռաֆայել Վարան, Սերխիո Ռամոս, Մարսելո, Կազեմիրո, Մատեո Կովաչիչ (Մարկո Ասենսիո, 68), Տոնի Կրոս, Իսկո, Գարեթ Բեյլ (Լուկաս Վասկես, 81), Քարիմ Բենզեմա (Կրիշտիանու Ռոնալդու, 58)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում