Բոլորիս տրամադրությունը մարտական է, անհամբեր սպասում ենք Խաղերի մեկնարկին, Լոնդոնի Օլիմպիական ավանում Հայաստանի դրոշի բարձրացման արարողությունից հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
«Հայաստանի դրոշի բարձրացման արարողությանը ներկա էին Լոնդոնի հայ համայնքի ղեկավարությունը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը, ինչպես նաեւ տասնյակ հայեր: Հնչեց Հայաստանի պետական օրհներգը, բարձրացվեց եռագույնը: Արարողությունն ընթացավ ուրախ մթնոլորտում:
Մարզիկներից արդեն Լոնդոնում են հրաձիգ Նորայր Բախտամյանը, լողորդներ Միքայել Քոլոյանն ու Անահիտ Բարսեղյանը եւ մարմնամարզիկ Արթուր Դավթյան: Հուլիսի 23-ի առավոտյան դիմավորել ենք Ալբերտ Ազարյանին: Հուլիսի 24-ին մեզ կմիանան եւս մի քանի մարզիկներ, իսկ ամենից շատ մասնակիցներ մեզ կմիանան հուլիսի 25-ին` մոտավորապես պատվիրակության 80 տոկոսը: Կմնան միայն ըմբիշները, ովքեր կժամանեն օգոստոսին: Բոլորիս տրամադրությունը մարտական է, անհամբեր սպասում ենք Խաղերի մեկնարկին»,- ասաց Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
Հայաստանի պատվիրակությունն արդեն զբաղեցրել է հատկացված բնակարանները օլիմպիական ավանում։
«Մենք արդեն բնակվում ենք օլիմպիական ավանում: Մեր հարեւաններն են Սլովենիայի, Լիտվայի, Պերուի եւ Վրաստանի պատվիրակությունները։
Ամենուրեք մարզական, մարտական տրամադրություն է: Լոնդոնը լի է միլիոնավոր զբոսաշրջիկներով եւ բոլորը խոսում են միայն Օլիմպիական խաղերի մասին: Եղանակը շատ փոփոխական է: Երկու օր առաջ 11 անգամ անձրեւ տեղաց: Այս պահին արեւ է, բայց երեկոյան ցրտում է»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին մեկնարկող 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 25 մասնակից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի