22:43  ,  25 հուլիսի, 2017

Հայաստանի ձյուդոիստները՝ Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոնում (ֆոտո)

Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոնի ձյուդոյի մրցաշարում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ՝ Սամվել Գեւորգյան, Արտյոմ Ղալաչյան, Արսեն Ավեդիսյան, Նունե Նազարյան եւ Ռոբերտ Թորոսյան։ Պատանի ձյուդոիստներն օլիմպիական փառատոնին պատրաստվել են երկար մարզումային փուլով։ NEWS.am Sport-ի թղթակիցը հետեւել է վերջին մարզումային օրվան։

55 կգ քաշային Արսեն Ավեդիսյանը 2016թ. Հայաստանի չեմպիոնն է։ Երազում է մասնակցել եւ մրցանակակիր դառնալ մեծահասակների Եվրոպայի, աշխարհի առաջնություններում։

Հայաստանի մյուս մասնակիցը՝ Ռոբերտ Թորոսյանը մեծահասակների կազմում արդեն փորձ ունի։ Հայաստանի առաջնության 3-րդ մրցանակակիր է։ Նպատակ ունի 2024 թվականին ձյուդոյի օլիմպիական չեմպիոն դառնալ։

Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ աղջիկ մասնակից Նունե Նազարյանը խոստովանում է, որ դեռեւս ձյուդոյում լուրջ հաջողություններ չի գրանցել, բայց հույս ունի իր անունը գրել հայկական ձյուդոյի պատմության մեջ։ Պատանիների օլիմպիական փառատոնում ցանկանում է լավ մասնակցություն ունենալ, ինչն էլ մեդալի կբերի։

Արտյոմ Ղալաչյանը օլիմպիական փառատոնին մասնակցում է հաղթելու նպատակով։ Երազում է Տոկիո-2020-ում օլիմպիական ոսկե մեդալ նվաճել։

Սամվել Գեւորգյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ, որ տարիներ առաջ ստիպողաբար է հաճախել ձյուդոյի, չի սիրել մարզաձեւը եւ առհասարակ չի ցանկացել սպորտով զբաղվել։ Բայց ժամանակի ընթացքում սիրել է ձյուդոն եւ իր առջեւ լուրջ նպատակներ դրել սպորտում։ Նախընտրում է մեծ երազանքների հետեւից չգնալ․ առաջին նպատակը Եվրոպայի չեմպիոն դառնալ է։ Ասում է՝ պետք է սկսել Եվրոպայից։ Օլիմպիական փառատոնում մեդալ նվաճելու հույսեր ունի։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով