23:51  ,  2 օգոստոսի, 2017

Չեմպիոնների լիգա. «Վարդարը» լքեց պայքարը, Բարսեղյանի ինքնագոլն ու Համբարձումյանի գոլային փոխանցումը

Մակեդոնական «Վարդարը» Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանի ու Տիգրան Բարսեղյանի հետ չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի արգելքը: Պատասխան խաղում Մակեդոնիայի չեմպիոնը հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվեց դանիական «Կոպենհագենին», որին տանը հաղթել էր նվազագույն հաշվով:

Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում կայացած խաղում դաշտի տերերը խփեցին արագ գոլ, սակայն 19-րդ րոպեին «Վարդարի» մակեդոնացի կիսապաշտպան Բոբան Նիկոլովը Հովհաննես Համբարձումյանի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը: 26-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանն անկյունային հարվածի խաղարկման ժամանակ դարձավ ինքնագոլի հեղինակ եւ դարձյալ առաջ մղեց «Կոպենհագենին»: 71-րդ րոպեին դանիական ակումբը մնաց 10 խաղացողներով, սակայն դա դաշտի տերերին չխանգարեց խփել եւս 2 գոլ եւ դուրս գալ հաջորդ փուլ:

Հովհաննես Համբարձումյանը փոխարինվեց 76-րդ րոպեին, իսկ Տիգրան Բարսեղյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ, որը կկայանա օգոստոսի 4-ին: Չորրորդ փուլի առաջին խաղերը կանցկացվեն օգոստոսի 15/16-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան խաղ

«Կոպենհագեն» (Դանիա) - «Վարդար» (Մակեդոնիա)՝ 4:1 (առաջին խաղ՝ 0:1)

Յան Գրեգուս, 2, Տիգրան Բարսեղյան, 26 (ինքնագոլ), Ֆեդերիկո Սանտանդեր, 75, Պիերոս Սոտիրիու, 88 (11մ) – Բոբան Նիկոլով, 19

Հեռացում՝ Յան Գրեգուս, 72 («Կոպենհագեն»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում