18:08  ,  26 հուլիսի, 2017

Գվարդիոլա. Ֆուտբոլիստների գները շատ արագ են աճում, սա խելահեղություն է

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «խելահեղություն» է որակել ֆուտբոլիստների տրանսֆերային գների աճը։

«Երկու-երեք տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ ֆուտբոլիստի համար կվճարեն 100 միլիոն եվրո։ Այժմ դա իրականություն է, իսկ գները շարունակելու են բարձրանալ։ Ես կցանկանայի քիչ վճարել, բայց շուկան է թելադրում։ Այս ամենը խելահեղություն է։ Գները շատ արագ են աճում։ Բոլոր ակումբներն են նույն վիճակում։ Պետք է հասկանալ այս ամենը եւ քայլեր ձեռնարկել։ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնան» եւս շատ են ծախսում։ Ամեն ինչ կախված է ակումբների, գործակալների եւ ֆուտբոլիստների ցանկություններից։

Աբու Դաբիի շեյխերը 10 տարի առաջ գնեցին «Մանչեսթեր Սիթին», եւ դրանից հետո ակումբը միշտ պայքարում է Պրեմյեր լիգայի եռյակում տեղ ունենալու համար։ Բայց մեզ դեռ ժամանակ է պետք «Ռեալի» կամ «Բարսելոնայի» հետ հավասար մրցակցության համար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է AS-ը։

«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի ղեկավարությամբ արդեն կատարել է 453 միլիոն եվրոյի տրանսֆեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում