11:56  ,  10 օգոստոսի, 2017

Նարեկ Աբգարյան. Պրոֆեսիոնալ բռնցքամարտը խանգարում է սիրողականին

Հայաստանի հավաքականի բռնքամարտիկ Նարեկ Աբգարյանն օրեր առաջ 5-րդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում: Սոչիում տեղի ունեցած Punchboxing promotion-ի կազմակերպած պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոուի ընթացքում Նարեկը նոկաուտի է ենթարկել մրցակցին եւ տարել 5-րդ հաղթանակը (4 նոկաուտ):

«Պրոֆեսիոնալ բռնցքամարտում 5–րդ մենամարտն անցկացրեցի: Այս անգամ մրցակիցս շատ ուժեղ եւ ֆիզիկապես լավ պատրաստված էր, սակայն ես ավելի արագ ու սառնասիրտ գտնվեցի: Ինձանից ընդամենը 5 ռաունդ պահանջվեց մրցամարտի ելքը վճռելու համար: Սա ինձ համար երկրորրդ մենամարտն էր, որը բաղկացած էր 8 ռաունդից: Հիմա մի փոքր հանգստանալուց հետո կսկսեմ նախապատրաստվել հաջորդ մենամարտին»,- բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Խոսելով հավաքականում իր ելույթների մասին՝ Աբգարյանն ասել է. «Խարկովում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունից հետո հասկացա, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը խանգարում է սիրողականին: Եթե մարզվում ես պրոֆեսիոնալ բռնցքամարտին համապատասխան, ապա չես կարող լավ ելույթ ունենալ սիրողական բռնցքամարտում եւ հակառակը: Դրանք երկու տարբեր աշխարհներ են: Եվրոպայի առաջնությունից հետո որոշեցի այլեւս հանդես չգալ սիրողական բռնցքամարտում, հնարավոր է փոխեմ որոշումս միայն Օլիմպիական խաղերին մասնակցելու համար»:

Նարեկ Աբգարյանը հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 29-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում