05:39  ,  27 հուլիսի, 2017

Նեյմարի գոլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Կատալոնական «Բարսելոնան» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» International Champions Cup ընկերական մրցաշարի հանդիպումն են անցկացրել Վաշինգտոնում 80 հազար երկրպագուների ներկայությամբ: Նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Բարսելոնան»: Միակ գոլը 31-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Նեյմարը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 62-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ սա «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին՝ 5-րդ հանդիպումն էր ամերիկյան շրջագայության ընթացքում: Նախորդ 4 խաղերում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր MLS-ի ներկայացուցիչներ «Լոս Անջելես Գելաքսիին» (5:2) ու «Ռեալ Սոլթ Լեյքին» (2:1) եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիին» (2:0), ինչպես նաեւ հետխաղյա 11 մետրանոցներով ուժեղ է գտնվել Մադրիդի «Ռեալից»: Այդ խաղերում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Ռեալի» դեմ խաղում նաեւ անվրեպ է իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը:

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո անգլիական ակումբը հուլիսի 30-ին Օսլոյում ընկերական խաղ է անցկացնելու նորվեգական «Վոլերենգայի» հետ, իսկ օգոստոսի 2-ին Դուբլինում հանդիպելու է իտալական «Սամպդորիային»: Օգոստոսի 8-ին էլ Մակեդոնիայում կկայանա Մադրիդի «Ռեալի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը:

International Champions Cup

«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0

Նեյմար, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում