23:09  ,  4 օգոստոսի, 2017

Դավիթ Թորոսյանը՝ Սոչիից. Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը տապալեցին մրցակիցներին

Եթե այսպես շարունակենք, Արամ Ավագյանի եւ Նարեկ Աբգարյանի տիտղոսներն ու գոտիները չեն ուշանա։ Սոչիի ռինգում Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներն ուղղակի փայլեցին։ Ես գոհ եմ նրանցից։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սոչիից ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն։ Հավաքականի գլխավոր մարզիչն այս օրերին  պրոֆեսիոնալ մենամարտեր անցկացնող հայ բռնցքամարտիկների կողքին է:

Սոչիում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարում նոկաուտով իր 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Նարեկ Աբգարյանը՝ հանդես գալով 8 ռաունդանոց մենամարտում։ Կրկին նոկաուտով, 4-րդ անընդմեջ հաղթանակով է ավարտել 8 ռաունդանոց մենամարտը Արամ Ավագյանը։ 6 ռաունդանոց մենամարտի 3-րդ ռաունդում մրցակցին նոկաուտի է ենթարկել Գոռ Երիցյանը, պրոֆեսիոնալ ռինգում առաջին հաղթանակներն են տարել նաեւ Հայաստանի դրոշի տակ հանդես եկող մոսկվայաբնակ Ռաֆայել Սիմոնյանն ու Սամվել Բարսեղյանը։ Դավիթ Թորոսյանը հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մարտավկան է եղել։

«Սոչիում կայացած պորֆեսիոնալ բռնցքամարտի հերթական մրցմանը մասնակցում էինք 5 բռնցքամարտիկով՝ մեր երեք հիմնական բռնցքամարտիկներն, որոնք այլեւս պրոֆեսիոնալ ռինգում հանդես կգան՝ Արամ Ավագյան, Նարեկ Աբգարյան, Գոռ Երիցյան, մեր թիմին Մոսկվայից միացան նաեւ Ռաֆայել Սիմոնյանն ու Սամվել Բարսեղյանը։

Բոլոր բռնցքամարտիկներն էլ հաղթանակներով ավարտեցին մենամարտերը։ Բացի Սամվել Բարսեղյանից, մյուսները նոկաուտներով հաղթեցին։ Միայն Սամվելը միավորներով հաղթեց։  

Ռաֆայել Սիմոնյանն ու Սամվել  Բարսեղյանը 4 ռաունդանոց մենամարտեր անցկացրեցին։ Երկուսի համար էլ սա նորամուտ էր պրոֆեսիոնալ ռինգում։ Գոռ Երիցյանը 6 ռաունդանոց մենամարտի էր մասնակցում, բայց 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին։ Իսկ մեր առաջատարները՝ Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը 8 ռաունդանոց մենամարտերի էին մասնակցում, բայց երկուսն էլ այնպես ջախջախեցին իրենց մրցակիցներին, որ ժամանակից շուտ ավարտեցին մենամարտը։

Արամ Ավագյանի մրցակիցը ռուս էր։ Պինդ բռնցքամարտիկ էր, բայց չկարողացավ դիմադրել մեր մարզիկի հարվածներին: 4-րդ ռաունդում Արամ Ավագյանը նոկաուտի ենթարկեց ռուս բռնցքամարտիկին։

Նարեկ Աբգարյանի մրցակիցը վրացի էր։ Նա նույնպես ուժեղ էր, բայց 5-րդ ռաունդում մրցակիցը հրաժարվեց շարունակել։ Երկուսի մրցակիցներն էլ փորձառու էին պրոֆեսիոնալ ռինգում, իհարկե, պարտություններ էլ ունեին։ Նույնը եւ Գոռ Երիցյանի մրցակիցը 20-ից ավելի մենամարտեր անցկացրած ուժեղ բռնցքամարտիկ էր, բայց Գոռ Երիցյանը նրան գետնին տապալեց»,- ասաց Դավիթ Թորոսյանը։

Ըստ Դավիթ Թորոսյանի, հայ բռնցքամարտիկների համար պրոֆեսիոնալ բռնցքամարտի տիտղոսներն ու գոտիները սարերի հետեւում չեն։

«Մեր տղաները դեռեւս վարկածների գոտիների, տիտղոսների համար չեն մենամարտում։ Նրանք դեռեւս իրենց ռաունդներն են բարելավում մինչեւ պրոֆեսիոնալ ռինգում 10-րդ մենամարտը։ Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը դեռեւս հաղթելով գնում են առաջ։ Եվ եթե այսպես շարունակվի, եւ նրանք անպարտելի լինեն, իրենց քաշային կարգերում կդառնան առաջատարներ եւ հնարավորություն կունենա մենամարտել արդեն գոտիների համար։ Գոհ եմ տղաներից։ Կարծում եմ, երկար չենք սպասի գոտու համար պայքարին։ Գուցե շուտով միջին կարգի գոտու համար մենամարտ ունենանք։

Մեկ ամիս անց Իսպանիայում նախատեսված են մենամարտեր, իսկ հաջորդը գուցե տեղի ունենա Հայաստանում դեկտեմբերին։ Սրանք նախնական ծրագրեր են, դեռ վերջնական հաստատված չեն։ Բայց իմ տեղեկություններով Երեւանում նախատեսվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ շոու կազմակերպել։ Կարծում եմ՝ մեր հանրությունն արդեն պատրաստ է պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու դիտելու եւ մեր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին երկրպագելու։ Սա հնարավորություն կտա վերջապես ընկալել, որ սիրողական բռնցքամարտն այլ կատեգորիա է, պրոֆեսիոնալն՝ այլ, չնայած, որ երկուսի դեպքում էլ ռինգում նույն մարդիկ են»,- նշեց Դավիթ Թորոսյանը։  

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նաեւ  հայտնեց, որ հավաքականում 52 կգ քաշային կարգը ներկայացրած Նարեկ Աբգարյանն ու 56 կգ քաշային Արամ Ավագյանն այլեւս սիրողական բռնցքամարտում հանդես չեն գա եւ չեն մասնակցի Եվրոպայի, աշխարհի առաջնությունների։

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով