23:27  AMT,  19 հուլիսի, 2017

Կարեն Ասմարյան. Վոլեյբոլի միջազգային եւ եվրոպական ֆեդերացիանները սկսել են հաշվի նստել Հայաստանի հետ

Վոլեյբոլի միջազգային եւ եվրոպական ֆեդերացիանները սկսել են հաշվի նստել Հայաստանի  հետ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, ով ամփոփեց Երեւանում անցկացված Հայաստանի առաջնությունը: Հայ վոլեյբոլիստներն այս շրջանում պատրասվում են մի քանի մրցաշարերի:

Պարոն Ասմարյան, ամփոփեք Հայաստանի առաջնությունը

Արդյունքները բավարար են: Այն թիմերը, որոնցից սպասում էինք լավ արդյունքներ, բավարար հանդես եկան: Վոլեյբոլիստների խաղաոճը փոխվել է, մարզիկներն իրենց արդյունքները բարելավել են, ավելի վստահ են խաղում: Օրինակ՝ Հայաստանի առաջնությունում որակյալ խաղ ցուցադրեց Հայաստանի լեզվաբանական ինստիտուտի թիմը: Այս ամենի կողքին կան նաեւ թույլ խաղացողներ, չպատրաստված թիմեր: Պատանեկան եւ երիտասարդական թիմերը շատ լավ հանդես եկան: Հայաստանի առաջնությունն որպես այդպիսին ստուգատես էր օգոստոսին կայանալիք մի շարք կարեւոր մրցաշարերից առաջ, որպեսզի լիարժեք պատկերացում կազմենք, թե ինչ մարզավիճակ ունեն մարզիկները, որքանով են պատրաստ մրցաշարերին, ինչ շտկումների կարիք ունենք:

Օգոստոսի 3-ից մեր վոլեյբոլիստները կմասնակցեն արեւելյան երկրների առաջնության, մինչեւ 18 եւ մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է Կազանում օգոստոսի 6-ին, մայրցամաքային գավաթի խաղարկությանը, կմասնակցենք նաեւ պատանեկան Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի:

Նախորդ տարիների համեմատ հայկական վոլեյբոլում ի՞նչ առաջընթաց կա:

Զարգացում ունենք, մեծ աշխատանք է տարվում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում, Հայաստանում արդեն կարողանում ենք անցկացնել միջազգային մրցաշարեր, իսկ նախկինում դրա մասին անգամ չէինք էլ մտածում: Մեր մարզիկներն արդեն վարկանիշային միավորներ ունեն, որոնք թույլ են տալիս առանց որակավորման փուլերի, միանգամից մասնակցել ցանցի հիմնական խաղերի: Միջազգային ֆեդերացիան, նաեւ եվրոպականը մեր հետ սկսել են հաշվի նստել, թույլ տալ՝ հյուրընկալել միջազգային մրցաշարեր:

Լողափնյա վոլեյբոլի մարզադաշտերի պակաս ունենք: Եթե Երեւանում մարզվելու տեղ շատ ունենանք, արդյունքներն ավելի բարձր կլինեն: Երեւանում ունենք լողափնյա վոլեյբոլի մարզման միայն մեկ կորտ՝ «Գրանդ Սպորտ» համալիրում: Իսկ այս մեկ կորտն իսկապես արդեն քիչ է: Այդ հարցին փորձում ենք լուծում տալ. ունենք նախնական պայմանավորվածություն եւ ծրագիր, որ Երեւանում պետք է կառուցվի 2-3 նոր կորտեր: Սա ավելի մեծ տեմպ կտա հայկական լողափնյա վոլեյբոլի զարգացմանը, քանի որ մարզաձեւն համալրում է սիրված մարզաձեւերի շարքը: Դեռեւս մանրամասները չենք հայտնի, քանի որ պայմանավորվածությունը դեռեւս հստակ չէ: Պետք է ունենանք նոր դաշտեր, հանդիսատեսի տեղերով, քանի որ լողափնյա վոլեյբոլի մրցումներն արդեն մեծ թվով հանդիսատես է հավաքում. մարդիկ սիրում են դիտել այս մարզաձեւը, երկրպագում են, հետաքրքիր է:

Արտագնա հավաքների հնարավորություն կա՞:

Այս պահին չունենք: Դեռեւս կարիքը չկա դրսում հավաքներ անցկացնել, քանի որ շատ թանկ են արտագնա մարզումները: Հայ վոլեյբոլիստների համար ամեն պայման էլ կա, որպեսզի հենց Հայաստանում անցկացնենք մեր հավաքներն ու մարզումները: Ճիշտ է, կորտը մեկն է, բայց փորձում ենք այդ մեկով որակ ստանալ:

Հայաստանում ո՞ր ձեւն է առավել սիրված՝ դասակա՞ն, թե՞ լողափնյա:

Միանշանակ դասական վոլեյբոլը, բայց այսօր արդեն մեծ մասսայականություն է վայելում նաեւ լողափնյա վոլեյբոլը: Նշեցի, որ առավել սիրված է դասականը, բայց լողափնյա վոլեյբոլում արդյունքներն ավելի բարձր են, ավելի շատ մրցաշարերի ենք մասնակցում, սպասելիքներն էլ են մեծ: 2015 թվականին Սեւանում անցկացրեցինք միջազգային մրցաշար, որն ավելի մեծ համբավ բերեց հայկական լողափնյա վոլեյբոլին: Այս տարի սեպտեմբերի 8-10-ը Երեւանում անցկացվելու է տղամարդկանց լողափնյա վոլեյբոլի արեւելյան երկրների առաջնություն՝ «Erevan open»: Առաջնությունը վարկանիշային է: Կմասնակցի 9 երկրի թիմ:

Դասական վոլեյբոլի մինչեւ 15 տարեկանների աղջիկների թիմն առաջիկայում Վրաստանում կմասնակցի միջազգային մրցաշարի: 2018-ին Հայաստանում կանցկացնենք մինչեւ 15 տարեկանների դասական վոլեյբոլի արեւելյան երկրների առաջնություն, որի հաղթողը իրավունք ձեռք կբերի մասնակցել մինչեւն 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Պարոն Ասմարյան, հիմնականում խոսում եք պատանիների եւ երիտասարդների մասին: Մեծահասակների թիմերում ի՞նչ զարգացում կա:

Ունենք շատ լավ խաղացողներ, 18, 20 տարեկան լավ տղաներ կան,  բայց բանակի խնդիր ունենք: Մեր լավ խաղացողները գնում են բանակ, զինծառայությունն ավարտելուց հետո չեն վերադառնում սպորտ: Ֆինանսավորման խնդիր ունենք: Մեծերում մեզ լուրջ ֆինանսավորումներ են պետք, որպեսզի թիմերը շատ մրցաշարերի մասնակցեն, փորձ ձեռք բերեն, իրենց արդյունքները բարելավեն: Օրինակ՝ ունենք ուժեղ խաղացող տղա, ով արդեն մեկ տարի է՝ Արցախում զինծառայության է եւ չենք կարողանում նրան մրցումների ուղարկել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...