20:21  +04,  23 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Քրիստինե Հարությունյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին։

Քրիստինե Հարությունյան. աթլետիկա, նիզակի նետում

Ծնվել է 1991թ. մայիսի 18-ին, Գյումրիում:

Ամուսնացած չէ:

Նիզականետմամբ զբաղվում է 2005-ից: Սպորտի վարպետ է, Հայաստանի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր:

2006-ին Սոչիում անցկացված «Կովկասյան քաղաքների գավաթի» պատանեկան միջազգային մրցաշարում գրավել է երրորդ տեղը:

2009-ի Հայաստանի չեմպիոն է:

2011-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացված Եվրոպայի 3-րդ դիվիզիոնի թիմային առաջնության առաջնությունում գրավել է երրորդ տեղը՝ սահմանելով Հայաստանի ռեկորդ` 48 մ 02 սմ:

2012-ին  Հելսինկիում Եվրոպայի առաջնությունում 45մ 83սմ արդյունքով գրավել է վերջին տեղը:

Օլիմպիական ուղեգիր նվաճել է 2012-ին Սոչիում անցկացված աթլետիկայի Ռուսաստանի առաջնության նետորդների մրցաշարում; Քրիստինե Հարությունյանը ցույց տվեց 59 մետր 12 սանտիմետր արդյունք՝ 12 սմ-ով  գերազանցելով օլիմպիական մասնակցության նորման:

Հուլիսի 20-ին Ֆրանսիայում կայացած Ֆրանսիայի բաց առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Անձնական մարզիչներն են ռուսաստանցի Իվան Սաֆոնովը եւ Գյումրիի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Յաշա Եղիազարյանը:

Ամեն ինչ սկսվեց այսպես…

Աթլետիկայով սկսել եմ մարզվել դպրոցական տարիքից: Աշակերտական տարիներից դպրոցում ցատկում էի, նիզակ էի նետում, ինձ նկատեցին եւ առաջարկեցին աթլետիկայի մարզումներ սկսել: Սկզբնական շրջանում հեռացատկով էի տարված: Ապա վնասվածք ստացա եւ ուժերս փորձեցի նիզականետման հատվածում: Առաջին արդյունքս այն ժամանակվա համար եւ տարիքիս համեմատ բավական բարձր է եղել` 35 մետր: Այդ ժամանակ 15 տարեկան էի, իսկ առաջին մրցումս, որտեղ գրանցել եմ  35 մետրը, Սոչիում էր:

Ես մեկնում եմ Լոնդոն…

«Ես մեկնում եմ լավ մասնակցության նպատակով: Սա իմ առաջին օլիմպիական նվաճումն է դեպի Օլիմպիական խաղեր: Ես գնում եմ մասնակցելու: Չեմ կարող ասել` գնում եմ մեդալ բերելու: Վերջին մի քանի օրն ենք Հայաստանից դուրս մարզումներ անցկացնում: Իսկ դա քիչ ժամանակ է լավ մարզավիճակի հասնելու համար: Եթե Հայաստանում ունենայինք այս պայմանները՝ ես վստահորեն հիմա կհայտարարեի, որ մեկնում եմ մեդալ նվաճելու»:

Ակնկալիքները…

«Չեմ կարող ասել: Արդյունքները ցույց կտան: Ես այժմ գտնվում եմ լավ մարզավիճակում: Օրական երկու անգամյա ռեժիմով մարզվում եմ: Այժմ Ֆրանսիայի Լիլ քաղաքում ենք մարզվում թիմի հետ: Այստեղ անցկացնում ենք մեր վերջին հավաքը Օլիմպիական խաղերից առաջ: Ցանկանում եմ, որ ինձանով հպարտանան: Ելույթիցս առաջ եւ հետո առաջինը զանգելու եմ մայրիկիս: Նա ինձ շատ է ոգեշնչում»:

Յաշա Եղիազարյան

«Քրիստինեն ունի մեծ ներուժ: Նա մեծ դժվարություններ է հաղթահարել Հայաստանում այս մարզաձեւում առաջ գնալու համար: Նրա համար մեծ հաջողություն կլինի, եթե նա Լոնդոնում կարողանա գոնե կրկնել Սոչիի արդյունքը` 59 մ 12 սմ: Քրիստինեն Օլիմպիական խաղերի նման մեծ մրցաշարերի փորձ չունի: Եվ չեմ ցանկանա, որ նրան ընկճի այդ փորձի բացակայությունը»:

Քրիստինե Հարությունյանը օլիմպիական մեկնարկ դուրս կգա օգոստոսի 7-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ