23:43  +04,  26 հուլիսի, 2017

Արմեն Բաբալարյան. Եվրոպայի առաջնությունից հետո թիմի 60 տոկոսը փոխվել է

«Ինձ խեղդվող ըմբիշ պետք չէ, ինձ տղա է պետք, որ դուրս գա գորգ ու կռիվ տա մինչեւ վերջ»։

Այսպես է իր ըմբիշներին մարզումների ընթացքում մոտիվացնում հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը, ում գլխավորությամբ երիտասարդ հունահռոմեականներն այս օրերին վերջին հավաքն են անցկացնում աշխարհի առաջնությունից առաջ։

Երիտասարդական հավաքականը պատրաստվում է օգոստոսի 3-6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը։

«Երկու հավաք ունեցանք աշխարհի առաջնությունից առաջ՝ հուլիսի 12-22-ը եւ հուլիսի 25-ից օգոստոսի 3-ը։ Երկրորդը դեռ շարունակվում է։ Երկուսն էլ անցկացրեցինք Երեւանի «Օլիմպավանում»։ Այստեղից էլ մեկնելու ենք Ֆինլանդիա՝ աշխարհի առաջնության։

Հավաքին մասնակցում է 16 ըմբիշ։ Բայց հենց սկզբից արդեն հստակ պարզ էր, որ Եվրոպայի առաջնության կազմը պետք է փոփոխվի եւ նույն կազմով Տամպերե մեկնելու իրավունք չունենք։

Եվրոպայի առաջնությունից հետո թիմի 60 տոկոսը փոխվել է։ Այդ պատճառով մարզումային աշխատանքները տեւում են հիմնական ժամանակից երկար։ Մրցումային, աշխատանքային սխալների ուղղում ենք կատարում,  չորեքթաթ եւ կանգնած դիրքերի տակտիկական եւ տեխնիկական սխալներն ենք շտկում»,- ասաց Արմեն Բաբալարյանը։

Հարցին, թե երիտասարդական հավաքականում ի՞նչ պատկեր կա Եվրոպայի առաջնությունից հետո, Արմեն Բաբալարյանը հուսահատ պատասխանեց. 

«Պատկերն այնքանով է, որ կազմում փոփոխություններ եղան։ Ես Եվրոպա մեկնելուց առաջ արդեն հայտնել էի, որ պատանիներից երիտասարդներ անցումը բարդ է, քանի որ պատանիներում մրցափուլերը 2-ն են, կանոններն ավելի մեղմ են, գոտեմարտերը երիտասարդականում կոպտանում են։ Մենք ունեինք նորեկներ, ովքեր պատանիներից էին փոխվել երիտասարդներ եւ Եվրոպայի առաջնությունը նրանց համար առաջին լուրջ մրցումն էր լինելու երիտասարդականի կազմում։ Եվրոպայի առաջնության պատկերը ստացվեց այնպես, որ ովքեր նոր էին անցում կատարում, իրենք էլ լավ դրսեւորեցին իրենց Դորտմունդի գորգում։ Իսկ մյուսներ հուսախաբ արեցին, ես դժգոհ եմ։

Աշխարհի առաջնության կազմը ձեւավորելիս հայտարարել էի, որ ով լավ հանդես գա Եվրոպայում, նա էլ մեկնելու է աշխարհի առաջնության։ Ստացվում է այնպես, որ լավ հանդես եկողները մեր նորեկներն էին, ովքեր առաջին անգամ էին բարդ կանոններով ու կոպիտ ըմբշամարտով մրցում։ Նրանք միանշանակ պահպանվեցին։ Մյուսները փոխվեցին»,- մանրամասնեց ավագ մարզիչը։

Մարզման ավարտից հետո Արմեն Բաբալարյանն, արդեն մարզադահլիճի դռներից դուրս, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ, որ երիտասարդ ըմբիշները դեռ թույլ են, չպայքարող։ 

«Կխնդրեի ինձ լուսանկարել իմ սանի՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի լուսանկարի ֆոնին։ Ես այն ժամանակ էլ երիտասարդների ավագ մարզիչն էի, երբ Արթուր Ալեքսանյանը երիտասարդական հավաքականում էր։ Արթուրենց սերնդի համեմատ այս թիմիս տղաները անվստահ են, կռիվ չտվող։ Մեզ Արթուր Ալեքսանյանի պես տղերք են պետք, որ դուրս գան գորգ ու մրցում առ մրցում հաղթելով գնան մինչեւ օլիմպիական ոսկի»,- նշեց Արմեն Բաբալարյանը:

Ֆինլանդիայում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնության հունահռոմեակաների պայքարում Հայաստանը կունենա 6 ներկայացուցիչ․ Աշոտ Մխիթարյան (50 կգ), Տիգրան Մինասյան (55 կգ), Հրաչյա Պողոսյան (60 կգ), Մալխաս Ամոյան (66 կգ), Արման Բաղդասարյան (74 կգ) եւ Դավիթ Օվասապյան (120 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով